Արդար խաղաղութիւն նշանակում է արցախցիների կոլեկտիւ վերադարձի իրաւունքի ճանաչում
Յայտարարութիւնները, որ կողմերը շատ մօտ են, եւ մնացել է մի քանի սկզբունք, եւ մինչեւ տարւայ վերջ կը ստորագրւի, երեւի 15 տարուց աւելի այս յայտարարութիւններն արւում են: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում նախօրէին Միրզոյեան-Բայրամով- Բլինքէն հանդիպման եւ դրան յաջորդած յայտարարութիւններին:
«Բայց այդ յայտարարութիւնն ինձ մօտ նաեւ այլ մտավախութիւն է առաջացնում: Դա նշանակում է, որ Փաշինեանը հակւած է ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետեւ Հայաստանն ինչ խնդրանք ներկայացնում է, Ադրբեջանը ճմրթում, գցում է մի կողմ: Փոխարէնը Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայանացնում: Երէկ էլ նշւեց, որ Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել՝ մտացածին յանցագործութիւնների ընդունումը: Այսինքն Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում, Փաշինեանն էլ ընդունում է: Հիմա հաւանբար Ադրբեջանն ամբողջ փաթեթն է ներկայացրել, Փաշինեանն էլ ասել է՝ հա, համաձայն եմ, որովհետեւ ինքը եկել է խաղաղութիւն կնքելու խոստումով: Իրական խաղաղութիւնը շատ հեռու է, որովհետեւ դա պէտք է արդարութեան վրայ կնքւած լինի, եւ կողմերի գոնէ նւազագոյն պահանջները պէտք է բաւարարւեն»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամաւորը նկատեց, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում ընտրութիւններ են եւ իրենք պէտք է իրենց ժողովրդին ներկայացնեն, որ տեսեք, ջախջախեցինք Հայաստանին, որը նաեւ թղթով են ամրագրել. «Նաեւ ԱՄՆ-ում են ընտրութիւններ, այսինքն երեք կողմերին էլ պէտք է ցոյց տալ, որ ինչ-որ առաջընթաց կայ, կամ էլ Ադրբեջանի բոլոր պարտադրանքները Հայաստանը գլուխը կախ ընդունել է»,- ընդգծեց Արթուր Խաչատրեանը:
Խաղաղութիւնը պէտք է հիմնւած լինի արդարութեան վրայ. արդար խաղաղութիւն նշանակում է արցախցիների կոլեկտիւ վերադարձի իրաւունքի ճանաչում:
«Արցախցիների վերադարձ միջազգային անվտանգային երաշխիքների ներքոյ, Հայաստանի եւ Արցախի միջեւ կայուն ցամաքային կապ եւ Արցախի քաղաքական կարգավիճակի քննարկում եւ լուծում յայտնի երեք սկբունքների հիման վրայ: Ռազմագերիների եւ այլ պահւող անձանց անյապաղ վերադարձ, Ադրբեջանի օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերում Հայաստանի տարածքներից, Հայաստանի շրջափակման վերացում: Առանց այդ ամէն ինչի խօսել արդար խաղաղութեան մասին, հնարաւոր չէ: Դա լինելու է կապիտուլիացիոն փաստաթուղթ:
Ալիեւը մեզ համար գերեզմանային խաղաղութիւն է ուզում, իսկ Փաշինեանը ոչ բւում է, ոչ գւում է, նոյնիսկ խօսակցութիւններ կան Ադրբեջանի դէմ հայցերը հետ քաշելու մասին: Այսինքն իրենք խաղաղութիւն ասելով պարտադրում են կապիտուլիացիա»,-ասաց պատգամաւորը:
«Խօսքերն իհարկէ, գեղեցիկ են, բայց գործնականում Արեւմուտքի կողմից որեւէ աջակցութիւն անվտանգային ու տնտեսական առումով չենք տեսնում»,- ասաց Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Արեւմուտքի կողմից Հայաստանին ռազմական օգնութիւն ցուցաբերելուն:
«Ես չեմ լսել Արեւմուտքի կողմից որեւէ յայտարարութիւն, որ եթէ Ադրբեջանը յանկարծ համարձակւի Հայաստանի դէմ ինչ-որ բան անի, մենք պատրաստ կը լինենք Հայաստանին ռազմական օգնութիւն ցուցաբերել: Նրանք ասում են՝ ձեր հարցերը ձեր ձեւով լուծէք: Ապրիլի 5-ին Բրիւսէլում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը եւս խայտառակ ձախողում էր: Փաշինեանն ասաց՝ պատրաստ ենք այնքան մօտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն ցանկանայ, իսկ ԵՄ-ն ասաց, որ CEPA-ի համաձայնագիրն է այն մօտիկութիւնը, որը մենք պատրաստ ենք այսօր Հայաստանին թոյլ տալ: Իսկ այդ փաստաթուղթը ստորագրւել է հեռաւոր 2016-ին, երբ Նիկոլ Փաշինեանը անյոյս ընդդիմադիր էր»,- ընդգծեց ընդդիմադիր պտգամաւորը: