ՀԱՏԻՍ
Իրանում տեղացող անձրեւներից գոյացած հեղեղումները արդէն մի ամիս է, ինչ յայտնւել են լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում, ինչի համաձայն՝ երկրի տարբեր բնակավայրերում յանկարծակիի բերելով տեղի բնակչութեանը, ջրածածկ են դարձնում բնակավայրերը, ճանապարհները, ինչպէս նաեւ գիւղատնտեսութիւնը:
Սա կարող է հին երիտասարդներից շատերին յիշեցնել 1968 թւականների ջրհեղեղը, երբ դեռ մեգապոլիս չդարձած մայրաքաղաքը հերթական անգամ ճաշակեց բնութեան զայրոյթը՝ Թեհրանում եղած գետերի վարարման հաշւին:
Եւ այսպէս, Թեհրանում ձեւաւորւող նորաշէն քաղաքամասերը, յատկապէս եթէ գտնւում էին սեզոնային ջրանցքների մերձաւորութեամբ, յայտնւեցին հեղեղումների կենտրոնում: Չնայած Թեհրանն արդէն հասցրել է մի քանի անգամ թարմացնել ջրհեղեղներից ունեցած յիշողութիւնը: Հեղեղումներ, որոնք նոյնիսկ զոհեր են խլել թեհրանահայ համայնքից:
Բացառիկ այս ֆոտոպատումը, որը գրանցւել է լուսանկարիչ Սերոժ Խաչատրեանի ձեռամբ (մեզ յաջողւեց անունը հաստատել Խորէն Արամունիի «Դպրոցի ճամբան» գրքում եղած լուսանկարներից) պատկերագրել է Սասուն քաղաքամասը յատող «Մասիլէ Բախթար» անունը կրող գետի վարարումը՝ 1968 թւականին, որը մի քանի ժամւայ ընթացքում քանդեց ու իր հետ տարաւ քաղաքամասի յայտնի կամուրջը:
Երեւի միայն այսքանը բաւարար կը լինէր յիշելու, որ քանդւած կամուրջին փոխարինելու եկաւ «Նազիկի փոլ»-ը, որը կառուցւեց «Բոնգչի» անունով ճանաչւած Նազիկի ջանքերով, իհարկէ թաղեցիներից հաւաքւած օգնութեամբ:
Լուսանկարներից մէկում թաղեցիներից մէկի չակերտաւոր հերոսութիւնն է երեւում, ով հեծանւով անցնում է քանդւելու շեմին յայտնւած կամրջի վրայով: Լուսանկարիչն այսպիսով ոչ միայն վաւերագրել է եղելութիւնը, այլ, նաեւ, կենտրոնացել է հաւաքւած բազմութեան վարւելակերպի ու յուզումներով դրսեւորումների վրայ:
Լուսանկարներով պատմւած պատմութեան կուլիսներում, երեւան է գալիս այն մշակոյթն ու հասարակական կեանքը, որը ժամանակին յանգեցրել է հայաբնակ քաղաքամասերը հայկական տեղանուներով կոչելը, նոյնիսկ եթէ այն պետական հաստատում չի ունեցել: Սակայն ոչ մէկի մտքով կարծես չի անցել անուն տալ նաեւ գետին: Այդպէս էլ «գետը» շարունակեց ճանաչւել հէնց «գետ» անունով:
Սովորական պայմաններում ջրառատ առւակ էր այն, ինչն առաջին տեղած անձրեւից յետոյ վարարում ու իսկական գետի էր վերածւում: Մէկ-մէկ էլ հունից դուրս գալու աստիճան որոտում ու ոռնում էր ու սրբում-տանում՝ դէմը եղած ամէն ինչ:
Ժամանակի ընթացքում գետի անցքն աւելի փոս դարձաւ: Մի քիչ էլ քաղաքապետարանի փորածն օգնեց, որ դառնայ ջրանցք: Թաղի երեխաների զբաղմունքներից մէկը դարձել էր գետի յատակում վխկտող առնէտներին քարով նշան բռնելը: Մի առ ժամանակ էլ այն ծառայել է, որպէս քաղաքամասի յայտնի խաչմերուկի ուռոդների (թմրամոլիների) գիշերային ապաստան: Վառում էին ձեռքներն ընկած ամէն ինչ, որից կարելի էր լոյս ու ջերմութիւն ստանալ: Երբեմն էլ նկատում էիր արմագեդոնային տեսարաններ, երբ գետաղբի մէջ քջջող թռչուններին որսալով, պլասմասով լի աղբակոյտը վառած, խորովում ու հետն էլ ձեռքերի ափը օդում պահելով տաքանում էին:
Արձանագրենք, որ որտեղ գետ՝ այնտեղ քաղաքակրթութիւն ձեւակերպումն այստեղ իր ուրոյն գոյնն ու երանգն է ունեցել: Սակայն գետափնեայ առեւտուր ու բիզնես, երբեւէ չի ստեղծւել գետի երկայնքով մէկ: Այն սկիզբ է առնում Օզգոլ բարձադիր շրջանից, որտեղից սարալանջի առւակներն ու աղբիւրները միաւորւելով հոսում են մինչեւ մայրաքաղաքի ամենահարաւային շրջաններ, սրբելով քաղաքային աղբի մի մասը:
«Մասիլ Բախթար» պաշտօնական անունը կրող մեր գետն իր երկայնքով մէկ, յատկապէս Սասուն քաղաքամասի ափեզրով, երկար տարիներ ծառայել է որպէս բեռնատար մեքենաների կայանատեղի: Այնտեղ լեգենդար հայ վարորդներ են կայանել իրենց բեռնատար «ձի»-երը: Հէնց այդպէս էլ կոչում են բեռնատարի կաբինը: Յաճախ կարելի էր հանդիպել այդ վարորդներին, յատկապէս, երբ «ձիաքարշի» հսկայ շարժիչը նորոգելիս էին լինում, կամ ամառային տաք արեւի տակ քրտինքը դէմքից կաթկթալիս՝ մեքենայի իւղը փոխելիս էիր տեսնում նրանց: Ամէն մէկն իր «նժոյգի ախորը» գիտէր, ու ոչ մէկը միւսի տեղը չէր կայանում մեքենան: Ճանապարհային հեռահար վարորդներն իրենց յատուկ մշակոյթն ու չգրւած օրէնքներն ունեն: Եւ այսպէս, անհնար էր տուն գնալ մաքուր շորերով: Միշտ իւղոտ շորերով ու սեւացած ձեռքերով էիր տուն հասնում: Մի երկու լաւ խօսք էին ասում, ինչը պարտադիր էր իհարկէ, ու բակից ուղիղ՝ լւացքատուն: Չէիր տեղաւորւելու լւացքի մեքենայի մէջ, այլապէս հաճոյքով, իհարկէ բարկութիւնից, քեզ մէջն էին գցելու՝ շորերիդ հետ միասին:
Ու այսքան տարի անց դուրս ես գալիս վարորդներից մէկին կամ նրանց ծանօթներին գտնելու: Պարզւում է այնքան էլ դժւար գործ չէր: Լուսանկար էլ են տրամադրում, պատրաստ են յիշողութիւններով կիսւել: Մտածում ես առիթները չխաչաձեւել, դրա համար առանձին համար է պէտք: Ասում են նաեւ, որ հին կեանքն այնքան էր տարբեր այսօրւանից: «Մի ժամանակ բեռնատարներ էին կայանում այստեղ, իսկ հիմա այնքան արագ են վարում, որ նոյնիսկ փողոցն անցնել չես կարող»,- շտապում է ասել նա:
Իսկ Սասունը Զէյթունին կապող մեր գետը, որը չգիտես ինչու ժամանակին մերն էինք համարում ու հայկակա՛ն, որպէս երեւոյթ, նոյնիսկ իր տեղն է ունեցել իրանահայ գրականութեան մէջ:
