Տաւուշի շուրջ ընդդիմադիր եւ վարչապետ Փաշինեանի քաղաքական հաշւարկները. ինչ 3 տարբերակ էր առաջարկւում 2015 թ.
Նիկոլ Փաշինեանն այսօր (մարտի 12-ին, Խմբ.) լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է, որ երբեք ոչ մի քննարկման ժամանակ խօսք չի եղել ու չի լինի Տաւուշի մարզի որեւէ գիւղ Ադրբեջանին յանձնելու մասին:
«ՀՀ տարածքում նման անուններով գիւղեր երբեք չեն եղել, որոնց անունները նշւում է ադրբեջանական մամուլում, ընդորում, ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլեւ դրանից յետոյ»,- ընդգծել է նա՝ յաւելելով, որ նախկին սահմանը, որ ԽՍՀՄ-ի ժամանակ գոյութիւն է ունեցել, այդ սահմանից այն, ինչ գտնւում է դէպի այն կողմ՝ Ադրբեջան է, ինչ գտնւում է այս կողմում՝ Հայաստան։
Ինչ-որ մէկը սա կը մեկնաբանի՞, որ Փաշինեանն ասում է՝ այն գիւղերը, որոնք համարում էք հայկական կամ Տաւուշի մարզինը, դա բոլորովին էլ այդպէս չէ՝ դրանք ադրբեջանական են: Բայց իրականում մենք Ադրբեջանին ենք յանձնելու ռազմավարական նշանակութեան ճանապարհներ, քանդւում է Տաւուշի մարզի ամուր պաշտպանական գիծը, կորցնում ենք ադրբեջանական դիրքերի նկատմամբ մեր այսօրւայ գերակայ դիրքերը:
Թէ ինչ ենք կորցնելու Տաւուշի մարզ ԽՍՀՄ քարտէզի հասնելուց՝ վտանգների մասին մենք զգուշացնում ենք առնւազն 3 տարի:
Մասնագէտների կարծիքով, եթէ ԽՍՀՄ քարտէզը «հասնի» Տաւուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու:
Օրինակ, յուլիսեան դէպքերից յայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չէզոք գօտի, Շամշադինից, Նոյեմբերեանից դիրքեր կարող ենք կորցնել:
Տաւուշում ԽՍՀՄ քարտէզի կիրառման դէպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարաւոր է՝ մենք այլեւս չկարողանանք օգտւել, եւ Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտէզի՝ իրենց տարածքով է անցնում:
Այսինքն, այս դէպքում մենք կը կորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջեւան-Բերդ), Կիրանցի եւ Ոսկեպարի հատւածները (Իջեւան-Նոյեմբերեան) եւ ոչ միայն:
Իսկ Նիկոլ Փաշինեանն ասուլիսի ժամանակ, բնականաբար, այս ամէնը նոյն գոյներով չի ներկայացրել, որ տեղի գիւղերը յայտնւելու են շրջափակման մէջ, եւ ոչ միայն:
«Օրինակ, Ոսկեպար գիւղի հատւածում ճանապարհի մի կտոր դէ իւրէ ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Նախկինում քննարկումների այդպիսի ֆոն կար, որ կարող է այնտեղ ճանապարհ կայ, եւ այլն, այդ հարցը լուծենք հետեւեալ կերպ՝ այդ ճանապարհի հատւածը պահենք, ուրիշ տեղից համարժէք չափով տանք, եւ այլն: Բայց ես հիմա եկել եմ այն եզրակացութեան՝ պէտք չէ այդպէս վարւել, որովհետեւ դա ստեղծում է լրացուցիչ անորոշութիւն: Եւ պէտք է գնալ, մի քանի փոքր կտոր կայ. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դէ իւրէ հայկական սոցիալիստական հանրապետութիւնից, ոչինչ, մի քիչ կը վերակառուցենք այլ կերպ: Ես արդէն այդ յանձնարարականը տւել եմ, եւ առաջիկայում կը գնամ եւ մեր էս գիւղերի բնակիչներին կը բացատրեմ՝ ինչ եմ մտածում եւ ինչու եմ էդպէս մտածում»,- ասել է նա:
Այսինքն, Նիկոլ Փաշինեանը որոշել է արդէն՝ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը սկսւելու է Տաւուշի մարզից:
