Մշակութային

Հայկական դուդուկի լեգենդը

Ջիւան Գասպարեանի 95-ամեակը կը նշւի յոբելեանական համերգով

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիւան Գասպարեանի 95-ամեակը կը նշանաւորւի յոբելեանական գալա համերգով: Համերգային երեկոն նախատեսւած էր անցկացնել հոկտեմբերի 11-ին, սակայն այն յետաձգւել էր եւ կը կայանայ դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում: Երեկոյին կը հնչեն հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիները:

Յատուկ ծրագիր է մշակւել յոբելեանական համերգի համար: Հայկական ժողովրդական երաժշտութիւնից մինչեւ էթնօ-ջազային կոմպոզիցիաներ, հանրայայտ ֆիլմերի սաունդթրեքեր. ահա այն երաժշտական բազմաժանր ստեղծագործութիւնները, որոնց կատարումներով երջանկայիշատակ Ջիւան Գասպարեանին շնորհակալութիւն են յայտնելու անւանի երաժիշտները՝ դուդուկահար Ջիւան Գասպարեան կրտսերը, թմբկահար Արտօ Թունչբոյաջեանը, թաւջութակահար Արտեօմ Մանուկեանը, «Գաթա» բենդի տաղանդաշատ երաժիշտ ստեղնաշարային գործիքահար Գարեգին Առաքելեանը, որը նաեւ նոր գործիքաւորումներ է պատրաստել Թաթուլ Ալթունեանի անւան երգի-պարի պետական անսամբլի համատեղ կատարումների համար:

Ջիւան Գասպարեանը որպէս դուդուկահար իր առաջին քայլերն արել է հէնց այս անսամբլում եւ առաջին ելոյթները եղել են «Արամ Խաչատրեան» համերգասրահում: Երեկոյին կը ցուցադրւեն նաեւ արխիւային կադրեր Գասպարեանի կատարումներից:

Ջիւան Գասպարեանն աշխարհին դուդուկը ներկայացրել է նորովի եւ երկար տարիների յամառ ջանքերի շնորհիւ այն ամրագրել է որպէս հայկական երաժշտական գործիք: 2005 թւականին հայկական դուդուկի նւագը ճանաչւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան գլուխգործոց եւ մակագրւել է 2008-ին: 2008-ին նաեւ մեծ յոբելեանական համերգով նշւեց Ջիւան Գասպարեանի 80-ամեակը, առաջին անգամ Հայաստան էին ժամանել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ինչպիսիք են Պիթեր Գեբրիէլը, Զուկեռօն, Ալան Փարսոնս Փրոջեքթը, Անդրէաս Վոլենւաիդեռը եւ այլք: Ջիւան Գասպարեանն արժանացել է բազմաթիւ մրցանակների եւ կոչումների: Նա 1956 թւականին ստանում է առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկէ մեդալը Չորրորդ միջազգային փառատօնում ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանաւորութեան ներքոյ։ Նոյն մրցոյթին մասնակցելով՝ 1962 թւականին ստացել է արծաթէ մեդալ, 1973-ին՝ բրոնզէ, 1973 թւականին արժանացել է ՀՀ ազգային արւեստագէտի պատւաւոր կոչմանը։ 1978-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է ճանաչւել, 2000-ին՝ Երեւանի պատւաւոր քաղաքացի, 2001-ին ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալի է արժանացել, 2001-ին «Ոսկէ գլոբուս» է ստացել, 2002-ին «Womex Award» միջազգային հեղինակաւոր մրցանակին է արժանացել, 2006 թւականին ներկայացւել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի, 2017-ին «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 1-ին աստիճանի շքանշան է ստացել:

Ջիւան Գասպարեանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ: Նրանցից են Բրայեան Ինօն, Բրայեան Մէյը, Փիթեր Գեբրիէլը, Լայոնէլ Ռիչին, Հանս Զիմերը, Ջերի Գոլդսմիթը, Գրեմ Ռեւելը, Լարա Ֆաբիանը, «Կրոնոս» կւարտետը եւ այլք: Ջիւան Գասպարեանի ձեռքբերումները կարելի է անվերջ թւարկել: Դուդուկի մեծ վարպետը տասնեակ տարիներ պատւով ներկայացրել է աշխարհին հայ մշակոյթը, համերգներով հանդէս է եկել աշխարհի գրեթէ բոլոր հեղինակաւոր բեմերում՝ հաւատարիմ մնալով հայ մշակոյթին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button