Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբ. Մենք թոյլ չենք տայ ԱՄՆ-ի միջամտութիւնը Հորմոզի նեղուցի կառավարման հարցում

Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարական շտաբի խօսնակը, ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը թոյլ չի տայ ԱՄՆ-ի միջամտութիւնը Հորմոզի նեղուցի կառավարման հարցում, յայտարարել է, որ այս ռազմավարական ջրային ուղու հարցերին միջամտելու Վաշինգտոնի ցանկացած գործողութիւն լրջօրէն կը վտանգի տարածաշրջանի անվտանգութիւնը, միջազգային առեւտուրը եւ առեւտրային ու նաւթատար նաւերի տեղաշարժը:
Նա նաեւ տարածաշրջանում անապահովութեան եւ պատերազմի տարածման հնարաւորութեան պատասխանատւութիւնը վերագրեց Միացեալ Նահանգներին եւ այդ երկրի բանակի հետ համագործակցող պետութիւններին:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարական շտաբի խօսնակը յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերը վճռականօրէն կը պատասխանեն նշանակւած երթուղիներից դուրս եւ առանց թոյլտւութեան նաւերի երթեւեկութեան հարցում ԱՄՆ բանակի ցանկացած միջամտութեանը: Նա նաեւ զգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցութիւն եւ նրան լոգիստիկ աջակցութիւն կը համարւի Իրանի ինքնիշխանութեան եւ ազգային անվտանգութեան դէմ ուղղւած գործողութիւն եւ կարող է յանգեցնել տարածաշրջանում պատերազմի շրջանակների ընդլայնմանը:



