Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղութեան ամուր հիմք չեն, այլ աւելի շուտ ստեղծւած իրավիճակի ֆորմալիզացում»

«ԱԼԻՔ» – «Օգոստոսի 8-ի ստորագրւած եւ նախաստորագրւած պայմանագրերը ողջունող եւ աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագէտներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերութիւններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարաւորութիւն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտութեան էջը։ Սակայն ուշագրաւ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառութեան, ապաւինում են «չնայած թերութիւններին» ապահովագրական արտայայտութեանը»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը:

«Իրականութիւնն այն է, որ այդ փաստաթղթերի թերութիւնները այնքան բազմաթիւ եւ հիմնարար են, որ կարող են գերակշռել Հայաստանի համար բոլոր հնարաւոր դրական արդիւնքները։

Ըստ այս լաւատեսական ընթերցման՝ Հայաստանը ձեռք է բերում իր ներկայ սահմանների ճանաչում, ուժի կիրառման բացառման վերաբերեալ հաւաստիացումներ եւ տնտեսական առաւելութիւններ՝ նոր ճանապարհների եւ երկաթուղային նախագծերի շնորհիւ։ Սակայն այս մեկնաբանութիւնը, թէեւ ցանկալի, շատ հեռու է յուսալիութիւնից։ Կան չորս հիմնական հարցեր, որոնք յաճախ անտեսւում են աջակիցների կողմից եւ որոնք արժանի են առանձնակի ուշադրութեան։

Առաջին՝ այս համաձայնագրերին աջակցողները չպէտք է մոռանան, որ դրանք կնքւում են Արցախի ամբողջական կորստի հաշւին։ Պայմանագիրը օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու աւելի քան 120.000 հայերի հարկադիր տեղահանումը իրենց հայրենական հողերից։ Այս փաստաթղթերը իսկական արժէք կունենային Արցախի եւ Լաչինի գոյութեան՝ թէկուզ նրա քաղաքական կարգավիճակի ձեւափոխւած պայմաններում, որի լայն հնարաւորութիւնը ունէր Փաշինեանը իր իշխանութեան առաջին տարիներին։ Արցախի չգոյութեան պայմաններում կարդալ այդ փաստաթղթերը եւ գոհունակութիւն յայտնել՝ մեղմ ասած, շատ դժւար է։

Երկրորդ՝ ինչպէս էլ որ այն ներկայացւի, այսպէս կոչւած «ապաշրջափակման» նախագիծը Ադրբեջանին տալիս է ինքնիշխան իրաւունք՝ օգտւելու Հայաստանի ամենաստրատեգիական տարածաշրջանով անցնող միջանցքից։ Աջակցողները պնդում են, թէ նախագիծը յարգում է Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Գործնականում, սակայն, Հայաստանը ստիպւած է եղել զիջել վերահսկողութիւնը տարանցման նկատմամբ այն պետութեանը, որը բազմիցս սպառնացել է իր գոյութեանը։ Ադրբեջանի համար սա փոխադարձ տնտեսական օգուտի մասին չէ, այլ իր վաղեմի պահանջի կատարումը միջանցքի վերաբերեալ՝ մի բան, որ խարխլում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը։

Երրորդ՝ խաղաղութեան պայմանագիրը ինքնին որեւէ երաշխիք չի տալիս Հայաստանի ինքնիշխանութեան կամ տարածքային ամբողջականութեան վերաբերեալ։ Տեքստը այդ հարցերը թողնում է ապագայ սահմանազատմանը, որը դեռեւս մնում է չլուծւած եւ խոցելի Ադրբեջանի ճնշմանը։ Վաշինգտոնի համաձայնագրերում չկայ ոչինչ, որ կը կանխի Ադրբեջանի հետագայ պահանջները Հայաստանի սահմանադրութեան, սահմանների կամ արտաքին քաղաքականութեան նկատմամբ։

Վերջապէս, այս համաձայնագրերի աշխարհաքաղաքական հետեւանքների շուրջ վերլուծութիւնների մեծ մասը հիմնւած է հակասական ենթադրութիւնների վրայ։ Ոմանք պնդում են, թէ այս կարգաւորումը շահաւէտ կը լինի բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար, մինչդեռ միւսները պնդում են, որ այն նպատակ ունի նւազեցնել Ռուսաստանի ազդեցութիւնը, զսպել Իրանին կամ ուժեղացնել Թուրքիային։ Իրականութիւնն այն է, որ Հարաւային Կովկասը եւ նրան շրջապատող տարածաշրջանը մշտապէս փոփոխութեան մէջ են։ Ոչ ոք չի կարող վստահութեամբ կանխատեսել, թէ ինչպէս կը զարգանան տարածաշրջանային իրադարձութիւնները, յատկապէս գերտէրութիւնների մրցակցութեան պայմաններում։ Ասել, թէ այս համաձայնագրերը երաշխաւորում են կայունութիւն, նշանակում է անտեսել պատմութիւնը․ տարածաշրջանը բազմիցս ցոյց է տւել, թէ որքան արագ կարող են փլուզւել թւացեալ յաջողութիւնները։

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղութեան ամուր հիմք չեն, այլ աւելի շուտ ստեղծւած իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը եւ նոյնիսկ խորացնում երկրի խոցելիութիւնը։ Դրանց ողջունելը՝ առանց այս չորս իրողութիւնների հետ առերեսւելու, նշանակում է շփոթել ձեւականութիւնն ու արարողութիւնը բովանդակութեան հետ»,-գրել է Օսկանեանը:

Related Articles

Back to top button