«Բանակցային գործընթացում երբեմն եղել է տպաւորութիւն, որ մենք կարող ենք որոշակի իրողութիւններ հաշւի առնելով՝ տարածքների որոշակի փոխանակումներ անել այն իմաստով, որ չնայած դէ իւրէ սահմանն այստեղ է, բայց դէ ֆակտօ իրողութիւնները նկատի ունենալով՝ ինչ-որ փոփոխութիւններ անենք։ Նման հնարաւորութիւնները մեծ չեն ու կարող են դեֆորմացնել գործընթացը, լրացուցիչ ռիսկեր բերել,- մանրամասնել է Փաշինեանը՝ յաւելելով,- եթէ ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների հիման վրայ ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պէտք է վերակառուցել, որպէսզի դրանք անցնեն ՀՀ դէ իւրէ տարածքով, որ այդ ոլորտում խնդիրներ չունենանք»:
Այստեղ, ըստ էութեան, Նիկոլ Փաշինեանը, որ ժամանակ առ ժամանակ խօսում է սահմանների ճշգրտման գործընթացի իրաւական հիմքերի մասին, ակամայ խոստովանում է, որ ամէն ինչ ոչ թէ որոշւում եւ որոշւելու է դէ իւրէ կամ ըստ իրաւունքի, այլ դէ ֆակտօ իրողութիւնների:
Իսկ այն, որ Նիկոլ Փաշինեանը պատրաստ է յանձնել Տաւուշի գիւղերը, նորութիւն չէ, այդ մասին նա պարզ տեքստով խօսել էր 2023 թւականի մայիսին Պրագայում «Ազատութիւն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում, որին 168.am-ը մանրամասն անդրադարձել է, այդ թւում՝ պարզաբանելով այս տարածքից զօրքի յետքաշման առաջարկի վտանգները, որը Փաշինեանն արել էր:
«Մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կայ. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրւի եւ դիտարկւի, իրենք ասում են՝ սահման չկայ, դելիմիտացւած սահման չկայ: Մենք ասում ենք՝ եթէ դելիմիտացւած սահման չկայ, դուք ո՞նց էք որոշում՝ մատը որ դնում էք քարտէզի վրայ, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զօրքը, ասենք, կանգնած է Պառաւաքարում իքս կէտի վրայ, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զօրքն է կանգնած:
Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թւականի քարտէզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պէտք է իրաւական հիմքերը նայենք:
Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զօրքը կանգնած է այս գծի վրայ, եւ պէտք է այդ գծից յետ քաշւի, էդ սկզբունքօրէն համաձայն ենք, բայց պիտի յետ քաշւի, գնայ որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշւում:
Նշանակում է՝ այդտեղ կայ սահման, եթէ կայ սահման, ուրեմն եկէք վերցնենք էդ սահմանը, եւ ադրբեջանական զօրք սահմանի գծից էս կողմ պէտք է չլինի, հայկական զօրք սահմանի գծից էն կողմ չպէտք է լինի:
Շատ հնարաւոր է՝ ոչ թէ դա տեղի ունենայ, նոր ստորագրւի խաղաղութեան պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրւի այն մասին, թէ դա ֆիզիկապէս ինչպէս եւ ինչ ժամկէտներում պէտք է տեղի ունենայ:
Մենք պատրաստ ենք՝ ոչ թէ իրենք յետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր յետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պէտք է գրւի եւ ստորագրւի այնպէս, որ տարընթերցման տեղիք չտայ»,- ասել էր նա:
Հետաքրքիր է, որ ընդդիմադիր, այնուհետեւ իշխանութեան ղեկը նոր զաւթած Նիկոլ Փաշինեանը զգում էր այսօրւայ իր տրամաբանութեան վտանգները, ինչի մասին մենք ժամանակին գրել ենք:
Աւելին, 168.am-ը՝ «2016 թ. Փաշինեանին մտահոգում էր Տաւուշի անվտանգութիւնը, 2020 թ. պլանները փոխւեցին. «Հայկական ժամանակի» յօդւածն ու գեներալի դէմ արշաւը» վերտառութեամբ յօդւածում ուշագրաւ ակնարկներ էր արել նաեւ յուլիսեան մարտերի եւ Գրիգորի Խաչատուրովի հեղինակութեանը վնասելու համատեքստում, որը դուրս է մնացել ուշադրութիւնից:
Մենք յիշեցրել էինք Նիկոլ Փաշինեանի ընտանեկան թերթում 2016-ին տպագրւած՝ «Որդի Խաչատուրովի արկածները» վերտառութեամբ յօդւածը:
