Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀԱԿ-ն առանձին կը մասնակցի ընտրութիւններին. վարչապետ թեկնածուն Լեւոն Զուրաբեանն է

«ԱԼԻՔ» – «Հայ Ազգային կոնգրես» կուսակցութիւնը՝ ՀԱԿ-ը առանձին է մասնակցելու 2026 թւականի ՀՀ ԱԺ ընտրութիւններին։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝  դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում յայտարարել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկեանը։

ՀԱԿ նախընտրական ցուցակը կը գլխաւորի Լեւոն Զուրաբեանը եւ նա էլ կը լինի վարչապետի թեկնածուն։

ՀԱԿ համագումարի աւարտից յետոյ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբեանը յայտնել է, որ Հայաստանը գտնւում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։

Նա նշել է, որ այս իրավիճակը լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի պետականութեան համար։ Երկրի իրավիճակը, աւելացրել է նա, աւելի է սրւում ներքին սպառնալիքի՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած գործող իշխանութիւնների պատճառով։

«Երկիրը գտնւում է սողացող կապիտուլիացիայի վիճակում։ Ադրբեջանն ամէն օր նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Դա վերաբերում է թէ՛ անկլաւներին, թէ՛ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ին, որի իրականացումը կը խաթարի մեր ինքնիշխանութիւնը, թէ՛ 300 հազար ադրբեջանցիների «վերադարձին» այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջան», թէ՛ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւններին եւ Հայ Առաքելական Եկեղեցու վրայ յարձակումներին»,- ասել է Զուրաբեանը։

ՀԱԿ փոխնախագահը փաստել է, որ չնայած Փաշինեանի բոլոր հաւաստիացումներին, խաղաղութիւն չի հաստատւել։ Ի վերջոյ, Ադրբեջանը, ըստ էութեան, պայմանագիրը չի ստորագրել։

«Հայաստանը կանգնած է ադրբեջանացման սպառնալիքի առջեւ՝ աստիճանաբար դառնալով Ադրբեջանին ենթակայ երկիր։ Բացի այդ, աւտորիտար Ադրբեջանի բարքերը աստիճանաբար սկսում են թափանցել մեր ներքաղաքական կեանք»,- ասել է Զուրաբեանը։

Related Articles

Back to top button