Նորվանն իր «Թրասքիխէն» վէպում գետի հետ կապւած ուշագրաւ նկարագրութիւն ունի: Այն վերադառնում է յեղափոխութեան սկզբնական օրերին, երբ ճաշարաններում արգելք դրւեց ոգելից խմիչքների վրայ: Նոյն օրերին էր, երբ յեղափոխականները մուտք գործելով ժամանցային նման վայրեր, ջարդ ու խուրդ էին անում խմիչքի շշերը, կամ արկղով դէն նետում: Նման վաւերագրական արժէք ունեցող դրւագներ կարելի է լսել ականատեսներից: Յատկապէս այդ ժամանակների յայտնի անձրեւոտ օրերից մէկի վարարած գետի պատմութիւնը: Նոյնանման պատկեր է պատմում գրողն իր վէպում, իհարկէ ինչպէս հարկն է անւանումներն ու դէպքերի յաջորդականութիւնը փոխելով:
Հեղինակը գրքի 63-րդ էջում գրում է. «1978 թւականի նոյեմբերի 4-ին, ժամանակի թագաւորական իշխանութեան կողմից շուրջ վաթսուն ուսանողի սպանութեան յաջորդ օրը կիրակի էր: Վրդովւած ամբոխը հրդեհում էր պետական ու ոչ պետական շէնքեր, հիմնարկութիւններ, բանկեր, սինեմաներ, ոգելից խմիչքներ սպասարկող խանութներ: Հայաբնակ Նարմաք թաղամասում հոսող գետը, աղբ ու տիղմից բացի, իր գիրկը թափած զանազան տեսակի շշեր ու արկղեր էր կրում, եւ դրանից խանդավառւած ու հարբած աւելի վայրագ էր դարձել: Հայ ու պարսիկ կանգնել էին գետի երկայնքով, եւ ափսոսանքով դիտում եղելութիւնը: Յանկարծ, երիտասարդ Սիմոնի գլխում չեղած ուղերղը առկայծեց: Շտապեց դէպի մօտակայ փողոցում գտնւող իրենց տուն, եւ քիչ անց վերադարձաւ մետաղեայ երկար ձողով, որի ծայրին կաշւէ տոպրակ էր ամրացւած: Սիմոնը նստեց գետի լայնքով անցկացւած երկաթէ խողովակին, երկու ոտքերը փաթաթեց դրա վզով, ուռկանը նետեց հեղեղոտ գետը եւ սպասեց: Առաջին որսը յաջող էր, մի շիշ օղի, երկրորդը գարեջուր էր: Խրախուսող խօսքերից ու ծափահարութիւններից ոգեւորւած աւարը փոխանցում էր գետեզրին կանգնած ընկերներին: Ընդամէնը վաթսուն կիլոգրամ քաշ ունեցող թմրամոլ Սիմոնի աչքերը փայլատակեցին՝ տեսնելով տոպրակում գերեվարւած վիսկու արկղը: Ողջ ուժերը հաւաքեց ու…գլորւեց գետը: Քանի օր անց, ահագին հեռաւորութեան վրայ գտան աղբ ու տիղմի մէջ խցկւած, փքւած ու կապտած մարմինը…»: Այդ օրերին փոքրիկ մանչուկ էր տողերիս հեղինակը, սակայն մոռանալու բան չէ այն փաստը, որ ընդամէնը մի քանի փողոց այն կողմ գտնւող՝ Բենիամին դեղատան մօտ դիրքաւորւած յեղափոխականների վրայ նետւած տեսաձայնային նռնակից տղան լեզուն կուլ էր տւել ու հազիւ մի շաբաթ յետոյ էր բացւել այն:
Այս մասին յիշող սերունդը դեռ տեղը տեղին կարող է պատմել եղելութիւնը, եթէ յանկարծ սխալւես ու հարց տաս: Բանը նրանում է, որ ստիպւած ես լինելու մի ամբողջ հատոր յուշ ու խտացւած գոյներով պատմութիւններ լսել: Չնայած դրա յիսուն տոկոսն էլ ո՛ր ճիշտ լինի, քաղաքամասն իր պատմութիւններով իւրայատուկ եւ չբացայայտւած է երեւալու: