Դաշնակցական Բեմ

ԻՐԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ ՆԵՐՈՒԺ ՈՒ ՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Որպէս հազարամեակների հարեւան ու բարեկամ երկրներ՝ Իրանն ու Հայաստանը, պատմական դեռ վաղ ժամանակաշրջանների երկայնքներում, բազմաթիւ անգամներ են ճաշակել ինչպէս տարբեր, այնպէս էլ համատեղ սպառնալիքները՝ բարբարոս ու թշնամի ցեղերի ոտնձգութիւնների արդիւնքում… Այդ իսկ պատճառով էլ, քիչ չեն եղել նմանատիպ դրւագները, երբ երկու երկրի-ժողովուրդները միմեանց բախտակից-ճակատագրակից են համարել։

Դեռեւս թարմ են յիշողութիւնների մէջ նախորդ՝ 20-րդ դարասկզբի նմանօրինակ դէպքերը, երբ Իրանը որպէս պետական միաւոր, սակայն, խիստ թուլամորթ իշխանութեամբ, իսկ Հայաստանը որպէս ոչ-պետական միաւոր ու բաժանւած՝ արեւմտեան ու արեւելեան հատւածների, ճաշակում էին միեւնոյն՝ թուրք-օսմանական բանակների ջարդարար ներխուժումները սեփական սահմաններից ներս։ Դրանք, հետզհետէ, ծանրագոյն հետեւանքներ պատճառեցին երկու ժողովուրդներին,  յատկապէս մեզ՝ հայերիս համար, որպէս կրողը՝ դարի առաջին ցեղասպանութեան…։

Այնուհետեւ, հայութեան համար 1918-20 թթ. անկախութեան ժամանակաշրջանից ի վեր եւս  թուրքական սպառնալիքը առկայ է եղել՝ սովետա-թուրքական դաշինքի արդիւնքում շինծու-արհեստածին Ադրբեջան միաւորի յայտնութեամբ, որն ոչ պակաս սպառնալիք դարձաւ նաեւ Իրանի ու նրա անբաժան տարածքը  համարւող իրական Ատրպատականի համար…։ Սոյն սպառնալիքը, հետագային եւս, յատկապէս 2-րդ համաշխարհայինի ժամանակ, կրկին անգամ գործի դրւեց սովետա-թուրքական անջատողական ձախողւած դաւադրութիւնների տեսքով…։

Յարգելի ընթերցողը հաստատապէս իրազեկ է այսօրեայ, այսինքն՝ սկսեալ 21-րդ դարից, միեւնոյն՝ պանթուրքիզմի ներուժ ու ներգործուն  անթաքոյց սպառնալիքներին, որոնք միաժամանակ, բայց տարբեր հարթութիւններում, վտանգում են ինչպէս Իրանի, այնպէս էլ ու մանաւանդ՝ Հայաստանի Հանրապետութեան ազգային-պետական-տարածքային շահերը։

Մասնաւորաբար, Արցախի կորստից յետոյ, ՀՀ-ի համար սպառնալիքները դրսեւորւեցին ոչ միայն ադրբեջանա-թուրքական արտաքին, այլեւ ներքին-դաւադիր ու թրքահպատակ հայանուն գործակալների տեսքով։ Այս վերջինների միակողմանի զիջումների հայրենադաւ կուրսը դեռեւս շարունակւում է ամենայն լկտիութեամբ, վայելելով հաւաքական արեւմուտքի եւ նոյն պանթուրքական դաշինքի ամբողջական ու տարատեսակ զօրակցութիւնները։

Իսկ Իրանի դէպքում, ահա, անզէն աչքով էլ տեսանելի են ներկայումս թէեւ ներուժ, բայց չի բացառւում նաեւ ապագայի հաշւին ներգործուն սպառնալիքները, որոնք արտայայտւում են ինչպէս վերոգրեալ դերակատարների, այնպէս էլ արդէն իրողապէս Իրանի թիւ 1 թշնամի՝ սիոնիստական ռեժիմի ուղղակի մասնակցութեամբ։ Չէ՞ որ արդէն իսկ արձանագրւած ու բարձրաձայնւած փաստ է՝ իսրայէլական տարբեր կարգի հետախուզական եւ ինչու ոչ նաեւ՝ զինւորական յենակների առկայութիւնը Իրանին սահմանակից «ազատագրւած» Արցախի տարածքների երկայնքով…։

* * *

Ահաւասիկ, երկու հարեւան-բարեկամ ժողովուրդները միաժամանակ ներքաղաքական կարեւոր իրադարձութիւններ են թեւակոխել:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համապետական ընտրական գործընթացներով՝ պատրաստւում է 14-րդ կառավարութեան ղեկը յանձնել նորընտիր նախագահին։ Սրա նախորդի, ի դէպ՝ դժբախտ պատահարի, եւ  որոշակի  վերլուծութիւնների համաձայն՝ ոչ-պատահական դէպքի արդիւնքում զոհւած Նախագահ Ռէյիսիի ուղղաթիռի վթարը պատահել է միեւնոյն՝ արցախեան տարածքներին յարակից՝ իրանական  սահմանի լեռնային շրջանում։

Ինչեւէ, համապետական նախագահական արտահերթ ընտրութիւնների արդիւնքում, կարելի է ամենայն համոզումով ասել, որ Իրանի քաջարի եւ ըստ ամենայնի ՊԵՏԱԿԱՆԱՄԷՏ ու գիտակից ընտրողը կողմնորոշւելու է յանուն նոյն պետականութեան անվտանգութեան ու առաւել հզօրացման, որպէսզի սաղմի մէջ իսկ կասեցւեն այսօրւայ ներուժ, իսկ գալիքի ներգործուն սպառնալիքները։

Ինչ խօսք՝ արթուն իրանահայն էլ, ինչպէս անցնող ողջ 45-տարիներին, այժմ եւս, առաւել զգօնութեամբ՝ կողմնորոշւելու է յանուն Իրանի պետական ու ազգային շահերի ամրապնդման, իր աշխոյժ մասնակցութիւնն ցուցաբերելով կարեւոր ընտրութիւններին։

Գալով Հայրենի երկիր Հայաստանի ներքաղաքական խմորումներին, հարկաւոր է ընդգծել, որ թէ՛ ներքին դաւադրական, եւ թէ՛ արտաքին թշնամական ներուժ ու ներգործուն սպառնալիքների դիմագրաւմանը դէմ-յանդիման է կանգնած ողջ հայութիւնը։

Համաժողովրդական պայքարի վերջին ժամանակաշրջանի այս թոհուբոհում, Շարժման առաջամարտիկները դիմագրաւում են ծանրակշիռ ու ըստ ամենայնի անհաւասար-տմարդի խոչընդոտումներ, որոնք համադիր կերպով ուղղւած են Սրբազան Պայքարի ելած հայորդիների դէմ։

Տայ Աստւած, որ յարատեւ ու համբերատար պայքարի արդիւնքում, զարթօնք ապրող հայրենապաշտ մեր ժողովուրդը եւս ամրագրի իր ՊԵՏԱԿԱՆԱՄԷՏ կամքը՝ յանուն իր, եւ յատկապէս նախորդ ու դեռ գալիք սերունդների արժանավայել ապագայի…։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button