Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մարդ բռնելը՝ քաղաքական միակ ծրագիր

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Այսօր հայերէնի ամենատարածւած, գործածական բառերն են. կալանք, դատ, դատաւոր, դատախազ, ԱԱԾ, գաղտնալսում, քննչական։

Միայն սա հերիք է հասկանալու համար, որ մենք ապրում ենք աննորմալ իրականութեան մէջ։ Հերիք է հասկանալու համար, որ որեւէ ստեղծագործ, որեւէ պոզիտիւ զարգացում եւ պրոցես հնարաւոր չեն։ Այս բառերը լաւագոյնս են նկարագրում երկրի մթնոլորտը։ Մի երկիր, որտեղ իշխանութեան հպարտութեան առարկան մարդ բռնելն է, չի կարող իր քաղաքացիների համար լինել գրաւիչ, չի կարող ունենալ զարգացման պոտենցիալ։ Մեզ մօտ ցանկացած քննարկում, ցանկացած ելոյթ վերջանում է իշխանութեան կողմից մարդ բռնելու սպառնալիքով եւ ռեալիզացիայով։ Ցանկացած ընտրութիւն վերջանում է ոչ թէ իրար շնորհաւորելով ու աշխատելու պատրաստակամութեամբ, այլ՝ բռնելու, խուզարկելու, կալանաւորելու պատմութիւններով։

Երբ կալանքներից մարդկանց են ազատում, ես էլ բոլոր նորմալ մարդկանց պէս ուրախանում եմ, բայց օրւայ տրամաբանութիւնը մէջս կասկած է մտցնում. դա անում են տեղեր ազատելու, նոր խմբաքանակ կեղծ գործերով նորերին կալանաւորելու համար։

Բաքւի բանտերում ցմահի տարւող մեր հայրենակիցներին ֆոնին Երեւանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է։ Լաւ, էս ի՞նչ ենք անում։

Չի կարող իշխանութիւնն ընտրազանգւած հաւաքել՝ մարդ բռնելու խոստումով։ Չի կարող իշխանութիւնը երկրի զարգացման ծրագիրը կառուցել կոտրելու, բռնելու, պատժելու, քանդելու, դեստրուկցիայի խոստումներով։ Սա հակասում է առողջ տրամաբանութեանը, սա հակասում է կեանքի օրէնքներին։

2026-ի ընտրութիւնները սրա մասին են. փոխել երկրի բովանդակութիւնը։ Պետութիւնները զարգանում են մտքով, գաղափարներով, ներքին համերաշխութեամբ, արդար դատարաններով։ Եթէ մենք ունենանք ճիշտ մտածող լիդերութիւն, որոնք մարդկանց հետ կը խօսեն մարդկային լեզւով, այս պարզ բաները կը կարողանան ձեւակերպել եւ տեղ հասցնեն, մենք կունենանք արդիւնք։

Related Articles

Back to top button