ԹեհրանՀամայնք

Մեկնարկեց Թեհրանի հայոց թեմի 17-րդ շրջանի ՊԺ-ի երկրորդ նիստը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ յուլիսի 8-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թեհրանի հայոց թեմի 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի երկրորդ նիստը, որին ներկայ չէր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, վատառողջութեան պատճառով:

Սկզբում ՊԺ-ի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը պատգամաւորներին հրաւիրեց Տէրունական աղօթքով մեկնարկել նիստը, որից յետոյ Սրբազան Հօր համար մաղթեց առողջութիւն եւ փոխանցեց, որ ցաւօք նոյն օրը կեանքին հրաժեշտ է տւել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

Պատգամաւորների ներկայութիւնը ստուգելուց յետոյ, ժողովն իր աշխատանքը սկսեց 39 պատգամաւորներով, իսկ ընթացքում այն շարունակւեց աւելի քան 40 պատգամաւորների մասնակցութեամբ:

Ժողովին խորհրդակցական ձայնով ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ելոյթի ընթացքում գնահատական ներկայացրեց գործող Թեմական խորհրդի եռամեայ աշխատանքների մասին, եւ մի շարք առաջարկութիւններ ներկայացրեց կեանքի կոչւելիք առաջիկայ Թեմական խորհրդին: Նա գնահատանքով անդրադարձաւ Թեհրանի հայկական քաղաքամասերում Թեմական խորհրդի ժողովրդական հանդիպումներին, կարեւորեց «Սպասարկութեան սեղաններ»-ի անհրաժեշտութիւնը եւ ընդգծեց, որ անհրաժեշտ է խորհրդի կատարած աշխատանքներն աւելիով հանրութեան սեփականութիւնը դառնան: Պատգամաւորն անդրադարձաւ դպրոցների, եկեղեցիների, գերեզմանատան եւ համայնքային կառոյցների այլ հարցերին: Արա Շահվերդեանը կարեւորեց այն հանգամանքը, որ համայնքնային հարցերի աւելի արագ կարգաւորման համար անհրաժեշտ է ճշգրիտ ճանապարհային քարտէզ եւ յստակ ռազմավարութիւն: Պատգամաւորը գնահատանքով անդրադարձաւ գործող Թեմական խորհրդի աշխատանքներին՝ ընթացիկ շրջանում իրականացած երկու կարեւոր ընտրութիւններ ՊԺ-ին եւ Իսլ. խորհրդարանի ընտրութիւններին հեզասահ ընթացք հաղորդելու առումով եւ իր գնահատանքը յայտնեց ժողովրդին, որ խուռներամ շարքերով մասնակցել են Իրանի Իսլամական խորհրդարանի եւ ՊԺ-ի ընտրութիւններին եւ ընդգծեց, որ առաջին անգամը լինելով Իրանի նախագահական ընտրութիւններին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների կենտրոնները եւս ծառայել են որպէս ընտրատեղամասեր: Նա իր գնահատանքը յայտնեց Թեմական խորհրդի եռամեայ անխոնջ աշխատանքի համար եւ յաջողութիւն մաղթեց ՊԺ-ի կողմից ընտրւող նոր Թեմական խորհրդին:

Ժողովը յաջորդ օրակարգով ընտրեց բանաձեւային եւ ընտրական-քւէախոյզ յանձնախմբեր:

Յաջորդ օրակարգով ժողովը լսեց Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի 2021-ի հոկտեմբերից մինչ 2023 թւականի աւարտը կարտարած համապարփակ աշխատանքների զեկոյցը, կապւած՝ Սրբազան Հօր ներհամայնքային ու միջազգային հանդիպումներին, եկեղեցական ու ազգային տօների նշմանը, քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի աշխատանքներին, հրատարակութիւններին, կրօնի դասագրքերին, պետական հանդիպումներին, եկեղեցիների աշխատանքներին, դատական խորհրդին, դպրոցներում տարած աշխատանքներին, կրօնի ուսուցիաչներին ու նման ոլորտներում  ծաւալած աշխատանքներին եւ եկեղեցական խնդիրներին: Զեկոյցը ընթերցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, որից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանեց քահանայ հայրը:

Դադարից յետոյ պատգամաւորները շարունակեցին իրենց հարցումները, առաջարկութիւնները, ըստ էութեան արտայայտութիւնները՝ ուղղւած Կրօնական խորհրդին:

Ժողովը շարունակւելու է այսօր՝ յուլիսի 9-ին:

Related Articles

Back to top button