Նեթանիահուն զայրացած է Թրամփի մերձաւորարեւելեան քաղաքականութեան պատճառով, բայց չի կարողանում դիմակայել նրան

«ԱԼԻՔ» – Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի միջեւ յարաբերութիւնները լարւել են, քանի որ երկու երկրների ղեկավարները գնալով աւելի են տարակարծիք դառնում Գազայի հատւածի եւ Իրանի հետ կապւած հարցերի լուծման ռազմավարութեան շուրջ: Հաղորդում է ամերիկեան NBC News-ը՝ յղում անելով մերձաւորարեւելեան երկու դիւանագէտների եւ լարւածութեան մասին տեղեակ երկու այլ անձանց։
«Այնտեղ, որտեղ Նեթանիահուն տեսնում է Իրանի միջուկային օբիեկտները վերջնականապէս ոչնչացնելու հնարաւորութիւն, Թրամփը տեսնում է գործարքի կնքման միջոցով Իրանի կողմից միջուկային զէնք ձեռք բերելու սպառնալիքը վերացնելու հնարաւորութիւն։ Մինչ Իսրայէլը նոր ռազմական յարձակում է իրականացնում Գազայի վրայ, Թրամփը պնդում է հրադադարի հաստատումը եւ ձգտում է իրականացնել իր յետպատերազմեան ծրագիրը՝ այդ տարածքը «Մերձաւոր Արեւելքի Ռիջիերա» դարձնելու ուղղութեամբ»,- յայտնում է NBC News-ը:
Մերձաւորարեւելեան դիւանագէտների եւ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեայի վկայութեամբ, ԱՄՆ-ն ներկայումս դրդում է Իսրայէլին եւ ՀԱՄԱՍ-ին Գազայում հրադադարի մասին համաձայնութեան։
Սակայն ըստ NBC News-ի աղբիւրների՝ Իրանի նկատմամբ Թրամփի մօտեցումը Նեթանիահուի համար վէճի ամենամեծ առարկան է դարձել։
«Իսրայէլի ղեկավարը մի քանի շաբաթ շարունակ հիասթափութիւն է յայտնել Թրամփի՝ Իրանի միջուկային օբիեկտներին ռազմական հարւածներ հասցնելուն աջակցելուց հրաժարւելու եւ դրա փոխարէն Թեհրանին միջուկային զէնք ձեռք բերելուն խոչընդոտելուն ուղղւած համաձայնութեան հասնելու փորձ կատարելու որոշման կապակցութեամբ»,- յայտնել են աղբիւրները։
Ըստ աղբիւրների՝ անցեալ շաբաթ Նեթանիահուն ապշել եւ զայրացել է Թրամփի այն յայտարարութիւնից, թէ ԱՄՆ-ն դադարեցնում է իր ռազմական արշաւը Եմէնի դէմ՝ Կարմիր ծովում ամերիկեան նաւերի գնդակոծումը դադարեցնելու նրանց համաձայնութիւնից յետոյ։
Մերձաւորարեւելեան երկու դիւանագէտների հաղորդմամբ, երբ Նեթանիահուն անցեալ ամիս այցելել է Սպիտակ տուն՝ Թրամփի պաշտօնը ստանձնելուց յետոյ երկրորդ անգամ, նա յոյս ունէր, որ նախագահը կը խոստանայ ԱՄՆ օդային աջակցութիւն Իրանի միջուկային օբիեկտների դէմ Իսրայէլի հնարաւոր գործողութեանը։ Դիւանագէտների խօսքով՝ Իսրայէլի ղեկավարը յանկարծակիի է բերւել, երբ ԱՄՆ նախագահը դրա փոխարէն յայտարարել է, որ կը համաձայնի Թեհրանի հետ ուղիղ բանակցութիւնների։
Թէեւ Իրանի հետ Թրամփի դիւանագիտութիւնը եւ Եմէնի հետ ԱՄՆ գործարքը «խիստ անընդունելի» են Նեթանիահուի համար, սակայն Իսրայէլի վարչապետը Վաշինգտոնում կամ Իսրայէլում քաղաքական լծակներ չունի Թրամփի հետ ուղիղ առճակատման գնալու համար, որը ժողովրդականութիւն է վայելում Իսրայէլում Նեթանիահուի կողմնակիցների շրջանում, կարծում են NBC News-ի աղբիւրները: