ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԴԵՄՈԿՐԱՍԻԱՅԻ ԱՆՈՒՆՈՎ՝ ՅԱՆՈՒՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ՀԱՏԻՍ

 

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համար է այն ձեւաւորւում եւ ո՞ւմ է ծառայում։ Հանրային կարծիքը ինքնաբուխ երեւոյթ չէ. այն քաղաքական կեանքի ամենաազդեցիկ գործիքներից մէկն է, որի միջոցով ոչ միայն ձեւաւորւում են հասարակական տրամադրութիւնները, այլեւ արդարացւում են քաղաքական որոշումները։ Այդ իսկ պատճառով իշխանութեան համար երբեմն աւելի կարեւոր է ոչ թէ դատարանի վճիռը, այլ այն, որ դատարանից առաջ արդէն ձեւաւորւած լինի հասարակական դատավճիռը։

Մի ժամանակ այդ դերը մեծ մասամբ վերապահւած էր տպագիր մամուլին։ Թերթը, որքան էլ գաղափարական ուղղւածութիւն ունենար, ենթադրում էր խմբագրական պատասխանատւութիւն, փաստերի համադրում, հակադիր կարծիքների գոյակցութիւն։ Այսօր այդ դաշտը մեծապէս զիջել է իր տեղը սոցիալական ցանցերին, որտեղ ժամանակը չափւում է վայրկեաններով, իսկ ճշմարտութիւնը յաճախ զոհաբերւում է ազդեցիկ վերնագրի, սրամիտ վիրաւորանքի կամ զգացմունքային ճկուն պոռթկման օգտին։ Այստեղ ոչ թէ փաստն է տարածւում, այլ այն, ինչը բորբոքում է, վիրաւորում, զայրացնում կամ հաճոյանում ամբոխին։

Այդտեղ է, որ հանրային կարծիքը սկսում է ծառայել ոչ թէ հասարակութեանը, այլ քաղաքական նպատակին։ Քաղաքական պայքարի ամենահին սկզբունքներից մէկը՝ «նպատակն արդարացնում է միջոցը», նոր շունչ է ստանում։ Բաւական է յայտարարել, թէ պայքարը մղւում է «արդարութիւնը վերականգնելու» համար, եւ հասարակութեան մի զգալի մասը պատրաստ է աչք փակելու այն միջոցների վրայ, որոնցով այդ «արդարութիւնը» հաստատւում է։ Առաւել եւս, երբ թիրախ են ընտրւում մարդիկ, որոնց նկատմամբ հասարակութեան մէջ վաղուց ձեւաւորւած է դժգոհութիւն՝ հարուստներ, նախկին պաշտօնեաներ, ազդեցիկ գործարարներ կամ քաղաքական հակառակորդներ։ Այդ դէպքում մեղադրանքը շատ աւելի արագ է ընդունւում, քան ապացոյցը։

Այստեղ առանձնայատուկ նշանակութիւն է ստանում լեզուն։ Քաղաքական բառապաշարը փոխարինւում է վիրաւորանքով, ծաղրով, նսեմացմամբ եւ ատելութեան շեշտադրումներով։ Այն, ինչ երէկ կարելի էր լսել փողոցային վիճաբանութեան ժամանակ, այսօր հնչում է պետական բեմերից, պաշտօնական հաղորդագրութիւններում եւ իշխանական քարոզչութեան մէջ։ Երբ պետութիւնը սկսում է խօսել ամբոխի լեզւով, այդ լեզուն այլեւս փողոցային չէ. այն վերածւում է պետական քաղաքականութեան։ Իսկ այդ պահին քաղաքական հակառակորդը դադարում է լինել այլակարծիք եւ ներկայացւում է որպէս հասարակութեան թշնամի։

Այս մթնոլորտում դատարանը աստիճանաբար կորցնում է իր նշանակութիւնը։ «Հանրային կարծիքն» ինքն է դառնում դատարան։ Սոցիալական ցանցերի դատավճիռը յաճախ աւելի արագ է, աւելի կտրուկ եւ աւելի անբեկանելի, քան դատական որեւէ որոշում։ Մարդը նախ դատապարտւում է հանրային գիտակցութեան մէջ եւ միայն յետոյ կանգնում դատարանի առաջ։ Իսկ երբ հասարակութիւնը համոզւած է, որ արդէն գիտի ճշմարտութիւնը, դատարանի անհրաժեշտութիւնն անգամ երկրորդական է թւում։

Սոցիալական ցանցերն ունեն նաեւ մէկ այլ ազդեցութիւն։ Դրանք ստեղծում են այն պատրանքը, թէ գոյութիւն ունի միայն մէկ ընդունելի կարծիք։ Ով համարձակւում է կասկածի տակ դնել գերիշխող պատմութիւնը, անմիջապէս ենթարկւում է պիտակաւորման, ծաղրի կամ հանրային հալածանքի։ Այս երեւոյթը վաղուց նկարագրւած է որպէս «լռութեան պարոյր». մարդիկ լռում են ոչ այն պատճառով, որ համաձայն են մեծամասնութեան հետ, այլ որովհետեւ չեն ցանկանում մեկուսանալ։ Այդ լռութիւնը, իր հերթին, ստեղծում է արհեստական մեծամասնութեան պատրանք, որն իշխանութիւնը ներկայացնում է որպէս ժողովրդի կամք։

Հայաստանի յետընտրական զարգացումները եւս այս երեւոյթի հերթական դրսեւորումներից են։ Զանգւածային ընտրախախտումների մասին հնչած մեղադրանքներն այդպէս էլ չդարձան խորքային եւ վստահելի հանրային քննութեան առարկայ։ Փոխարէնը քաղաքական օրակարգի առանցքում յայտնւեցին ընդդիմադիրների նկատմամբ իրականացւող ձերբակալութիւնները, խուզարկութիւնները եւ ճնշման այլ միջոցները։ Հանրային կարծիքն արդէն նախապատրաստւած էր ընդունելու այդ գործողութիւնները որպէս «արդարութեան հաստատում», իսկ իշխանութիւնը՝ որպէս այդ արդարութեան միակ իրականացնող։

Սակայն այստեղ ծագում է եւս մէկ առանցքային հարց։ Միթէ՞ այս մեխանիզմը բնորոշ է միայն ներկայ իշխանութեանը։ Պատասխանը, դժբախտաբար, բացասական է։ Գրեթէ իւրաքանչիւր ընդդիմութիւն իշխանութեան հասնելու ճանապարհին խօսում է օրէնքի գերակայութեան, անկախ դատարանների, Սահմանադրութեան եւ ժողովրդավարութեան մասին։ Բայց իշխանութեան գալուց յետոյ նոյն սկզբունքները շատ յաճախ սկսում են ենթարկւել քաղաքական նպատակայարմարութեանը։ Այն, ինչ երէկ որակւում էր քաղաքական հետապնդում, այսօր արդարացւում է պետական շահերով։ Այն, ինչ ընդդիմադիր տարիներին ներկայացւում էր որպէս սահմանադրական իրաւունք, իշխանութեան մէջ ընկալւում է որպէս սպառնալիք պետութեանը։

Սա վկայում է, որ խնդիրը ոչ թէ անձերն են, այլ իշխանութեան նկատմամբ ձեւաւորւած վերաբերմունքը։ Ժողովրդավարութիւնը չի քանդւում միայն այն ժամանակ, երբ խախտւում է Սահմանադրութիւնը։ Աւելի վտանգաւոր է, երբ Սահմանադրութիւնը կիրառւում է ընտրովի։ Երբ օրէնքը գործում է մէկի համար, իսկ միւսի նկատմամբ լռում, այն այլեւս հանրային պայմանագիր չէ։ Այն վերածւում է իշխանութեան քաղաքական գործիքի։ Ամենամեծ աղէտը վատ օրէնքը չէ, այլ օրէնքի ընտրովի կիրառութիւնը։

Այդ իսկ պատճառով Սահմանադրութեան փոփոխութիւնից ինքնին մեծ ակնկալիքներ ունենալը միամտութիւն կը լինի։ Եթէ քաղաքական մշակոյթը մնում է նոյնը, ապա նոր Սահմանադրութիւնը հազիւ թէ փոխի պետութեան բնոյթը։ Աւելին՝ այն կարող է վերածւել գործող իշխանութեան քաղաքական կամքը իրաւական ձեւակերպումներով ամրագրելու միջոցի։ Սահմանադրութիւնը ժողովրդավարութիւն չի ստեղծում, եթէ ժողովրդավարական չէ իշխանութեան մտածողութիւնը։

Ժողովրդավարութիւնը սկսւում է ոչ թէ ընտրութիւններով կամ չի աւարտւում քւէների հաշւարկով։ Այն սկսւում է այնտեղ, որտեղ իշխանութիւնը սահմանափակում է ինքն իրեն, ընդունում այլակարծութեան իրաւունքը եւ հրաժարւում հանրային զայրոյթը դարձնել դատական վճիռ։ Իսկ երբ իշխանութիւնը, յենւելով «ժողովրդի կամքի» վրայ, սկսում է ճնշել իր քաղաքական հակառակորդներին, սահմանափակել օրէնքի համընդհանուր կիրառութիւնը եւ հանրային կարծիքը վերածել քաղաքական դատավարութեան, ժողովրդավարութիւնը պահպանում է միայն իր անունը։

Մնացածը բռնապետութիւնն է՝ ժողովրդավարութեան դիմակով։

Related Articles

Back to top button