
Հայաստանի վերանկախացումը մեր ժողովրդի նորագոյն պատմութեան մեծագոյն իրադարձութիւններից է: Անկախութիւնը մեզ համար մեր ազգային ինքնութիւնը պահպահնելու, մեր ճակատագիրը սեփական ձեռքերով տնօրինելու եւ արժանապատիւ ապագայ կերտելու իրաւունքն ու պատասխանատւութիւնն է:
Սակայն անկախութեան ճանապարհը մեզ համար հեշտ չի եղել եւ անցել է ծանր փորձութիւնների միջով: Պատերազմները, մարդկային կորուստները, Արցախի կորուստը եւ հայրենազրկւած մեր հազարաւոր հայրենակիցների ցաւը դարձել են մեր նորագոյն պատմութեան ամենածանր էջերը:
Այսօր իշխանութիւնների ապազգային եւ ոչ հեռատես քաղաքականութեան արդիւնքում, ինչու չէ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի բացայայտ սպառնալիքների ներքոյ Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը լուրջ վտանգների է ենթարկւում:
Ցաւօք, նաեւ ականատես ենք, թէ ներկայիս ինչպէս են փորձում այսպէս կոչւած «Իրական Հայաստան»-ի գաղափարախօսութիւնը հրամցնել մեր ժողովրդին: Գաղափարախօսութիւն, որը փորձում է մեր հայրենիքի ընկալումը ներկայ Հանրապետութեան սահմանների մէջ սահմանափակել եւ պատմական Հայաստանի գաղափարը աստիճանաբար դուրս մղել ազգային գիտակցութիւնից:
Մենք չենք կարող ընդունել այդ կեղծ հակադրութիւնը, որի հետեւանքով Արցախի կորուստը, պատմական հայրենիքի յիշողութիւնը եւ ազգային պահանջատիրութիւնը վերածւեն անցանկալի թեմաների: Ուժեղ Հայաստանը չի կառուցւում սեփական անցեալը մերժելով:
Վերանկախացման այս օրը թող մեզ համար լինի ոչ միայն տօն, այլեւ պարտքի յիշեցում: Մենք պարտաւոր ենք մեր սերունդներին փոխանցել ոչ միայն անկախ պետութիւն, այլեւ ազգային արժանապատւութեամբ, պատմական յիշողութեամբ եւ ապագայի հանդէպ հաւատով ապրող Հայաստան:
Շնորհաւոր Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնը:
Փա՛ռք մեր հայրենիքի համար իրենց կեանքը զոհաբերած հերոսներին, խոնարհում՝ նրանց յիշատակին: Թող նրանց նւիրումը մեզ համար լինի ուժի, միասնութեան եւ հայրենասիրութեան պատգամ:
Կեցցէ՛ անկախ Հայաստանը,
Կեցցէ՛ հայ ժողովուրդը:
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ



