ԹեհրանՀամայնք

Առաջիկայ ներկայացումը «Չհարմահալ»-ում

Միութիւններում տարւող աշխատանքները կատարւում են միայն ի խնդիր մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման ու հայեցի դաստիարակութեան

 

Առ ի տեղեկութիւն մեր սիրելի հայրենակիցներին, յայտնում ենք, որ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Գեղարդ» թատերախումբը տարիների դադարից յետոյ, վերսկսել է իր աշխատանքը, բեմադրիչ ունենալով դերասան տկն. Անի Զաքարեանին:

Երբեմնի աշխոյժ եւ ակտիւ «Գեղարդ»-ը, տարիներ հանդիպելով ժամանակների դժւար եւ յարափոփոխ հոլովոյթների, դադարեցրել էր իր գործունէութիւնը սակայն՝ ո’չ գոյութիւնն ու համբաւը: Միութեան բոլոր ժամանակների վարչութիւնների ցանկութիւնն է եղել, աշխատունակ տեսնել «Գեղարդ»-ը, սակայն ի դերեւ են անցել թափած բոլոր ճիգ ու ջանքերը:

Անցեալում «Գեղարդ»-ը ղեկավարել են համայնքիս ճանաչւած եւ ակնառու բեմադրիչներ, ինչպիսիք են՝ Թունի Ամատունին, Էդւարդ Ասլանեանը, Սուրէն Մնացականեանը եւ ուրիշներ…

Այսօր կանգնած ենք մտահոգիչ լուրջ հրամայականի առջեւ, ունենալ թատրոն թէ՞ ոչ, արդեօ՞ք իրաւունք ունենք մեր մատաղ սերնդին զրկել արւեստի հրճւանքից, թատրոնը՝ բացի ժամանցային հրապուրիչ միջոց նաեւ ունի դաստիարակչական մեծ ազդեցութիւն երեխաների հայեցի դաստիարակութեան մէջ, այդ իսկ պատճառով, վարչութիւնս որոշեց վերականգնել «Գեղարդ»-ի աշխատանքները եւ շունչ տալ՝ վերակենդանացնելու եւ անխափան երթ ապահովելու հայ մշակոյթի այս բնագաւառը:

Ի հետեւումն վարչութեան որոշման, աշխատանքի հրաւիրւեց բոլորիս ծանօթ դերասան՝ տկն. Անի Զաքարեանին:

Արդէն վեց ամիս է ինչ թատերական խումբը անդուլ կերպով փորձեր է կատարում, դերակատարներ՝ Վանեսա Իսաւիի, Էռիկա Իսաւիի եւ Անի Յովհաննիսեանի մասնակցութեամբ, որպէսզի  թւականիս, հոկտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 1-ին, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, բեմահարթակ դուրս գալով, ներկայացնեն՝ «Երկու խոզուկներն ու գայլը» հետաքրքիր թատերգութիւնը:

Բեմայարդարման եւ հագուստների պատրաստման ուղութեամբ իրենց աջակցութիւնն են ցուցաբերել Արմէն Զարգարեանը եւ Ալիսոն Իսաւին:

Ի քաջալերանք դերակատար ամբողջ անձնակազմին, հարկաւոր ենք համարում հրաւիրել համայնքիս արւեստասէր անդամներին եւ աշակերտներին, թո’ղ, որ սիրելի հանդիսատեսի խուռներամ ներկայութիւնը, խթան հանդիսանայ, առաջին անգամ թատերական արւեստի հարթակ ոտք դրած եւ արւեստը գնահատող երիսասարդ դերակատարներին, որպէսզի մեր համայնքում ապրի թատրոնը եւ մեծ թւով երիտասարդներ ներգրաււեն այս ապարէզում:

Սպասում ենք Ձեր ընդառաջմանը:

Յարգանօք՝

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենրտոնական վարչութիւն

Related Articles

Back to top button