Ալեքսէյ Անպիլոգով. «Փաշինեանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում բեկում տեղի չի ունեցել»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Ալեքսէյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցը Ռուսաստան եւ դրա ազդեցութիւնը հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ։ Փորձագէտի կարծիքով՝ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները բազմաթիւ հարցերում չեն համընկնում։
«Ինչ վերաբերում է Փաշինեանի մոսկովեան այցի արդիւնքներին, ապա որեւէ աղմկայարոյց բեկում տեղի չունեցաւ. աւելի շուտ հնչեցին երկրորդական, բայց միեւնոյն ժամանակ շատ կարեւոր յայտարարութիւններ։ Օրինակ՝ խօսք գնաց Հայաստանի կողմից ատոմային էներգիայի օգտագործումից հնարաւոր հրաժարւելու մասին, ինչը, իհարկէ, կարող է լրջօրէն բարդացնել հետագայ համագործակցութիւնը ռուսական «Ռոսատոմ»-ի հետ։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բեկում չեղաւ, թէեւ, հաշւի առնելով այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները այսօր բազմաթիւ հարցերում տարբերւում են, հնարաւոր է՝ այն սպասելի էլ չէր։ Աւելի շուտ սա քաղաքավարական այց էր՝ տեղին եւ անհրաժեշտ, բայց, ցաւօք, չյանգեցրեց որեւէ նշանակալի արդիւնքի։ Միեւնոյն ժամանակ դա չի նշանակում, որ այն խնդիրները, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը, վերացել են։ Դրանք պարզապէս կրկին դրւել են երկար դարակում»,- նշել է Անպիլոգովը։
Քաղաքագէտի կարծիքով՝ Հայաստանի համար առանձնապէս կարեւոր է մնում էներգետիկայի հարցը։
«Ինչ էլ որ լինի, եթէ Հայաստանը ցանկանում է մնալ զարգացած արդիւնաբերական պետութիւնների շարքում եւ չսահել դէպի երրորդ աշխարհ, յատկապէս բոլոր կողմերից գոյութիւն ունեցող չյայտարարւած շրջափակման պայմաններում, ապա նրան անհրաժեշտ է ունենալ սեփական էներգետիկ համակարգ։ Միւս կողմից՝ հնչեց նաեւ այն միտքը, որ Հայաստանը փաստացի Ռուսաստանից խնդրում է վերականգնել երկաթուղային հաղորդակցութիւնը Ադրբեջանի տարածքով։ Սա ընդգծում է, որ Երեւանը շարունակում է ցանկանալ պայմանաւորւել Բաքւի հետ, որպէսզի հնարաւոր անդրկովկասեան կարգաւորման շրջանակում հաշւի առնւեն նաեւ հայկական շահերը։ Կը տեսնենք՝ ժամանակը ցոյց կը տայ։ Առայժմ վաղ է կանխատեսումներ անել, քանի որ, չնայած բազմաթիւ հարցեր արդէն լուծւած են, մնում է մի ամբողջ շարք շատ բարդ խնդիրներ, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եւ այդ հարցերը դեռ պէտք է լուծւեն՝ հաւանաբար արդէն մօտ ապագայում»,- եզրափակել է Անպիլոգովը։



