Գագիկ Յարութիւնեան. «Տասնեակ երկրներ տարիներով սպասում են ԵՄ մտնելուն ու այդպէս էլ այնտեղ չեն յայտնւում. կոպեկներ են տալիս, որ ՀՀ-ում եւրոպական խօսքեր ասեն»

«ԱԼԻՔ» – Նախօրէին ՀՀ Կառավարութեան հերթական նիստից յետոյ Նիկոլ Փաշինեանը լրագրողների հետ ճապազրոյցում ասել էր, որ հնարաւոր չէ լինել ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԵՄ-ում։
«Երբ գայ պահը, որ պէտք է ընտրութիւնն անխուսափելի լինի` ԵՄ կամ ԵԱՏՄ, այդ ժամանակ կը կայացւի համապատասխան որոշում։ Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակեայ անդամակցումը հնարաւոր չէ»,- ասել էր Նիկոլ Փաշինեանը։
Ցանցային հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Գագիկ Յարութիւնեանի խօսքով՝ քաղաքական, տնտեսական եւ բոլոր առումներով Հայաստանի համար շահաւէտ է մնալ ԵԱՏՄ-ում, քանի որ տասնեակ պետութիւններ տարիներով սպասում են ԵՄ մտնելու համար եւ այնպէս էլ չեն հասնում, եւ այնպէս չէ, որ Եւրոպայում նստած՝ սպասում են Հայաստանին։
«Դժւար է Փաշինեանի ու իր խմբակի կողմից կատարւող որեւէ գործողութեան վերաբերեալ մեկնաբանութիւն տալը, որովհետեւ նրանց գործողութիւններում չկայ տրամաբանութիւն։ Ակնյայտ է, որ առանց ԵԱՏՄ-ի մենք զրկւելու ենք բազմաթիւ հնարաւորութիւններից, որովհետեւ Հայաստան եկող գումարների մեծ մասը գալիս է ԵԱՏՄ-ի հետ համագործակցութիւնից։
Ակնյայտ չէ՞, որ եւրոպական ուղղութեամբ Հայաստանը որեւէ հեռանկար չունի, կրկնում եմ՝ տասնեակ երկրներ տարիներով սպասում են ԵՄ մտնելուն ու այդպէս էլ այնտեղ չեն յայտնւում, մենք մեր յոյսն ինչի՞ վրայ ենք դրել։ Կարող եմ ասել, որ ԵՄ-ի վերաբերեալ Նիկոլ Փաշինեանն իր յայտարարութիւններն անում է՝ ելնելով ինչ-որ հանգամանքներից, կամ դրսից ասում են՝ նա էլ կրկնում է։ Փաշինեանի ասածներն իրողութեանը մօտ չեմ ընդունում»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Գագիկ Յարութիւնեանը։
Քաղաքագէտը յիշեցրել է՝ ժամանակին, երբ ՀՀ իշխանութիւնը ԵԱՏՄ-ի վերաբերեալ կայացրել է որոշում՝ հաշւի է առել ՀՀ-ի շահը, հիմա այս իշխանութիւնների որոշումները չեն ելնում ՀՀ շահերից, որովհետեւ Հայաստանի տնտեսութեանը ԵՄ-ն կարող է տալ ընդամէնը կոպեկներ, փոխարէնը՝ երկիրը կը կորցնի շատ մեծ շուկա։
«Վերջերս անընդհատ այս միտքն եմ կրկնում, որ նոյնիսկ լուրջ չեմ կարողանում քննադատել Նիկոլ Փաշինեանի քայլերն ու յայտարարութիւնները, որովհետեւ դրանք որեւէ տրամաբանութեան չեն ենթարկւում։ Նրա մանիպուլացնող յայտարարութիւնները ներկայացւում են տարբեր առիթներով։
Տնտեսութեան զարգացումը ես նաեւ ԵԱՏՄ-ում եմ տեսնում, իսկ մնացածն ուղղակի խօսքեր են՝ կոպեկներ են տալիս, որ ՀՀ-ում եւրոպական խօսքեր ասեն։ Սա է իմ մօտեցումը»,- ընդգծեց Գագիկ Յարութիւնեանը։
Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