Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պատմութիւն, որի շնորհիւ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբէն Վարդանեանն անձնական կեանքից մի դրւագ է պատմել

Ռուբէն Վարդանեանը հերթական ձայնագրութիւնն է հրապարակել, որում անձնական կեանքից մի դրւագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրութիւնը կիրակի օրը (մարտի 16-ին, ԽՄԲ.) հրապարակի, որովհետեւ կիրակին քրիստոնեաների համար յատուկ օր է:

«Ուզում եմ այսօր մի քանի խօսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետեւ միայն պահը, ակնթարթն է իրականը եւ յաւերժութեանն ամենամօտը։

Այսօր ուզում եմ կիսւել ձեզ հետ մի շատ անձնական պատմութեամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպէս անհատի ձեւաւորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում: 

Ինչպէս Խորհրդային Միութիւնում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ եւս զօրակոչեցին խորհրդային բանակ: Աւարտելով Մոսկւայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ յունիսի վերջին յայտնւեցի Մոսկւայի զօրակոչային կէտում։ Երկար արկածներից յետոյ յուլիսի սկզբին մի քանի հարիւր հոգու հետ միասին յայտնւեցի Բաքւի արւարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կէտում: Այդպէս ես առաջին եւ միակ անգամ յայտնւեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։ 

Հէնց այդտեղ էլ ինձ մօտեցաւ մի ենթասպայ եւ առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպէս անել, որ տեղափոխւեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բաւական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդէն պէտք է վերջնականապէս բաշխէին զօրամասերում, նա, ակնյայտօրէն ուրիշ յարմար մէկի չգտնելով, նորից մօտեցաւ եւ ասաց, թէ՝ «լաւ, գոնէ 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամէնը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացաւ՝ ասելով, որ դա անհնար է։

Այս պատմութիւնը, պարզապէս որպէս զւարճալի դրւագ, պատմեցի նաեւ տղաներին, որոնց հետ ծանօթացել էի Մոսկւայից Բաքու մեր երկար ճանապարհորդութեան ընթացքում։ Դրանից մի 15 րոպէ անց վեց-եօթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մօտեցան ինձ եւ տւեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնէ ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կը լինեն։

Գիտէի, որ նրանցից ոչ մէկն էլ ապահովւած ընտանիքից չէր, եւ երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բաւականին լուրջ գումար էր ու, ըստ էութեան, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիւ գրեթէ անծանօթ (միայն մէկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մէկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխւեցի Հայաստան եւ երկու տարի ծառայեցի Լենինականում (Գիւմրիում)։

Հետագայում շատ եմ մտածել այս դրւագի մասին եւ ինքս ինձ երեք հարց տւել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թէ մէկ միլիոնը միլիարդից, այլ, իրօք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդեօ՞ք կը կարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մէկն իմ շնորհիւ կը գնայ տուն ծառայելու, իսկ ես կը մնամ անծանօթ վայրում եւ կարօտով կը յիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եւ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտութիւն (մենք նոյնիսկ հասցէներ չփոխանակեցինք) եւ չունենալ այն զգացողութիւնը, թէ ինչ-որ մէկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։

Այս պատմութիւնն էլ հէնց դարձել է ինձ համար յենման կէտ՝ նպաստելով իմ՝ որպէս անհատի ձեւաւորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։

Եւ այսօր նախ կուզենայի երախտագիտութիւնս յայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թէ ոչ, ինչպէս է դասաւորւել նրանց կեանքը։ Բայց եթէ լսեն իմ պատմութիւնը, պիտի իմանան, որ ես միշտ յիշում եմ այդ 23 ռուբլին եւ նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանայ։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիւ ես հասկացայ, որ բարիք գործելը ներդրում չէ. պէտք է պարզապէս քեզ արւած բարութիւնը որպէս էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եւ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթէ ամբողջ մեր կարողութիւնը տրամադրել ենք բարեգործութեանը, ու մեր երեխաները դա հասկացել եւ ընդունել են։

Ես խնդրեցի Վերոնիկային (կնոջս), որպէսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետեւ կիրակին քրիստոնեաների համար յատուկ օր է՝ ինչպէս հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթւայ մէջ մէկ օր ժամանակ յատկացնէք՝ առօրեայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրւելու եւ մտածելու հոգեւորի, յաւերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ եւ Աստծոյ հետ։

Համոզւած եմ, որ բարութիւնը յաւերժ է եւ անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկւում է։ Իմ կեանքում շատ ծանօթ եւ անծանօթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նոյնպէս ձգտել եմ նոյնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկէ, ունի վախճան, այն վերջաւոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիւ է եւ ուշադրութիւն է գրաւում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն աւելի է ահագնանում եւ ուժեղանում։ Մարդկանց համար, ցաւօք, աւելի հեշտ է քննարկել եւ յիշել վատը, քան լաւը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն աւելի բազմազան է եւ աւելի շատ ուշադրութիւն է գրաւում, նոյնիսկ՝ լուրերում։ Մենք աւելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց յիշէք. եթէ բարութիւնը, լոյսը, սէրը աւելի քիչ լինէին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապէս այն, ինչպէս օդը, աննկատ է, եւ մենք յաճախ այն պարզապէս ընկալում ենք որպէս ինքնըստինքեան ենթադրւող մի բան։ Ուրիշներին տալով այն ամէնը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկէ հորթի, քո կրքերի եւ ցանկութիւնների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կեանքի իմաստը: Մենք այդպէս աւելացնում ենք բարութիւնը եւ լոյսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ եւ հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նոյնիսկ փարաւոններին չի յաջողւել խուսափել դրանից։ Ներէ՛ք, ինչպէս մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջէք, իսկ ձեզ համար ներում խնդրէք։ Վարւէք ուրիշների հետ այնպէս, ինչպէս դուք կը ցանկանայիք, որ վարւէին ձեզ հետ. սա ոսկէ կանոն է։ Արարէք բարիք եւ երջանիկ եղէք։ Խաղաղութիւն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»,-ասւում է Վարդանեանի հաղորդագրութիւնում։

Հաղորդել է yerkir.am-ը:

Related Articles

Back to top button