Ս. Թադէոս Առաքեալի վանքի 72-րդ տարւայ ուխտագնացութիւնը կը կայանայ յուլիսի 16-ից 18-ը

Այս տարի Իրանի Մաքուի շրջանում գտնւող Ս. Թադէոս Առաքեալի վանքը կը հիւրընկալի իր կազմակերպւող տարեկան ուխտագնացութեան 72-րդ տարւայ ուխատւորներին:
Ատրպատականի հայոց թեմի կազմակերպութեամբ, յուլիսի 16-ից 18-ը տեղի ունենալիք եռօրեայ ուխտագնացութիւնը կը կայանայ բարձր հովանաւորութեամբ Արամ Ա Կաթողիկոսի եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի։
Ս. Թադէոսի վանքը քրիստոնէական աշխարհի հնագոյն սրբավայրերից է եւ կապւում է Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիրներից Ս. Թադէոս Առաքեալի քարոզչական առաքելութեան ու նահատակութեան հետ։ Դարեր շարունակ այն եղել է հայ ժողովրդի հաւատի, աղօթքի եւ ուխտի խորհրդանիշներից մէկը։
Սրբավայրի կազմակերպւած ուխտագնացութեան աւանդոյթը վերակենդանացւել է 1954 թւականին, երբ մի խումբ հաւատացեալներ դժւարանցանելի ճանապարհներով հասել են վանք։ Հետագային, Իրանի Իսլամական Հանրապետութեան աջակցութեամբ ճանապարհների բարեկարգումից յետոյ, ուխտաւորների թիւը զգալիօրէն աճել է։ 1968 թւականին այն արդէն հասել էր շուրջ 12 հազարի, իսկ այսօր եւս ամէն տարի հազարաւոր ուխտաւորներ, Իրանի տարբեր քաղաքներից ու Հայաստանից եւ Սփիւռքի համայնքներից, մասնակցում են այս բացառիկ հոգեւոր հաւաքին։
Ուխտագնացութեան օրերին Ս. Թադէոսի վանքում կը մատուցւի Ս. Պատարագ, կը կատարւեն ժամերգութիւններ, Ջրօրհնէքի արարողութիւն, մկրտութիւններ եւ մատաղի օրհնութիւն։ Ջրօրհնէքի աւարտին միւռոնով օրհնւած ջուրը կը բաժանւի ուխտաւորներին՝ փոխանցելով տօնի հոգեւոր խորհուրդը։
Ս. Պատարագի երգեցողութիւնը կը կատարի «Կոմիտաս» երգչախումբը երաժիշտ Վարդան Վահրամեանի ղեկավարութեամբ։
Ս. Թադէոսի վանքը 2008 թւականից ընդգրկւած է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում եւ շարունակում է մնալ ոչ միայն Իրանի, այլեւ ամբողջ հայութեան կարեւորագոյն ուխտատեղիներից մէկը՝ ամէն տարի համախմբելով հազարաւոր հաւատացեալների։
Ա.



