ԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ. Ալիսիա Կիրակոսեանի գրականութիւնը

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Իսպանահունչ այն հռչակւած բանաստեղծուհին է, որ գրաւած լինելով իսպանախօս ժողովուրդների սիրտը, եւ արժանացած լինելով բազմաթիւ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, ապա արդէն հեղինակաբար հնչում է հայաղօղանջ։ Նրա բանաստեղծութիւնները իսպաներէն, ապա անգլերէն, նաեւ ստեղծագործւեցին հայերէնով։ Դա մեծ տեղաշարժ էր հեղինակի ու հայ ընթերցողի փոխյարաբերութեան մէջ, ըստ որում դա սկսեց տեղի ունենալ թարգմանչի չմիջնորդւածութեամբ, այլ ուղղակի, հեղինակային հայերէնով, որպէս ստեղծագործութիւն։ Թէ տւեալ ստեղծագործութիւնը իր նախնական մտապատկերային եւ բառամտածողութեան վիճակում ի՞նչ լեզւով է իր սաղմնային գոյառոյթը ստացել, հետաքրքրական չէ. դրա բացայայտումը այլեւս կը լինի փսփսուքային մանրուք։ Բուն խնդիրը՝ ստեղծագործութիւնն է։ Ալիսիա Կիրակոսեանը հեղինակային անհատականութեամբ պատկանում է արգենտինեան, ամերիկեան եւ հայկական եռամշակոյթներին։
Քսաներորդ դարի 70-ական թւականներից իսպանական աշխարհատարած ծաւալում արդէն հանրայայտ ճանաչում նւաճած, նա ներխուժեց հայոց բանաստեղծութեան գեղաշխարհը, Հայաստանից՝ Սփիւռք, հայաստանցի չլինելով հանդերձ. հիմնականում, հայրենի բանաստեղծ Վահագն Դաւթեանի վարպետ թարգմանութեամբ։ Մի շարք ակնառու տւեալներով Ալիսիա Կիրակոսեանը ընթացիկ հայ գրականութեան մէջ վաստակել է իր արժանաւոր ու անզիջելի բարձը։ Նրա իսպաներէն բանաստեղծութիւնների մի գրքի շապիկը նկարազարդել է աշխարհահռչակ գեղանկարիչ եւ քանդակագործ Պաբլօ Պիկասոն։
Ա․ Կիրակոսեանը բանաստեղծական խոհաշխարհով ըմբռնում է կեանքը տիեզերական զանգւածեղութեամբ, ուր խորանում է իր մարդկային սահմանափակ փորձառոյթների պարոյկով, հարցախուզութեամբ, բողոքներով, խոստովանութիւններով, աղօթքների ու աղերսանքների մրմունջներով, վախերի ու ցաւերի կտտանքներով, երազների ու բաղձանքների մաղթանքներով, յարատեւ ամրացող հաւատքով. միաժամանակ, քննարկումների ու վերլուծութիւնների մարգարտաշարով։ Բանաստեղծական մենախօսութեան մի խոհամարտ, կեանքի ընդմիջից մինչեւ աստւածային ամենաբովանդակութիւնը… նւաճելու ստեղծագործողի հասունութիւն, շահելու ընթերցողին, որպէս հեղինակային հուսկնպատակ։ Նա իր բանաստեղծական մտածողութեամբ աւելի արագ է սուրում, քան ժամանակը, որ քարշ է գալիս հետքից, ոտքերին կառչած։ Նրա բանաստեղծական մտորումը թեւեր ունի, թռչում է։ Իմաստային ու առնչական իմաստով նա գերտարածական բանաստեղծութեան է հասել բազմագոյ էութիւնների ներսեփականումով։ Նախ զգում, մտապատկերում է. ապա բառակերտում է, որպէս ստեղծագործութիւն, որպէս երկ ու բանաստեղծութիւն, որպէս կեանքի ալիսիական արտացոլում մանրահամատիեզերական երկարութեամբ, լայնութեամբ ու խորութեամբ, բովանդակութեամբ… Նա բազմաէակ անհատականութիւն ունի. ներհայեցողութեամբ արդէն դառնում է երկու էակ. մէկը՝ որ նայում, զննում է իր ներաշխարհը, որպէս մի գոյ էակ. միւսը, որ ներաշխարհն է, որպէս մի առանձին գոյ էակ։ Այդ երկու էակների մասին մտորելը, զգալը, նա կատարում է տակաւին մի երրորդ, անկախ էակի միջոցով, որի հետ հարցազրոյցի, կամ քննախուզութեան է մտնում եւս մի այլ գոյ էութեան միջոցով։ Այդպիսով է նա մէկ կեանքին պարգեւում բազմակի գոյութիւն։ Իհարկէ, կարծեցեալ։ Այդ բազմակի գոյութիւնների փոխյարաբերութիւններով նա հասնում է գերտարածականութեան։ Այդպիսով է ծնւում նրա գերտարածական բանաստեղծութիւնը, ինքնալրումի փուլեր բոլորելով։ Նրա ստեղծագործութիւնների գեղարւեստական, մտապատկերային համակարգը իւրայատուկ է։ Գերտարածական համեմատութիւններով ու բնորոշումներով կարելի է նրան հոգեհարազատ համարել Նարեկացու հետ, ընթացիկ արդիականութեամբ։ Որպէս ստեղծագործող նախ ընկալում է իր տեսածը աշխարհը, կուտակում է իր մէջ, ապա ներհայեցողութեամբ արտացոլում է բանաստեղծութեամբ, որ հաւատացած է՝ կեանքի նկարկենն է, կենդանագիրը։ Այլեւ խորքով ու իմաստային գերտարածութեամբ է ընկալում բառը, դրա կարեւորութիւնը հաղորդակցւելու ընդկեանքի, կեանքի ու գերկեանքի հետ։ Տարածութիւնների ենթակայական բաշխումներ։ Հաւատում է հոգու անմահութեանը, վերմարդեղութեանը՝ Շամիրամից մինչեւ Կլեոպատրա… մինչեւ Ալիսիա Կիրակոսեան։
Նա հմայւած է մայրութեան աշխարհով. նրա մայրերգութիւնը պարզ ձօն չէ մայրութեան, այլ նաեւ մօր կողմից՝ վասն զաւակի սիրոյ ու նւիրւածութեան, զաւակի մայրստեղծութեան հրաշքի փառերգութիւն է, իւրովի մտապատկերած, երեւոյթի ընկալման գիւտւած նորութեամբ։
Իւրովսանն սփիւռահայի անհատականութեամբ է վերաբերւում մեր ազգային ու հայրենական սրբութիւններին, որոնց հետ հարազատ է ու մերձ դարերի վաղեմիութեամբ. օրհներգում է արդի ու ընթացիկ վերահանդիպումը, նախկին, վաղնջական հարազատի ջերմութեամբ, գերտարածական վերմարդեղութեամբ։
Իւրաքանչիւր խորագրի տակ նրա բանաստեղծութիւնները յաճախ չեն հասնում մի գերագոյն աւարտի, այլ մի տեսակ մերւում են անվերջանալիութեան, անսահմանութեան հետ, աստղունքով ընդմիջւած, որ երգւած նիւթի գերտարածումն են բնորոշում։ Նրա բանաստեղծութիւնը յագեցած է մի խորհրդաւոր ներշնչումով, եւ դիպչում է ընթերցողի այնպիսի զգացումներին, որ համարւում են սրտի գաղտնարանում պահւած ներանձնական ծաւալ։
Նա ժամանակին ըստ արժանւոյն ներկայացւել եւ ընդունւել է, որպէս Նոբէլեան մրցանակի թեկնածու։ Եթէ պատահի, որ արդարութիւնը եւ ճշմարտութիւնը համընկնեն այս տարի, ուրեմն պէտք է հաւատալ Նոբէլեան տւչութեան արդար ու ճշմարիտ յատկութեանը, ու մերժել որեւէ քաղաքադիւանագիտական նկատառումների ներգործութիւն, որ հայոց դէպքում չգոյ է։
Լոս Անջելէսում, կեանքի 78-րդ տարում, մահացաւ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանը. նա ծնւել էր 1936 յուլիսի 13-ին, Արգենտինայի Կորդովա քաղաքում: Ալիսիա Կիրակոսեանը գրել է իսպաներէն, իտալերէն, յետոյ նաեւ՝ հայերեն եւ անգլերէն: Նա ծնւել է վանեցի Գուրգէն Կիրակոսեանի ընտանիքում: Սովորել է Բուէնոս Այրեսի Ազգային համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում, 10 տարի խաղացել է արգենտինեան թատրոնում, որպէս դերասանուհի: ԱՄՆ-ում բնակւում էր 1971-ից: ԱՄՆ-ի իսպանախօս գրողների միութեան պատւաւոր նախագահն էր: Կիրակոսեանի պոէզիայի թեմատիկ առանցքն են կազմում սէրը, մայրութիւնը, հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը:
Իսպաներէն եւ իտալերէն ժողովածուներն են` «Մէկ օր, հինգ ձայն» 1966 թ., «Էութիւն եւ կետադրութիւն» 1967 թ., «Պեդրօ Ամոր» 1969 թ., «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մէջ» 1970 թ., «Հայաստանեան ապրումներ» 1970 թ., «Երկունքի ոլորտ» 1972 թ., «Հակաշխարհ» 1972 թ., «Մոխիրներից յետոյ եւ նամակ առ Հայաստան» 1972 թ., «Մայրութեան քերթւածներ» 1989 թ.:
Նրա «Պեդրօ Ամոր» պիէսը ներկայացւել է Բուէնոս Այրեսի «Պայրո» թատրոնում: Հայերէն լոյս են տեսել նրա «Արմատ եւ էութիւն» 1967 թ., «Նամակ առ Հայաստան» 1979 թ., «Խորան I» 1992 թ. «Խորան II» 1992 թ,. «Ամբողջական երկեր» 2005 թ. ներառւած են «Հարցազրոյց Աստծու հետ», «Սիրոյ մէկուկէս հազարամեակ») գրքերը: Եռալեզու հրատարակւել է «Բանաստեղծութիւն եւ գերտարածութիւն» 1994 թ., «Խաղաղութիւն քւանտային» 2005 թ., անգլերէն` «Սէր եւ մայրութիւն բառերից այն կողմ» 1992 թ., «Մտորում բառից այն կողմ» 1992 թ., «Արմատ բառից այն կողմ» 1992 թ., «Բեմ` երկնքի համար» 1992 թ. գրքերը:
Կիրակոսեանը գերտարածական կոչւող բանաստեղծական շարժման հիմնադիրն է. տեսութիւնը հրապարակել է իսպաներէն, հայերէն եւ անգլերէն 1992 թ.:
Նրա պոէզիան բնորոշւում է անհատի ներաշխարհի պատկերներով, արդիական լեզւամտածողութեամբ, բանաստեղծական վերաիմաստաւորումների ինքնատիպութեամբ: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանեան պատմական իրադարձութիւններին: Իսպաներէնի է թարգմանել Րաֆֆու «Խենթը»: Բազմիցս այցելել է Հայաստան: Պարգեւատրւել է Խաչատուր Աբովեանի անւան մրցանակով: ՀՀ ԳԱԱ պատւաւոր դոկտոր է ընտրւել 2007 թ.:
Դուստրը` Լարան ծնւած 1973 թ., անգլիագիր բանաստեղծուհի է:



