Երեւանում, հազարաւոր քաղաքացիներ մասնակցել են ջահերով երթին
«Զա՛րկ, երբ հալածում են քեզ»
«ԱԼԻՔ» – Ապրիլի 23-ին, Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի նախօրէին, Երեւանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնների նախաձեռնած աւանդական ջահերով երթը, որին մասնակցել են հազարաւոր քաղաքացիներ:
Ջահերով երթն այս տարի կրում է «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագիրը:
Երթի մեկնարկից առաջ ՀՀ վաստակաւոր արտիստ Դաւիթ Յակոբեանն ընթերցել է Աւետիս Ահարոնեանի՝ հայ ժողովրդին ուղղւած «Յարգա՜նք քեզ» ձօնը:
Ելոյթներ են ունեցել սոցիոլոգ, իրանագետ, պատմական գիտութիւնների թեկնածու Սարգիս Մկրտչեանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը եւ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսեանը։
Երթի մասնակիցները Հանրապետութեան հրապարակում այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրօշները, ապա «Պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով, հայրենասիրական երգերով ու պահանջատիրական կոչերով շարժւել են դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր։
Երթը առաջնորդել է հոգեւոր դասը: Մասնակիցներն իրենց հետ տարել են այն երկրների դրօշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիւանապետ Տ. Արշակ արք. Խաչատրեանը Ծիծեռնակաբերդում իր խօսքն է ուղղել ներկաներին ու հայ ժողովրդին, ասելով. «Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանութեան իսկութիւնը, նզովեալ պիտի լինի սերնդէսերունդ, ով փորձում է ջնջել պատմական մեր յիշողութիւնը, անիծեալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու յիշատակը յաւիտենապէս»:
Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում երթի մասնակիցները մէկ րոպէ լռութեամբ յարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանութեան աւելի քան 1.5 միլիոն զոհերի յիշատակին: Անմար կրակի մօտ խոնարհւել են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած երկրների դրօշները:
Երթի մասնակիցները ծաղիկներ են զետեղել անմար կրակի շուրջ: Տեղի է ունեցել հոգեհանգստեան կարգ: