Քաղաքական

Աշխատանք, ինչը ոչ մէկին ցանկալի չէ

ՀԱՏԻՍ

 

Արտագաղթը պատերազմի ենթատեքստ ունենալու դէպքում, տեղահանութիւնից տարբերւող շատ բան չունի: Իսկ երբ այն տեւական ժամանակ տիրող իրավիճակի արդիւնք է, կարող է ազդել նաեւ հարեւանութեամբ գտնւող երկրների ժողովուրդների վրայ:

Սա խնդրի տագնապալից կողմն է, իսկ ոչ պակաս ցաւոտ երեսը՝ փախստական դառնալուց յետոյ, մարդու նւազագոյն իրաւունքներով կենսակերպ ունենալ-չունենալու հարցն է, ինչը ուղակիօրէն կախւած է նրա աշխատանք գտնելուց կամ աշխատանքի տեսակից:

Խոստովանենք, որ որպէս հայկական վաղեմի թերթ, մեր առաքելութիւնների ցուցակում էր Արցախից տեղահանւած արցախահայութեան խնդիրների լուսաբանումը, յատկապէս աշխատանքով ապահոված լինել-չլինելու, կամ դրա որակի ու տեսակի հարցը, ինչը, սակայն, բոլորին ծանօթ բարդ պայմանների բերումով հեշտ առաջադրանք չէ, յատկապէս, մամուլի առանց այդ էլ նիւթական սուղ պայմանների բերումով:

Սակայն, հաշւի առնելով այն փաստը, որ քաղաքային կեանքը ընկալեալ դաշտում եւ անկախ աշխարհագրութիւնից մասամբ «հոմանիշ» իրականութիւն է, համեմատութիւնը պահելով՝ յօդւածին կցւած ֆոտոպատումի օգնութեամբ փորձ է արւել պատկերել այն իրավիճակը, ինչը միգրանտին իր մէջ ընդունած հասարակութեանը ինքնաբերաբար տալիս է նրան վերեւից նայելու հակւածութիւն: Իհարկէ բացառութիւնները մի կողմ թողնելով, կարելի է արձանագրել, որ ասւածը տիրող հոգեվիճակ է:

Նշենք նաեւ, որ ֆոտոպատումը մինչեւ «ԱԼԻՔ»-ով հրապարակւելը լոյս է տեսել եւրոպական հեղինակաւոր մամուլի էջերում՝ հաշւի առնելով հեղինակային իրաւունքները, ինչը պատկանում է MEI   ֆոտօ գործակալութեանը:

Միգրանտին տեսնելիս քաղաքացիները նրա ցաւը հասկանալու համար չէ, որ նայում են նրան: Երեւոյթը կարող է գնահատւել, որպէս վերեւից՝ ներքեւ հայեացք:

Խնդրի ծանրութիւնը կարելի է նկատել նաեւ գաղթականների աչքերում։ Տեսածի ու զգացածի արտացոլանքը, ինչը դէմքից թաքցնել չի յաջողւի նման իրավիճակում յայտնւած մարդուն, կամ նոյնիսկ օրավարձով հաց վաստակողին, պատմող լոյս՝ այո՛ կայ, բայց աչքերում փայլ՝ ո՛չ:

Նման դէպքերում լուսանկարելիս մէկ էլ նկատում ես, որ ձեր հայեացքները խաչւել են ու մէկդ միւսի աչքի բիբում էք յայտնւել… քեզ նայելիս կարող են ենթագիտակցաբար ժպտալ, ինչն աւելի շատ խնդրանքի է նման: Իհարկէ ապրելու եւ գոյատեւելու առիթը չկորցնելու տողատակերով:

Իսկ, երբ այս ֆոտոշարքի մասին ես գրում ու նոյնականացման կարգով յիշում հայի, յատկապէս արցախցու հպարտութեան մասին, քո մէջ էլ է ինչ որ բան կոտրւում:

Իրավիճակը, որի մէջ խճճւել է գաղթականը, նրան կարող է մղել դէպի քաղաքային կեանքի նկուղային հարթութիւն: Լինել աշխատասէր, բայց չունենալ աշխատանք: Չգիտեմ, կա՞յ նման մարդու համար միջազգային տօն:

Չարիքների մէջ բարիք գտածի դէմքով արձանագրենք, որ աշխատանքի տեսակը ու բարդութեան աստիճանը կարող է ժամանակաւորապէս լուծել քաղաքից նրանց չհեռացնելու խնդիրը, քանի որ նրանք գիտեն այլեւս, որ ոչ մէկը, նման սեւ կոպեկների համար պատրաստ չէ նրանց ձեռքից խլել աշխատանքը:

Սա նաեւ ինքնախտրականացւած լինելու պարզ օրինակով կարող է ձեւաւորւող նրանց շրջապատին տալ ինքնութեան արտայայտման առիթներ:

Եւ այսպէս ձեւաւորւել է սկսում իր ինքնութիւնով տարբերւող նորայայտ համայնքը՝ դոմինանտ ժողովրդի ու մշակոյթի լուսանցքում:

Որպէս պատմող կողմ եւ անկախ քո ով լինելուց մարմնովդ սառսուռ է անցնում, երբ մտածում ես՝ անկախ աշխարհագրութիւնից ու ժառանգւող անվտանգութիւնից, կարող է ամէն բան միրաժի պէս անէանալով ու քեզ էլ, հարազատներիդ էլ թողնել նման պայմաններում…

Իրանում աֆղան փախստականների ներկայութեան նախապատմութիւնը շատ աւելի հին է, քան Արեւմտեան երկրներում մերձարեւելեան փախստականների երեւոյթը: Իրանում աֆղանների յայտնւելու պատմութիւնը գալիս է դեռ նախորդ դարի վաթսունականներից, նախքան Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակը: Իրանահայերին յայտնի է «քոլի» անւանումը: Դա ժամանակին տրւել է Քաբուլից Իրան տեղափոխւածներին: Ժամանակի ընթացքում այն դարձել է «Քաւլի» կամ «Քովլի»:

Իսկ ֆոտօ-շարքի հերոսները հէնց նրանք են, ում ձեռամբ  վերջին տասնամեակում փորւել են Թեհրանի կոյուղու ջրանցքները: Նրանք երբեմն թաքնւելով տեսախցիկից, երբեմն ձեռքի շարժումով մի կողմ հրելով ապարատը, յայտնւել են այս պատմութեան էջերում: Ու ակամայից մտածում ես ինչի՞ց են վախենում, չէ՞ որ բոլորն էլ իրար են նմանում:

Հետաքրքիր փաստ կայ նաեւ այն մասին, որ աֆղանների մօտ արդէն իսկ ձեւաւորւած նպատակ կայ՝ արտագաղթի ճանապարհը դէպի Արեւմուտք շարունակելու: Նրանցից ոմանք արտագնայ աշխատանքով վաստակած գումարի մի մասն ուղարկում էին Աֆղանստանի իրենց հարազատներին, ինչը սակայն, արտարժոյթի անվերահսկելի տատանումների բերումով դարձել է անիմաստ: Սրա կողքին կայ իրանական դպրոցներում միգրանտ երեխաներին մերժելու խնդիր, դոլարի նկատմամբ ստացւած աշխատավարձի արժեզրկումը…

Պաշտօնական ատեանների համաձայն՝ մինչեւ 2018 թւականը (Իրանի դէմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումը), Իրանում հաստատւած աֆղանական համայնքը հաշւում էր 2.4 միլիոն շունչ։ Իսկ թալիբների իշխանութեան վերադարձից յետոյ եւս 6 միլիոն աֆղանով համալրւեց այդ թիւը:  Նրանք հիմնականում զբաղեցնում են երկրի շինարարութեան ոլորտում բացւած աշխատատեղերի գրեթէ ամբողջ մասը:

Զեկոյցի համաձայն՝ այդ մարդկանց կէսից աւելին չունի գրանցւած իրաւական ինքնութիւն։

Յ. Գ. – Լուսանկարներն արւել են 2014-22 թւականների ընթացքում:

Related Articles

Back to top button