
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին կրկին անգամ ընդգծել է Իրանի կողմից ուրանի հարստացման իրաւունքի պահպանման անվիճելիութիւնը: Այս մասին նա յայատարարել է Asharq News հեռուսատալիքի հետ զրոյցի ժամանկ:
«Իրանում ուրանի հարստացումը հիմնարար եւ սկզբունքային խնդիր է: Այն չափազանց բարդ ոլորտում խոշոր գիտական նւաճում է, որին հասել են իրանցի գիտնականները:
Իրանում ուրանի հարստացումը ներկրւած գիտութիւն չէ, այն ստեղծւել է Իրանցի գիտնականների միջոցով: Ուստի այն մեծ արժէք ունի Իրանի ժողովրդի համար: Յատկապէս, որ ուրանի հարստացման պատճառով տարիներ շարունակ պատժամիջոցների ենք ենթարկւել, իսկ Իրանի ժողովուրդը դիմացել է դրանց պատճառած ցաւին»,- ասել է Արաղչին՝ յիշեցնելով, որ յանուն այդ խոշոր գիտական նւաճման Իրանը կորցրել է իր մի քանի գիտնականներին, որոնք զոհւել են ահաբեկչական գործողութիւնների արդիւնքում:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծւած կնճռին, ԱԳ նախարաը նշել է. «Իրավիճակը, որում հիմա յայտնւել ենք մենք, ամենեւին էլ Իրանի մեղքով չէ, այլ՝ ԱՄՆ-ի, որը դուրս եկաւ Միջուկային համաձայնագրից, ինչպէս նաեւ եւրոպական երկրների, որոնք չկարողացան կոմպեսացնել ԱՄՆ-ի քայլը»:
Նշենք, որ աւելի վաղ Արաղչին լրագրողների հետ զրոյցում պատասխանելով ԱՄՆ հետ անուղղակի բանակցութիւնների յաջորդ փուլի մասին հարցին,նշել էր, որ պաշտօնական Թեհրանը մտածում է՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցութիւնների յաջորդ փուլին, թէ՞ ոչ. «Մենք գնահատում ենք՝ արժէ՞ արդեօք մասնակցել բանակցութիւնների յաջորդ փուլին»։
Ըստ նրա՝ Իրանը գնահատում է, թէ կարո՞ղ է արդեօք արդիւնաւէտ բանակցութիւններ տեղի ունենալ, թէ՞ ոչ:
Արաղչին յաւելել էր, որ Իրանը մերժում է բանակցութիւնների սեղանի շուրջ չափազանցւած պահանջները, թէեւ երբեք չի հրաժարւել դիւանագիտութիւնից։ Նա կրկին ընդգծել էր, որ Իրանին իր իրաւունքներից զրկելուն ուղղւած պահանջների մասին խօսք լինել չի կարող։
«Ուրանի հարստացումն Իրանում կը շարունակւի համաձայնագրով կամ առանց դրա։ Սակայն մենք պատրաստ կը լինենք, եթէ միւս կողմերը ձգտեն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի թափանցիկութեանը»,- յստակեցրել էր նա: