Հայաստան - Արցախ

«Հայաստանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութեան և նրա ընտրած զարգացման ուղու երաշխաւորն ու աջակիցն է». Արփի Աբրահամեան

Ինչպէս տեսանք, ՀՀ իշխանութիւնը սառնասրտօրէն հրաժարւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան /Արցախի Հանրապետութեան/ ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը լինելուց, Արցախի Հանրապետութիւնը, Արցախի մեր հայրենակիցները մնացին միայնակ, մարտնչեցին յանուն Արցախի պետականութեան, յանուն ինքնութեան:

Իրականացան Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումները, տեղի ունեցան ազգային զտումների նոր դրսեւորումներ, ֆիզիկական բնաջնջման եզրին կանգնած արցախցին հարկադրաբար լքեց հայրենի հողը:

Ոտնահարւել են ՀՀ Գերագոյն խորհրդի 8 յուլիսի, 1992-ի Հ. Ն-0663-1 փաստաթղթում ներառւած հետեւեալ որոշումները.

«1. Հետեւողականօրէն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը:
2. Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշւած կը լինի Ադրբեջանի կազմում» :
Արցախում տեղի ունեցած ոճրագործութիւնները, հայ ազգի բռնի, հարկադրւած տեղահանումը որակւում է ցեղասպանութիւն, որին միջազգային հանրութիւնը չտւեց լիարժէք գնահատական:

Արցախի բռնազաւթումը չկանգնեցրեց թշնամուն, շարունակւում է Ադրբեջանի կողմից հայկական հողերի զաւթման յաղթարշաւը, այն պայմանաւորւած է մի շարք արտաքին գործօններով: Կարեւորենք, որ Ադրբեջանի առաջխաղացումը առաջին հերթին պայմանաւորւած է տարածաշրջանում Թուրքիայի ակտիւ քաղաքականութեամբ:

Թուրքիան, որպէս հաւաքական Արեւմուտքի մաս, վերջինիս հովանաւորութեամբ ստանձնել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կարգաւորողի դերակատարութիւնը:

Թուրք-ադրբեջանական դաշինքը ոչ միայն չի հրաժարւում հայկական հողերի նւաճողական քաղաքականութիւնից, այլեւ իրականացնում է «Մեծ Թուրանի» ծրագիրը:

Ադրբեջանը, դիրքաւորւելով արեւմտեան հարթակներում, շարունակում է հայատեաց քաղաքականութիւնը, բացայայտ նկրտումները Հայաստանի տարածքների նկատմամբ, յստակ ծրագրւած գործողութիւններով պահանջատէր է Հայաստանի հողերին մինչեւ Սիւնիք եւ աւելին:

Այս ամէնի ներքոյ ՀՀ իշխանութիւնը թուրք-ադրբեջանական դաշինքի հետ «խաղաղասիրական դարաշրջան» է կերտում, քողարկում ՀՀ պետական եւ ազգային անվտանգութեանը սպառնացող մի շարք սպառնալիքները:
Հարց է ծագում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը չի՞ հակասում ՀՀ ազգային անվտանգութեան հիմնարար արժէքներին /ազգային շահեր/, հնարաւո՞ր է հայատեաց թուրքի հետ խաղաղութեան խաչմերուկ ստեղծել:

Յիշեցնենք, որ ՀՀ ռազմական դոկտրինում սահմանւում է՝ Հայաստանի Հանրապետութիւնը հաւանական գործընկերներ է համարում ՀՀ ազգային անվտանգութեան հիմնարար արժէքներին չհակասող քաղաքականութիւն իրականացնող բոլոր պետութիւններին ու անվտանգութեան կազմակերպութիւններին եւ պաշտպանական ռազմավարութիւնն իրականացնելիս յենւում է նրանց հետ ունեցած ընդհանրութիւնների վրայ:

Անդրադառնանք ՀՀ ռազմական դոկտրինում նշւած արտաքին եւ ներքին սպառնալիքների որոշ դրոյթներին, որոնք իրականացել եւ իրականանում են հայ ազգի եւ հայոց պետականութեան նկատմամբ.

