«Չենք կարող յաւերժ էյֆորիայի մէջ ստել մեր ժողովրդին. Զելենսկին կը վճարի իր սխալների համար»
Կլիչկօն հաստատել է, որ իրավիճակը «փակուղային» է Ուկրաինայում
Ուկրաինայի Զինւած ուժերի գլխաւոր հրամանատար Վալերի Զալուժնին ճշմարտութիւնն է ասել, երբ The Economist-ին տւած հարցազրոյցում նա Ռուսաստանի հետ պատերազմում առկայ իրավիճակը որակել է որպէս փակուղի։ Նման գնահատական է տւել նաեւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկօն շւէյցարական 20 Minuten առցանց հրատարակութեանը տւած հարցազրոյցում։
Պատասխանելով այն հարցին, թէ Զալուժնին սխալւե՞լ է՝ պատերազմում իրավիճակը գնահատելով փակուղային, Կլիչկօն նշել է. «Ո՛չ: Նա ասաց ճշմարտութիւնը: Երբեմն մարդիկ չեն ուզում լսել ճշմարտութիւնը: Բայց ի վերջոյ նա (Զալուժնին) պատասխանատու է: Նա բացատրեց եւ հիմնաւորեց, թէ ինչ իրավիճակ է այսօր: Իհարկէ, մենք կարող ենք էյֆորիայի մէջ ստել մեր ժողովրդին եւ մեր գործընկերներին: Բայց մենք չենք կարող դա անել յաւերժ: Մեր որոշ քաղաքական գործիչներ քննադատել են Զալուժնիին այս յստակ խօսքերի համար, սակայն դա անարդար է: Ես նրա կողմից եմ»:
Միեւնոյն ժամանակ Կլիչկօն նշել է, որ իրեն չի զարմացնում երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկու վարկանիշի անկումը։
«Մարդիկ տեսնում են, թէ ով է արդիւնաւէտ, ով` ոչ: Սպասումներ կային եւ կան: Զելենսկին կը վճարի իր թոյլ տւած սխալների համար»,- ասել է Կլիչկօն:
Լրագրողի խնդրանքով պարզաբանելով, թէ կոնկրետ Զելենսկու ինչ սխալների մասին է խօսում՝ Կլիչկօն նշել է. «Մարդիկ զարմանում են, թէ ինչու մենք աւելի լաւ պատրաստ չէինք այս պատերազմին։ Ինչո՞ւ Զելենսկին մինչեւ վերջին րոպէն հերքում էր, որ բանը կը հասնի պատերազմին։ Ինչպէ՞ս եղաւ, որ ռուսներն այդքան արագ հասան Կիեւ»։
Tert.am