Հայաստան - Արցախ

Ո՞վ էր Տաւուշում ծնւած Արտակ եպիսկոպոս Սմբատեանցը, ով գնդակահարւեց 1937 թւականին

Զ. ՇՈՒՇԵՑԻ

 

Հայոց եկեղեցու պատմութեան մէջ միշտ եղել են բացառիկ հոգեւորականներ, ովքեր կատարել են բազմաբեւեռ եւ բազմաժանր գործունէութիւն եւ չեն բաւարարւել միայն հոգեւոր գործառոյթով: Նմանատիպ հոգեւորականները սակաւ են, սակայն մեծ հետք են թողել ո՛չ միայն Հայոց եկեղեցու պատմութեան մէջ, այլեւ Հայոց պատմութեան էջերում: Նմանատիպ կերպարներից է եղել Արտակ եպիսկոպոս Սմբատեանցը:

Արտակ եպիսկոպոս Սմբատեանցը ծնւել է Տաւուշի մարզի Տաւուշ գիւղում՝ 1876 թւականին: Նա կրթութիւն է ստացել ժամանակի լաւագոյն կրթական կենտրոններում: Մասնաւորապէս ծննդավայրում կրթութիւն ստանալուց յետոյ սովորել է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցում, ապա՝ «Գէորգեան» ճեմարանում: «Գէորգեան» ճեմարանում կայանալուց եւ հոգեւոր կոչում ստանալուց յետոյ 1899-1902 թւականներին սովորում է Դորպատի համալսարանում, ինչն այդ ժամանակաշրջանում հասու չէր բոլորին: Վերադառնալով հայրենիք՝ 1903 թւականին նա ձեռնադրւում է վարդապետ, եւ սկսւում է նրա բեղուն աշխատանքային շրջանը հոգեւոր եւ աշխարհիկ ոլորտներում:

Արդէն իսկ 1922 թւականին Գէորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Արտակ վարդապետը ձեռնադրւում է եպիսկոպոս: Հարկ է նշել, որ եպիսկոպոսն այնքան ամուր եւ հաստատուն գործունէութիւն էր վարում ցանկացած ոլորտում, որ պարբերաբար վերադառնում էր նախորդ պաշտօնին, որպէսզի կարողանար համակարգը հաստատուն պահել, ինչպէս նաեւ նպաստել արդիւնաւէտ աշխատանքի շարունակականութեանը: Նա կարեւոր հասարակական գործունէութիւն է ծաւալել յատկապէս 1914-1920-ական թւականներին.

«Գէորգ Ե կաթողիկոսը իր կոնդակով Արտակ վրդ. Սմբատեանցին նշանակում է Ալեքսանդրապոլի «Եղբայրական օգնութեան» կոմիտէի նախագահ (1915-1916): Նրա օրօք է, որ ընդունւել եւ խնամւել են արեւմտահայ 50 հազար գաղթականներ, նրանց համար ստեղծւել են 16 հանրակացարան, բացւել նախապատրաստական 11 դպրոցներ, հիւանդանոց եւ այլն եւ այլն: 1920 թ. հոկտ.-ի 11-ին Ալեքսանդրապոլում կայացած անդրանիկ թեմական պատգամաւորական ժողովը Արտակ ծ. վ. Սմբատեանցին միաձայն ընտրեց Շիրակի նորահաստատ թեմի առաջնորդ: 1922-1927 թթ. նա հաստատւել է իբրեւ Սիւնեաց թեմի առաջնորդ եւ Տաթեւի վանքի առաջնորդ-վանահայր»: (Տե՛ս՝ Սուրէն Ե. Քոլանջեան «Արտակ եպիսկոպոս Սմբատեանցը եւ նրա՝ Մայր Աթոռի տպարանի պատմութեան մասին գրած երկը», «Էջմիածին», 1973, N Զ, էջ 28):

Արտակ եպիսկոպոսը շատ բուռն գործունէութիւն է ծաւալել նաեւ հոգեւորականների եւ Հայոց եկեղեցու իրաւունքները պաշտպանելու գործում: Նա այդ բուռն պայքարը մղում էր Խորհրդային իշխանութիւնների դէմ այն բարդ ժամանակահատւածում, երբ դրւում էին եկեղեցու ոչնչացման հիմքերը.

«Արտակ եպիսկոպոսի ուշադրութեան կենտրոնում է եղել եւ քահանաների թշւառ ու հալածական վիճակը: Նա իր գրաւոր բողոքներով ու դիմումներով խնդրում եւ պահանջում էր իշխանութիւններից փոխել վերաբերմունքը հոգեւորականների նկատմամբ, վերջ տալ բռնի ուժի ու ահաբեկչութեան կիրառմանը՝ դժբախտաբար միշտ հանդիպելով բիրտ վերաբերմունքի կամ մնալով անպատասխան»: (Տե՛ս՝ «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» Գիրք Գ, Երեւան, 1997 թւական, էջ 8):

Իր պայքարն ու գործունէութիւնը շարունակելով՝ Արտակ եպիսկոպոսը 1933 թւականին նշանակւում է դիւանապետ, իսկ 1935 թւականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի լիազօր ներկայացուցիչ Արարատեան հայրապետական թեմում: Սակայն 1937 թւականը չէր կարող չնկատել յատկապէս Արտակ եպիսկոպոս Սմբատեանցին.

«1937 թ. ապրիլի 13-ին հերթը հասաւ Արտակ եպիսկոպոս Սմբատեանցին: Այդ օրը նա ձերբակալւեց Երեւանի առաջնորդարանում: Յաջորդ օրը Մ. Աթոռի Երէմեան շէնքում նրա բնակարանը խուզարկւեց: Տարիներ շարունակ հետապնդւելուց, անլուր հալածանքների, չարչարանքների ենթարկւելուց յետոյ հերթը հասաւ Չեկայի զնդաններում ստեղծագործւող կտտանքներին… Մնացածը յայտնի է՝ օգոստոսի 31-ին գնդակահարութիւն»: (Նոյն տեղում՝ էջ 8):

Եպիսկոպոսի ձերբակալման թոյլտւութեան օրդերը կնքել է Մուղդուսին, ով յայտնի է իր հակահայկական ու արիւնարբու գործունէութեամբ յատկապէս 1937 թւականին: Խուզարկութեան արձանագրութեան մէջ նշւած է, որ խուզարկութեան ժամանակ առգրաւել են 5 մատեաններ, 15 հատ, այսպէս կոչւած, ազգայնամոլական գրքեր, ինչպէս նաեւ անձնական նամակներ:

Բացառիկ է Արտակ եպիսկոպոս Սմբատեանցի կատարած մշակութային եւ հոգեւոր գործունէութիւնը, ինչպէս նաեւ կատարած թարգմանչական, գրական, գեղարւեստական գործունէութիւնը: Նրա ժամանակակիցները յատկապէս ընդգծում են եպիսկոպոսի վարած հասարակական, ինչպէս նաեւ քաղաքական հաստատուն գործունէութիւնը, ով մինչեւ վերջ պայքարեց եկեղեցու եւ հոգեւորականների իրաւունքների համար: Եպիսկոպոսը կարեւորում էր պետութեան եւ քաղաքացու դերը, ինչի մասին խօսում է 1927 թւականի նոյեմբերի 6-ին Գիւմրիի Սուրբ Աստւածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ կատարւած իր քարոզում.

«Պետութեան գործը մարդկային ընկերական կեանքի շահերը պաշտպանելու մէջ է սահմանափակւում, պետութիւնն է ապահովում ամէն մի քաղաքացու իրաւունքն ու պարտաւորութիւնը: Կառաւարութեան ամենաբարձր ու վսեմ գաղափարը արդարութեան ու խղճի պաշտպանելն է: Կառավարութիւնը իւր քաղաքացու բարոյական պատկերն է…»: (Նոյն տեղում՝ էջ 10):

168.am

Related Articles

Back to top button