  • «Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան ֆիզիկական գոյութեան, պետութեան անկախութեան, ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան, սահմանների անձեռնմխելիութեան նկատմամբ այլ պետութիւնների ձեռնարկած ոտնձգութիւնները, միջամտութիւնը Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին, Հայաստանի Հանրապետութեան սահմանների մօտ զօրքերի խմբաւորումների ստեղծումը, տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները եւ տեղաշարժը, այդ թւում` զօրավարժութիւնների անւան տակ / օր.՝ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ/,
    • Հայաստանի Հանրապետութեան դէմ ուղղւած դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնաւորապէս` Թուրքիայի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետութիւնը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկւում են որպէս ուժի կիրառում,
    • Հայաստանի Հանրապետութեան տնտեսական-տրանսպորտային եւ հաղորդակցային մեկուսացումը կամ մեկուսացման փորձերը, սահմանակից պետութիւններով տարանցիկ ուղիների խափանումը,
    • Հայաստանի Հանրապետութեան, նրա քաղաքացիների նկատմամբ հայատեացութիւն եւ ազգատեացութիւն սերմանող քարոզչութեան իրականացումը, Հայաստանի Հանրապետութեան մասին ապատեղեկատւութեան տարածմամբ եւ այլ միջոցներով Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ տեղեկատւական պատերազմի վարումը, կրօնական եւ էթնիկական ծայրայեղականութեան հրահրումը,
    • Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը (ՀՀ Սահմանադրութեան, ՀՀ զինանշանի փոփոխման պահանջը թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից),
    Հայաստանի Հանրապետութեան եւ զինւած ուժերի վարկաբեկմանն ուղղւած գործողութիւնները կամ դրանց փորձը,
    Սահմանամերձ շրջաններում ՀՀ քաղաքացիների արտագաղթը, դրանք խթանող գործողութիւններն ու գործօնները,
    Հայաստանի Հանրապետութեան տարածքում եւ սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքը կամ դրանց առաջացումը, ինչպէս նաեւ պատերազմի հետեւանքներից բնակչութեան պաշտպանութեան եւ տնտեսութեան կայունութեան ոչ լիարժէք ապահովումը,
    բարոյահոգեբանական եւ հայրենասիրական դաստիարակութեան, պետականութեան հանդեպ պատշաճ յարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի աւանդական դերի եւ ազգային ինքնութեան աղաւաղումը եւ այլն» :

Միւս կողմից՝ օտարածին հասարակական տարբեր կազմակերպութիւնների առկայութիւնը մեր երկրում, նրանց առաջխաղացումը, հովանաւորչութիւնը նպաստեցին հայ հասարակութեան պառակտմանն ու անհամերաշխութեանը:

Ցաւալի է, որ հայ հասարակութեան զգալի հատւածը իրատեսօրէն չի գնահատում ստեղծւած իրավիճակը:

Կորցնելով Արցախի Հանրապետութիւնը՝ Հայաստանը միայնակ կանգնել է ներքին եւ արտաքին գոյաբանական պայքարի առջեւ:

Ազգային ի՞նչ երաշխիքներ ունենք՝ սպառնալիքներին դիմակայելու.

1.Ազգային ուժերի միաբանութիւն, համայն հայութեան համախմբում։
ՀԱՅ ԱԶԳԸ պէտք է միաբանւի ու պայքարի ինքնութեան պահպանման, տարածքային ամբողջականութեան վերականգման եւ հայոց պետականութիւնների վերականգման, յարատեւութեան համար:
2. Ռազմական անվտանգութեան ապահովում, բանակ-բանակաշինութիւն:

Ռազմական անվտանգութեան ապահովման ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինութեամբ զինւած, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստւածութեամբ, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու ունակ, ռազմական անվտանգութեան սպառնալիքների կանխմանն ու չէզոքացմանը պատրաստ զինւած ուժերն են:

Համազգային նպատակներին հասնելու համար հայոց բանակին դէպի յաղթանակներ առաջնորդելու համար պէտք է ունենալ այնպիսի իշխանութիւն, որը կառաջնորդւի ազգային գաղափարախօսութեամբ, ազգային ծրագրով, կառաջնորդւի ազգային եւ պետական շահով, կառաջնորդի հայ ազգին, կը պաշտպանի պետութեան կենսական նշանակութիւն ունեցող շահերը:

Միայն ազգային իշխանութեամբ, ազգային գաղափարախօսութեամբ հայոց բանակը եւ հայ ազգը կարող են յաղթել թշնամուն:

Արամ Մանուկեան.

«Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու»:

 

Արփի Աբրահամեան

«Դրօշակ» թիւ 3, 2024թ.

 

Related Articles

Back to top button