Բողոքի ակցիա Վաշինգտոնում՝ Ադրբեջանի դեսպանատան առջեւ

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան «Անի» մասնաճիւղը հայ համայնքի անդամների հետ ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան մօտ՝ Սումգայիթում տեղի ունեցած զանգւածային սպանութիւնների, Բաքւի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցութեամբ:
Ակցիայի մասնակիցները հաւաքւել են` պահանջելու միջազգային գործողութիւններ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու Արցախում էթնիկ զտումների, ինչպէս նաեւ հայ ռազմագերիների ազատ արձակման համար:
Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան «Անի» մասնաճիւղի գործադիր անդամ Նարեկ Սաքայեանը դատապարտել է Ադրբեջանի գործողութիւնները՝ ասելով. «Արցախի ժողովուրդը՝ ուժեղ եւ վճռական, դեռեւս չի դրոշմւել պատմութեան դասագրքերի էջերում: Այն ընտանիքները, որոնք սէր ու ուրախութիւն են գտել Ստեփանակերտում, դեռ ողջ են։ Ազատ Շուշիում ծնւած երեխաները շարունակում են ջանասիրաբար սովորել եւ խաղեր խաղալ։ Վետերանները, որոնք պայքարել են խաղաղութեան եւ ինքնորոշման իրաւունքի համար, շարունակում են լցնել մեր եկեղեցիներն ու համայնքային կենտրոնները: Մեր պարտքն է համերաշխ լինել նրանց հետ այժմ եւ ընդմիշտ»։
Բողոքի ակցիան աւարտւել է աղօթքով՝ ի յիշատակ զոհւածների եւ հայ ռազմագերիների ազատութեան: