ՀարցազրոյցՄարզական

Միջազգային աւտոարշաւորդ Արամ Մարտիրոսեանի հետ՝ առանց ամրագօտիների

Սկաուտի սպիտակ սուտից՝ արագութեան ճշմարտութիւն

Վերջերս էր, երբ լրահոսում յայտնւեց Հայաստանի եւ Իրանի միջեւ «Քարնէ»-ի գծով համաձայնագրի մասին լուրը: Լուրի մասին նշումը պայմանաւորւած է նրանով, որ համաձայնագրի կայացման աշխատանքների առանցքային դերում էր իրանահայ անւանի աւտոարշաւորդ, ռալի մրցումների բազմակի չեմպիոն Արամ Մարտիրոսեանը:

Արամը մասնագիտութեամբ ճարտարապետ է: Հ.Մ.Ա.Կ.-ի նախկին սկաուտ՝ նա դեռ մանկուց է երազել աւտոարշաւների մասին: Նրա ասութեամբ մէկ-մէկ սկաուտական աշխատանքները «պտտացնում էր» ու մարզաւան գնալու փոխարէն ոտքը թեքում էր դէպի Թեհրանի «Ազադի»-ի մրցուղի:

Մի անգամ պատահաբար, երբ հայրը մարզաւան է գնում նրան սկաուտական աշխատանքներից տուն բերելու, ջրի երես է դուրս գալիս Արամի բացակայութիւնների պատմութիւնը: Հայրը զարմացած կամ զայրացած հարցրել է ո՞ւր էիր: Բայց Արամի տւած պատասխանն աւելի է զարմացնում նրան: Արամը պատասխանել էր «պիստ»-ում էի: Հայրն էլ՝ բա ոչ ձիւն կայ ոչ էլ եղանակն է դահուկավազքային: Յետոյ, երբ լսում է, որ տղան աւտոարշաւի էր գնացել արդէն ինքն է դառնում քաջալերողն ու հովանաւորը՝ Իրանի աւտոարշաւի ապագայ չեմպիոնի:

Արամը հպարտօրէն պատմում է իր մրցաշարային ֆորմայի մասին, որը դիմացից Իրանի ու Հայաստանի ազգային դրօշներով վահանի պատկեր է յուշում: Նրա ասութեամբ սա եղբայրութեան խորհրդանիշ լինելուց բացի, յարգանքի դրսեւորում է մեր էութիւնը կազմող ինքնութեան նկատմամբ:

Արամը արագութեան ու էքստրիմի սիրահար է: Նոյն յաջողութեամբ էլ դահուկ է քշում:

Արամի հետ զրուցելիս անմիջապէս քեզ այնքան հարազատ ես զգում, որ ստիպւած մատդ նշան ես անում, որ հակառակ սովորութեան չանցնես «դու»-ի:

«…թող անցնի, ոչինչ, կարեւորը աւելի հանգիստ եմ պատասխանելու»,- ասում է Արամն ու անցնում ենք առաջ:

Հարց- Մինչեւ դու-ի անցնելը տամ դուք-ովի վերջին, բայց երեւի շատ մարդկանց յուզող հարցերից մէկը: Քիչ չեն Հայաստան այցելող մարդիկ, ովքեր սեփական աւտոմեքենայով են ճամբորդում: Թղթաբանութիւններ, վճարումներ, յետոյ նորից մաքսատան թղթաբանութիւններ ու վճարումներ, ապա հայկական կողմում նոյն գործընթացը, որի օրինականութեան մասին միշտ մշուշային կասկածներ են լինում: Պատճառների վրայ չխորանանք: Ուղղակի հիմնական հարցը սա է, իրանական կողմում միջազգային վկայագիրն ու վճարումները, ինչու են կրկնւում հայկական կողմում, բա էլ ինչն էին միջազգային դարձնում:

Արամ Մարտիրոսեան- Ճիշտ այդպէս: Չնայած սովորութիւն կայ խնդիրը տեսնել դիմացի մայթում, ինչպէս մեր դէպքում: Բայց փաստ է, որ հայկական կողմը չի ունեցել նման փորձ՝ միջազգային տրանսպորտի հարցում: Բնական է յստակեցւած օրէնքի կէտ չունենալու դէպքում, փորձ է արւել սայլը տեղից շարժելու համար մի բան մշակելը: Ձեր ասած վճարումներն էլ նոյն տեսակից են: Մի անգամ շատ են գանձում, յաջորդ անգամ աւելի քիչ, դու էլ, նրանք էլ, չգիտեն ինչը ինչպէս: Մի մասը շրջակայ միջավայրինն է, միւսը՝ ճանապարհային անվտանգութեան, եւ այլն… Իսկ, եթէ անկեղծ, ապա «Քարնէ»-ով այդ խնդիրը մշտապէս լուծւում է: Կողմերն ունեն համաձայնագիր, ինչպէս «ԱԼԻՔ»-ն էլ ժամանակին լրատւութիւն արեց այդ մասին, անդրադարձաւ ժամանակին:

Բայց «Քարնէ»-ով կարելի է մեքենայի հետ կապւած վճարումները անհամեմատ թեթեւացնել եւ այն տեսնել «մէկ պատուհան» ձեւաչափում: Այսինքն, իրանական կողմում ձեւակերպումներ անելիս մի անգամ վճարում ես ու մի քանի ամիս առանց մաքսատուրքերի սահմանից անցնելու հնարաւորութիւն ստանում: Հայկական կողմում էլ չեն լինելու նախկինի պէս անորոշութիւն, չնայած տրամաբանական է, եթէ բացառութեան կարգով շրջակայ միջավայրի համար լինեն վճարումներ: Իրանական կողմը պատրաստակամութիւն է յայտնել Հայաստանին հովանաւորել, որպէսզի առանց ձեւականութիւնների ու ժամանակի կորստի, որպէս լիիրաւ կողմ անդամակցել «Քարնէ» միջազգային կազմակերպութեանը:

Հարց- Մտածեցի ժամանակն է ընդհատել, բայց նոր հարց ծագեց: Ե՞րբ են ուղեւորներն արժանանալու նման պատւի:

Արամ Մարտիրոսեան- Առայժմ կողմերի միջեւ փոխըմբռնման յուշագիր կայ միայն: Իսկ այդ յուշագիրը յուսով ենք պաշտօնական պայմանագրի տեսք ստանայ գարնանը, որով խորհրդանշանական մեկնարկը կը տրւի «Ընտանեկան ռալի»-ով, ինչին ընտանիքները կարող են մասնակցել սեփական մեքենաներով եւ ռալի ձեւաչափով աւտոարշաւի մասնակիցը լինել: Նախատեսւած է անցնել Սիւնիքը եւ հասնել մարզկենտրոն՝ Կապան: Սա խորհրդանշական կը լինի երկու երկրների հազարամեայ սահմանը կարեւորելու առումով նաեւ:

Հարց- Անցնենք առաջ: Չնայած դժւար թէ ձեզանից առաջ անցնելը հեշտ լինէր: Ինչ աւտոմեքենայ էք վարել առաջին մրցոյթում:

Արամ- Երեւի վատ չէր լինի ասել, որ մրցաւտոներն ունեն յատուկ չափորոշիչներն ու դասակարգումները: Շարժիչի տարողութիւնն ու մեքենաների հզօրութեան յատկանիշերը եւ այլն: Եթէ շատ չխորանանք, ապա իմ առաջին աւտոմեքենան 1600 cc «Գոլֆ»-ն էր, ապա ձեռք բերեցի գերմանական «Շիրաքօ»-ն, որը շուտով արժանացաւ հանդիսատեսի համակրանքին ու տեսնելիս կոչում էին «շիրաֆքան» (առիւծասպան):

Հարց- Քանի՞ տարեկանում:

Արամ- 18-ս նոր էի բոլորել:

Հարց- …տնեցիք ի՞նչ կարծիքի էին:

Արամ- Հայրս իմ ամենամեծ հովանաւորն էր:

Հարց- Ինչո՞վ էր տարբերւում քաղաքային երթեւեկից:

Արամ- Կատա՞կ էք անում: Քաղաքում մարդիկ աւելի արագ են վարում (ծիծաղում է):

Հարց- Մի քիչ հեռու կը գնամ մինչեւ հարցին վերադառնալը: Ժամանակին հարց էր ծագել մտքումս, որ շախմատն ինչ կապ ունի մարզանքի եւ առհասարակ ինչ մարզաձեւ է: Նոյնը կուզենայի հարցնել աւտոսպորտի մասին…

Արամ- Ես էլ գիտէի նախորդ հարցը կատակ է: Աւտոսպորտի մասին միայն այսքանը, որ չգիտեմ այնպիսի մարզաձեւ, որ 200-ից 300 հարիւր արագութեան տակ երկու ժամ գամւած աթոռին փորձես երբեմն մինչեւ 4G հասնող ճնշմանը դիմանալով կառավարել նման արագութեան տակ՝ 4-ից 5 տոննա կշռւող հրէշին: Նման ձգողական ճնշումը հաւասար է ռազմօդանաւի օդաչուի զգացածին: Իւրաքանչիւր մրցաշար կարող է քեզանից խլել Դամաւանդ լեռան գագաթ բարձրանալու չափ կալորիա եւ ուժ: Մրցաշարերին անհրաժեշտ վարժութիւնը ոչնչով չի զիջում մարմնամարզութեան պարապմունքներին: Այնպիսի զգացմունք կայ, որ մեքենան ոնց որ վերջին ողովդ կառավարած լինես: Մարմնով մէկ հակադրւում ես ձգողականութեանը, ու նոյն այդ պայմաններում պէտք է ուղեղդ արնաքամ չլինի, թէկուզ մէկ վայրկեան: Մեղմ ասած կեանքի հարց է: Այլապէս դու էլ, մեքենադ էլ, թիմն էլ անդառնալի վնասներ էք կրելու:

Հարց- Միջազգային մրցոյթների մասին պատմէք:

Արամ- 2011-ին համաշխարհային մրցումներին մասնակցելու վկայագիր եմ ստացել: Մինչ այդ տարիներ էր, ինչ Իրանի մրցումների բացարձակ չեմպիոնն էի՝ ազատ ոճի դասակարգումով: Դա ինձ բերեց նաեւ միջազգային լիցենզաւորում: Իսկ միջազգային մրցումներում չեմ յիշում դէպք, որին մասնակցած չլինեմ Իրանի դրօշով: Զգեստիս մի կողմում Իրանի դրօշն է, իսկ միւս կողմը Հայաստանի Եռագոյնը: Նոյնիսկ ԱՄՆ-ում մասնակցածս մրցոյթում է նոյնը եղել: Տեղ կայ, որ կոպտել են դրա համար, բայց ես հպարտութեամբ եմ կրում իմ դրօշները:

Հարց- Միջազգային մրցոյթն ինչո՞վ էր տարբերւում իրանականից:

Արամ– Մարզաձեւն իր մրցաձեւերով շատ է բազմազան ու այդ մասին խօսելը կարող է մասնագիտական ձանձրոյթ հաղորդել: Բայց կը պատմեմ այն մրցոյթի մասին, որը տեւում է 24 ժամ, իսկ դու՝ մասնակցում ես չորս միւս վարորդների հետ միասին նոյն թիմով: Իւրաքանչիւրիդ բաժին է ընկնում չորս ու կէս ժամը մէկ՝ մէկ ու կէս ժամ մեքենան վարելու հերթափոխ: Պիտի յաղթահարէի 90 այլ մեքենաների հետ մրցոյթը:

Հարց- Տպաւորութիւն կայ, որ նախքան պատմելը պէտք է մեր ամրագօտիները ամրացնենք:

Արամ- (ծիծաղում է) Երեւի, քանի որ հէնց նոր էինք սկսել, երբ ծանր վթարով դուրս եկանք վազքուղուց: Մեքենաս արագ տեղափոխեցինք գարաժ ու սկսւեց առանց հանգստանալու առիթի իմ չարքաշ փորձութիւնը: Չորս ժամից արդէն մեքենայում նստած պատրաստ էի մրցոյթի: Նոր էի փիստ մտել, երբ նկատեցի, որ խմելու ջրի հետ խնդիրներ կան: Վթարի բերումով սարքը պոկւել էր ու առաջիկայ մէկ ու կէս ժամը պէտք էր դիմանալ առանց ջրի: Նման դէպքերում պէտք է վստահել փորձառութեանդ: Նոյնիսկ, եթէ չես զգում, որ ծարաւ ես, դարձեալ պէտք է հաշւարկւած կումերով մարմնիդ ջուր հասցնես: Ամէն մի ծանր պտոյտից յետոյ մի քանի անգամ խորը շնչում ու արտաշնչում էի, որ թթւածին հասցնեմ գլխիս: Այլապէս ինքդ էլ չես հասկանայ, երբ ես ուշագնաց եղել: Կէս- գիշերային հերթափոխն էր բաժին հասել ինձ: Ջրի խնդրի հետ կապս էլ կենտրոնի հետ կորաւ: Այլեւս կապի դուրս գալու հնարաւորութիւն չկար: Մտածեցի ամէն գնով պէտք է տակից դուրս գանք: Միակ իրանցին էի: Դա մի տեսակ պարտքի զգացում է արթնացնում մէջդ: Անասելի արագութիւն էի պահում: Ռէկորդը պահելու համար շարունակեցի ռէյսը: Այնքան էի տարւել մրցոյթով ու կենտրոնացած շնչառութեան վրայ էի աշխատում, որ մէկ ու կէս ժամի փոխարէն երկու ժամ էի վարել…

Հարց- Մի տեսակ սպասողական վիճակ է: Ե՞րբ կանգնեցրիք մեքենան…

Արամ- Հէնց նման առիթների ու դէպքերի համար էլ քեզ պէտք է նախքան մեքենան կանգնեցնելը տեղեկացնել քոչի դերում եղած համադրողին: Իսկ, երբ ռադիոկապ չկայ՝ չես կարող վստահ լինել, որ կանգնելու դէպքում միւս վարորդը ժամանակին է փիստ դուրս գալու թէ ոչ, որ ժամանակի կորուստ չլինի: Դրսում էլ թիմն էր մտածում, որ լաւ էլ գնում է ու պէտք չէ կանգնեցնել…Իսկ վառելիքն ստիպեց կանգնել…     Թիմում էլ նման հաշւարկները կատարւում են ժամացոյցի ճշգրտութեամբ: Այնպէս, որ ռադիոկապի բացակայութեան պայմաններում մեզնից երկուսն էլ գիտէր, որ որն է լինելու իմ վերջին շուրջը…

Հարց- Պատմէք այս ասպարէզի հայ անունների մասին…

Արամ- Ինձ համար շարունակում է աւտոսպորտի լեգենդների ցուցակում իր տեղն զբաղեցնել Նիկոլաս Մինասեանը: Ինքը Ֆրանսիայից է: Հէնց վերը պատմածս մրցոյթի ժամանակ մօտեցայ ու անգլերէնով ասացի, որ Արամ Մարտիոսեան է անունս: Ուրախութիւնից գրկախառնւեց ու ասած, որ անունս տեսել էր ցուցանակի վրայ ու ուզեցել է անպայման հանդիպել: Երկար ժամանակ բարձրաձայն ծիծաղում էինք: Ես հպարտութիւն էի ապրում, ինքը չգիտեմ, երեւի նոյնը: Ու այդպէ՛ս մեր այդ ծանօթութիւնը դարձաւ շարունակւող բարեկամութիւն: Երազում ենք մի առիթով հայկական թիմով հանդէս գալ որեւէ մրցոյթում: Հայերը մի քանիսն են այս ասպարէզում՝ Արթուր Գորոյեանը՝ Լիբանանից, ԱՄՆ-ից, եւ այլն… Կարծում եմ այդ օրը շուտով կը գայ:

Հարց- Հայաստանի մրցոյթներին մասնակցած կա՞ք:

Արամ- Այո, շատ: Մի անգամ Իրանի «Դրագ»-ի թիմն եմ ուղեկցել Հայաստան: Մեքենան տեղից պոկելու արագութեան մրցաձեւ է այն: Սահմանին մեզ անհասկանալի պատճառներով երկար պահեցին ու ուշացանք մրցոյթից: Զանգեցի Երեւան ու ֆեդերացիային յայտնեցի ծագած խնդրի մասին: Ասացին, որ մրցոյթն աւարտւած է ու դժւար է նորից կազմակերպելը: Բայց Իրանի թիմի պատւին մէկ շաբաթ անց կազմակերպւեց երկրորդ մրցոյթը, որը շատ արժեքաւոր էր իրանցի վարորդների համար: Այդ նոյն փոխադարձ վստահութեան լոյսի ներքոյ էր, որ հնարաւոր եղաւ այսօր մտածել երկու երկրների միջեւ յուշագրի մասին: «Քարնէ»-ի մասին է խօսքը:

Հարց- Համարեա բոլոր վարորդների եւ գուցէ ոչ վարորդների իմացած աստղերից մէկի՝ Միխայիլ Շումախերի մասին եմ ուզում հարց տալ: Ի՞նչ է կամ ո՞վ է Շումախերը ձեզ համար:

Արամ- Արդէն ասացիք ինչ որ պէտք է: Նման անունների քիչ ես հանդիպում: Մարդ, ով բոլորին է ծանօթ, նոյնիսկ, եթէ մարդիկ հետաքրքրւած չեն այդ մարզաձեւով: Նրա ընտանիքը դէպքից յետոյ խիստ դէմ է եղել ներքին խոհանոցային հարցերը հանրային դարձնելուն եւ ինչ խօսք, յաջողւել է անել դա: Միգ Շումախերը Միխայիլ Շումախերի տղան է: Այժմ ուշադրութիւնը մասամբ նրա վրայ է նաեւ: Ինքը եւս F1-ում հանդէս գալու անցեալ ունի: Այս տարի թէստ-դրայւեր էր բայց: Ինչքան գիտեմ Միխայիլ Շումախերին յաջողւել է քոմայից դուրս գալ: Հակասական տեղեկատւութիւն կայ այն մասին, որ յիշողութիւնն էլ է վերականգնւել… ուրախ եմ, որ 2003-ին բախտն ունեցայ դիտել Բահրէյնում կայացած F1-ի մրցումը, Միխայիլ Շումախերի յաղթանակով իհարկէ:

Հարց- Ինչպէ՞ս է ճշտորոշւում վարորդների տարեկան վարկանիշը:

Արամ- Մրցակիցների վարկանշային աղիւսակը հաշւարկւում է մրցոյթներից հաւաքած միաւորներիով: Որպէս օրինակ F1-ում առաջին տեղին է յատկացւում 16 միաւոր, երկրորդին՝ 12, եւ այպէս շարունակ իւրաքանչիւր մրցաշար ունենում է իր դասակարգմանը յատուկ վարկանշային միաւորներ: Տարւայ ընթացքում քեզ բաժին ընկած «ռանք»-աւորումը կազմւած է այդ միաւորների գումարումից:

Հատիս

Լուսանկարները՝ Արամ Մարտիրոսեանի ինստագրամային էջից

Related Articles

Back to top button