
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – HIECONET-ի (Հաւաքական տնտեսութեան համակարգ- Հայ գործարարների ցանց) եւ իրանահայ գործարարների միջեւ թւով երրորդ հանդիպումը տեղի ունեցաւ երէկ՝ օգոստոսի 27-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարբէգեան» դահլիճում:
Օրակարգում հասարակագէտ եւ համալսարանի դասախօս դոկտ. Մոհամմադ Ֆազելիի ներկայացրած «Տնտեսական զարգացման սոցիալական մեխանիզմները եւ կրօնական փոքրամասնութիւնների անուրանալի դերը» նիւթի հետ միասին նախատեսւած էր HIECONET-ի պատասխանատուների հետ հանդիպում, B2B հանդիպումներ յայտագրւած գործարարների հետ, ինչպէս նաեւ փոխադարձ ծանօթութիւնների համար համապատասխան հարթակի ապահովումը, որոնց մասին բացման խօսքում նշեց Մելինէ Փիազաքը:
Ականաւոր հասարակագէտի հետ հանդիպումը վարում էր անւանի լրագրող Սերգէյ Բարսեղեանը: Նա կարեւորելով իրանահայ գործարարների ցանց ստեղծելու գաղափարը նշեց. «Նման կարողութիւններով համայնքում այդօրինակ կենտրոնի ստեղծումն առնւազն տեղի է ունենում մէկ դար ուշացումով»:
Սերգէյ Բարսեղեանը ներկայացնելով օրւայ բանախօսի գիտական վաստակի եւ քաղաքական ասպարէզներում հեղինակութեան մասին խօսափողը տրամադրեց դոկտ. Մոհամմադ Ֆազելիին:
Դոկտ. Ֆազելին իր ուրախութիւնը յայտնեց նման միջավայրում ելոյթի հնարաւորութեան համար նշեց, որ երբ HIECONET-ի կողմից նրան դիմել են այսօրւայ ելոյթի համար, առանց տատանումի ընդունել է, քանի որ համոզւած էր հայերի հետ ցանկացած գործ լաւ աւարտ է ունենում:
Դոկտ. Ֆազելին իր ներկայացրած ուսումնասիրութեան մեկնարկին անդրադարձաւ արեւմտեան ակադեմիական կենտրոնների կատարած ուսումնասիրութիւններին, որոնց համաձայն կրօնական դաստիարակութեամբ համայնքներն ու ժողովուրդներն ունենում են աւելի ամուր հասարակական կեանք: Նա համեմատութիւնը պահելով կարեւորեց կրօնական փոքրամասնութիւնների զբաղեցրած դիրքն ու դերը դոմինանտ հասարակութիւններում, որտեղ հաւատամքով ձեռք բերւած ուժը ոչ միայն օգնում է ինքնութեան պահպանման հարցում, այլեւ համագործակցութեան ամուր ցանցաւորում է ստեղծում համայնքի ձեռնարկատէրերի միջեւ: «Նոյն ֆոնի վրայ, հայերը տարբեր երկրներում կազմւած Սփիւռք հասկացութեան շուրջ, հաւասարը չունեցող հնարաւորութիւն են ստեղծել համագործակցութեան ցանցն ընդլայնելու համար: Նման փորձը կարելի է տեսնել նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում եւ եւրոպական շատ երկրներում հաստատւած կրօնական փոքրամասնութիւնների հարցում, կամ նոյնիսկ իրանական հասարակութեան միւս փոքրամասնութիւնների դէպքում, որոնց յաջողւել է այս առիթը վերածել առաջընթացի ու զարգացման միջոցի»:
Դոկտ. Ֆազելին ակնարկեց իրանահայութեան մօտ նկատելի եւս մէկ երեւոյթի մասին: Այն, որ իրանահայերը փոքրամասնութիւններին համապատասխան դրսեւորումներով, առանձնանում են պետական ռանթերից փայ չունենալու պատճառով, ստիպւած գլխի ճարը տեսել են տարբեր մասնագիտութիւնների ուսուցման մէջ՝ դրանցում ամենալաւն ու անւանին դառնալով: «Այնպէս, որ Իրանում եթէ խօսքը գնայ թար նւագարանի պատրասման պատմութեան մասին, ապա չկայ ու չի լինելու «Եահեա թարսազ»-ից (Յովհաննէս Աբգարեան) աւելի բարձր վարպետ»,- օրինակներ նշելից ասաց բանախօսը:
Անւանի հասարակագէտն իր ելոյթի եզրափակիչ մասում փոքրամասնութիւնների յաջողութիւններով պայմանաւորւած գիտական, տնտեսական, բանկային համակարգերի զարգացման եւ արդիւնաբերութեան ոլորտներում առաջընթացները, նշեց, որ արեւմտեան երկրներում ուսումնասիրելով այս երեւոյթը, գիտակցւած կերպով այն ծառայեցնում են աշխարհի տարբեր երկրների հետ նոյնանման յարաբերութիւններ զարգացնելու կամ եղածն ամրացնելու հարցում, քանի որ ստեծղծւած «ցանցաւորում»-ը գնահատւում է, որպէս եզակի առիթ առաջընթացի համար:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս իր ելոյթում երկրորդեց զեկուցաբերի նշումները, յատկապէս, կրօնական փոքրամասնութիւնների քաղաքական մրցակցութիւններից կամ զարգացումներից հեռու մնալու փաստի մասին, որով նման համայնքները փորձում են կենտրոնանալ միայն գիտութեան, մշակոյթի եւ արդիւնաբերութեան ասպարէզներում աշխատանքների վրայ, ինչը, պատգամաւորի ասածով՝ փաստացիօրէն արդիւնաւորւել է մասնագիտական բարձր ունակութիւններով գործարարներ ունենալով ու վաստակած լաւ համբաւով:
Ընթացքում ծրագրի հաղորդավարը նշեց, որ գործարարների ու ներկայ լսարանի համար անհրաժեշտ է եւս մէկ անգամ բացատրել թէ ինչ նպատակ է հետապնդում HIECONET-ը եւ կազմակերպիչներից խնդրեց հակիրճ ելոյթներով ներկայացնեն այդ մասին:
Հիմնադիր խորհրդի ղեկավար Էմիլ Մնացականեանը ներկայացնելով կազմակերպութեան նպատակներն ու համայնքի գործարարների դեռեւս չբացայայտւած հաւաքական ուժը, բացատրութիւններ փոխանցեց կատարւած աշխատանքների մասին, միաժամանակ լսարանի ուշադրութեանը յանձնելով HIECONET-ի պաշտօնական կայքը, որտեղ մանրամասն ներկայացւած է աշխատանքների մասին: Նա նշեց, որ կազմակերպութեան աշխատանքների ասպարէզն այնքան ընդարձակ է, որտեղ կարելի է նաեւ համայնքային ասպարէզում աշխատող միութիւններին աջակցել բարելաււելու կամ արդիւնաւէտ դարձնել եկամուտի հետ կապւած աշխատանքները: «Այդ պատճառով է, որ այսօր հրաւիրեալների շարքերում են ՀՅԴ Բիւրոյի, «ԱԼԻՔ» հաստատութեան, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային միութիւնների ու հաստատութիւնների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները»,- նշեց Էմիլ Մնացականեանը:
Ընթացքում Արթուր Յովսէփեանը ներկաններին ծանօթացրեց ղեկավար խմբի անհատներին եւ գործակատար անձանց:
Ծրագրի այս հատւածը եզրափակւեց դոկտ. Մոհամմադ Ֆազելիին եւ Սերգէյ Բարսեղեանին յուշանւէրներ յանձնելու արարողութեամբ:
Վերջում ներկանները տեղափոխւեցին սրահում յատկացւած տարածք, որտեղ ընթացան B2B հանդիպումներրը:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