2016 թւականի յուլիսի 7-ին, նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակւել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկէտով։
Օրեր անց «Հայկական ժամանակը» վերոյիշեալ յօդւածում գրել էր. «Սերժ Սարգսեանը հինգշաբթի օրը ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Իւրի Խաչատուրովի որդուն՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, նշանակեց Պաշտպանութեան նախարարութեան երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկէտով: Ընդորում, նրան այդ պաշտօնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օննիկ Գասպարեանին՝ նշանակելով արդէն Իւրի Խաչատուրովի տեղակալ»:
Այսինքն, շեշտը դրել են ոչ թէ նրա վրայ, որ Սերժ Սարգսեանն Օննիկ Գասպարեանին նշանակել է ԳՇ պետի տեղակալ (2017-ին նա նշանակւեց ԳՇ պետի առաջին տեղակալ), այլ փորձել են ինտրիգ մտցնել՝ գեներալ Օննիկ Գասպարեանին ազատել են յանուն Իւրի Խաչատուրովի որդու՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովի:
Այնուհետ Նիկոլ Փաշինեանի ընտանեկան թերթը եւ զրուցակից ազատամարտիկ Սուրէն Սարգսեանը, ըստ էութեան, կասկածի տակ էին դրել նրա մասնագիտական կարողութիւնները:
«Եւս մի կարեւոր հանգամանք. երրորդ բանակային կորպուսն իր մէջ ներառում է Տաւուշի մարզի ողջ զօրամիաւորումները: Իսկ Տաւուշը, ինչպէս գիտենք, պաշտպանական առումով բաւականին վտանգաւոր հատւած է: Ադրբեջանը հայկական սահմանները հէնց այդ հատւածից է պարբերաբար գնդակոծում եւ երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հէնց երէկ ադրբեջանական զինուժը մօտ մէկ ժամ հրաձգային զէնքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական աւտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրայ»,- 2016 թւականի յուլիսեան այս յօդւածում գրել էր «Հայկական ժամանակի» յօդւածագիրը:
Իր հերթին՝ ազատամարտիկ Սուրէն Սարգսեանը լրացրել էր.
«Ես էլ եմ լսել Գրիգորի Խաչատուրովին առնչւող այդ պատմութիւնները: Եւ եթէ այդ տարածքում նա ինչ-որ պահի չկարողանայ արդարացնել իրեն, ապա ծանր արդիւնքներ կը բերի թէ՛ նշանակողի, թէ՛ բոլորիս համար: Նշանակելն իրենց գործն է, թող նշանակեն, բայց եթէ նա սխալւի, կունենանք լուրջ խնդիրներ: Բայց ես չեմ ցանկանում, որ իրենց այդ նշանակումների պատճառով մենք նորից անտեղի զոհեր ունենանք»:
Յուլիսեան մարտերից առաջ, դրա ընթացքում եւ յետոյ արդէն գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասնագիտական հզօր կարողութիւնների մէջ Նիկոլ Փաշինեանը եւ իր թիմը համոզւեցին՝ արձանագրելով դիրքային լրջագոյն յաջողութիւններ, եւ, որ Տաւուշի անվտանգութիւնը յուսալի ձեռքերում է, բայց արդէն վաղուց պլանները փոխւել էին:
Իսկ 2019-ի օգոստոսի 19-ին այսօր արդէն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում ոգեւորւած գրառումներ էր անում, նախ՝ «Հայաստան մտնող գազամուղի անվտանգութիւնն ապահովւած է, Չինարին էլ չի կարող գնդակոծւել», այնուհետեւ սա մի փոքր սրբագրել էր՝ «Չինարիի հատւածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առաւելութիւնը»:
Իշխանական մամուլը եւս խմբագրականներ էր գրել այս մասին:
«Ադրբեջանի սահմանապահ ծառայութիւնը, որը 2018 թ.-ի դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի եւ Աղսթաֆայի հատւածի (շրջանները սահմանակից են Տաւուշի մարզին) պահպանութիւնը, սահմանի տւեալ հատւածներում ակտիւօրէն նախաձեռնել էր ինժեներական եւ ամրաշինական աշխատանքներ: Միեւնոյն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայութիւնը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ եւ նոր բնագիծ զբաղեցնել Պառաւաքարի բարձունքի շրջանում:
Տւեալ խնդրի իրականացման դէպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովւակաշարը եւ Հայաստան-Վրաստան աւտոմայրուղու որոշ հատւածներ կը յայտնւէին ադրբեջանական կողմի խոցման տիրոյթում: Սակայն հայկական կողմի գործողութիւնների արդիւնքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջեւ դրւած խնդիրը, այլեւ սահմանի որոշ հատւածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ Զինւած ուժերը, մասնաւորապէս, բարելաւել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում եւ ամրապնդւելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
Սահմանային գօտու արբանեակային լուսանկարների վերլուծութիւնը փաստում է, որ հայկական ուժերի լիարժէք վերահսկողութեան տակ են գտնւում մեր երկրի համար կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցող՝ Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովւակաշարը եւ Հայաստան-Վրաստան աւտոմայրուղին, ինչպէս նաեւ ադրբեջանական մի քանի գիւղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիւ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգութեանը սպառնացող ռիսկերը նւազել են, այնուամենայնիւ, հաշւի առնելով տեղի լանդշաֆտի առանձնայատկութիւնները՝ բացարձակ անվտանգութեան մասին խօսել հնարաւոր չէ»,- մասնաւորապէս, գրել էր «Արմէնպրեսը»:
Յաւելենք, որ Տաւուշի մարզում՝ 3-րդ բանակային կորպուսի արդէն նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի անմիջական ղեկավարութեամբ իրականացւած օպերացիայի արդիւնքում ունեցանք վերը նշւած իրավիճակը:
Նիկոլ Փաշինեանն այսօրւայ ասուլիսի ընթացքում, ինչպէս նշեցինք, Տաւուշի հետ կապւած այլ սկզբունքներ է նշել, ըստ որոնց՝ ԽՍՀՄ փլուզման պահին դէ իւրէ գոյութիւն ունեցած սահմանը, Ալմա Աթայի հռչակագրով, որը վերահաստատւել է Պրագայում, դարձել է միմեանց տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու հիմք:
Մինչդեռ 2015-2016 թւականներին Տաւուշի ճակատագրի եւ անվտանգութեան վերաբերեալ այլ տարբերակներ էին առաջ քաշւում: Մասնաւորապէս, 2015 թւականին «Հայկական ժամանակում» տպագրւած «Մարտական լուրեր Մովսէսից» վերնագրով յօդւածում անանուն յօդւածագիրն անդրադարձել էր Հայաստանի սահմանամերձ շրջաններին ու գրել, որ շարունակում են պատերազմականին շատ մօտ լուրեր ստացւել. «Ի տարբերութիւն Ղարաբաղի շփման գծի, Տաւուշի մարզում քաղաքացիներն անմիջականօրէն զգում են ադրբեջանական զօրքերի ակտիւութիւնը: Խնդիրն այն է, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի մօտակայքում բնակավայրեր չկան, եւ Ղարաբաղում նրանք չեն կարողանում խոցել հայկական բնակավայրեր: Կարծում ենք նաեւ այս է պատճառը, որ ադրբեջանցիները ակտիւութիւն են ցուցաբերում Տաւուշի մարզում: Նրանց անհրաժեշտ է, որ պատերազմի շունչը զգայ քաղաքացիական բնակչութիւնը եւ ոչ միայն բանակը: Միեւնոյն ժամանակ, Տաւուշի մարզի սահմանապահ գիւղերի բնակիչները շատ տրամաբանական հարց են բարձրացնում. ինչքա՞ն կարող է այս ամէնը շարունակւել: Հասկանալի է, որ մարդիկ անդադար ստրես են տանում՝ մահւան անընդհատ սպառնալիքի տակ ապրելով: Մեր տեղեկատւութիւնը վկայում է, որ սահմանամերձ գիւղի բնակիչները այս խնդրի կոնկրետ լուծում են պահանջում»:
Այնուհետեւ հեղինակն ընթերցողին առաջարկել էր խնդրի լուծման իր տարբերակները.
«Եւ հարցը, ըստ էութեան, կարող է լուծւել երեք տարբերակով:
Տարբերակ 1– Հայկական Զինւած ուժերը ոչնչացնում են Մովսէս-Այգեպար-Ներքին Կարմիրաղբիւր-Չինարի հատւածում գտնւող ադրբեջանական դիրքերը: Նման իրական հնարաւորութիւն կայ, որովհետեւ մեր բազմաթիւ դիրքեր այս հատւածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ, եւ մեր բանակն ունի դիրքային էական առաւելութիւն:
Տարբերակ 2- Կայուն խաղաղութիւն է ձեռք բերւում բանակցութիւնների ընթացքում: Ի դէպ, ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը այսօր մեկնում է Գերմանիա, որտեղ, ըստ ամենայնի, հանդիպումներ կունենայ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Տարբերակ 3- Կրակոցների, յարձակումների երկարատեւ շարքի հետեւանքով սահմանապահ գիւղերը կամաց-կամաց կը դատարկւեն, որովհետեւ մարդիկ իսկապէս չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ:
Պրոցեսները ցոյց են տալիս, որ մեծ հաշւով՝ Հայաստանը պէտք է ընտրի այս երեք տարբերակներից մէկը: Լաւագոյնը, իհարկէ, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողութիւնները կասկածի տակ են դնում դրա ռէալութիւնը: Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի: Եւ պրոցեսների այսպիսի շարունակութեան դէպքում կարծես թէ առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու: Տեղի զինւորականները մեր թղթակիցների հետ շփումների ընթացքում ասում են, որ այս հատւածի ադրբեջանական դիրքերը գրաւելը իրատեսական է ռազմական առումով: Իսկ թէ նման գործողութիւնը ի՞նչ ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներ կառաջացնի՝ դա արդէն քաղաքական հաշւարկի հարց է»:
Նիկոլ Փաշինեանի այսօրւայ խաղաղութեան օրակարգը, գուցէ ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանի կայուն խաղաղութեան ձգտման համատեքստում յանգեցնելու է վերեւում նշւած 3-րդ տարբերակին, որովհետեւ Տաւուշում զիջումների ճանապարհով կորցնելու ենք մեր անվտանգային դիմադրողականութիւնը նաեւ այս հատւածում:
Ի դէպ, դեռ երկու տարի առաջ 168.am-ը գրել էր, որ ադրբեջանական կողմը մի քանի նոր ճանապարհ է պատրաստւում կառուցել դէպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղութեամբ, աւելին՝ Բերքաբերի «բերանով»:
Աւելի կոնկրետ՝ ճանապարհ է փորւել ոչ միայն Ղըզըլհաջըլի (ադրբ.՝ Qızılhacılı) գիւղի հատւածում, որը հարաւ-արեւմուտքում սահմանակից է Հայաստանի Բերքաբեր գիւղին, արեւմուտքում՝ Բերքաբերի ջրամբարին, այլեւ առաջ են եկել դէպի ջրամբար ու փորել, քանդել նաեւ մեր տարածքում՝ սահմանից ներս:
Ընդդիմադիր եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Տաւուշի հետ կապւած եղած եւ փոփոխւած պլանները գալիս են ապացուցելու, որ 2020 թւականի յուլիսեան մարտերի հետ կապւած, մեղմ ասած, Նիկոլ Փաշինեանը տարբեր յետին մտքեր է ունեցել՝ դա կարող էր վերաբերել անձամբ Գրիգորի Խաչատուրովին, 2018-ի իշխանափոխութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանը Իւրի Խաչատուրովի որդուց միանգամից չազատւեց, որովհետեւ, թերեւս, յետին նպատակներ կային: Փաշինեանին գուցէ թւում էր, որ Գրիգորի Խաչատուրովը կարող է չյաղթահարել յուլիսեան սադրանքը, որը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կարծիքով, հրահրել էր Փաշինեանի իշխանութիւնը:
Այս մարտերն իրենց դերակատարումն ունեցան 2020 թւականի պատերազմի լինելու համատեքստում, ինչն արդէն Փաշինեանն էր ընդունել: Չմոռանանք նաեւ Թուրքիային ուղղւած այն մեսիջը, երբ պարգեւատրումը տեղի ունեցաւ Սարդարապատում՝ 44-օրեայից մէկ ամիս առաջ եւ առանց ՀՀ նախագահի:
Ինչեւէ, այսօր Նիկոլ Փաշինեանը ոչնչացնելով այդ մարտերի արդիւնքները, ըստ էութեան, ուժը կորցրած է ճանաչում յուլիսեան յաղթանակների համատեքստում բաժանած մեդալները՝ 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան, ինչպէս նաեւ՝ կապիտան Ռուբէն Սանամեանին Ազգային հերոսի կոչում էր շնորհւել:
Աւելին, Նիկոլ Փաշինեանը վաղուց ուժը կորցրած է ճանաչել Զինւած ուժերի սահմանադրական պարտականութիւնները, որի հետ զինւորականութիւնը համակերպւել է: Բանակը պարտւել է Նիկոլ Փաշինեանին եւ զիջել անվտանգութեան երաշխաւորի իր լեգիտիմ առաքելութիւնը: Եւ այնպէս չէ, որ սա 2020 թւականի 44-օրեայ պատերազմի արդիւնքում եղաւ, այս ծրագիրն աւելի վաղ էր մշակւել, առաջիկայում կը խօսենք հայ զինւորականի կերպարի ռեւոլիւցիայի մասին: