Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քոչարեանների ընտանիքի դէմ գործողութիւնները՝ քաղաքական եւ իրաւական առճակատման նոր փուլ

Ռոբերտ Քոչարեանը՝ ձերբակալւած, Սեդրակ Քոչարեանը՝ կալանաւորւած․

Հայաստանում Քոչարեանների ընտանիքի նկատմամբ իրաւապահների լայնածաւալ գործողութիւնները վերածւել են իշխանութիւն-ընդդիմութիւն նոր սուր առճակատման։ Օգոստոսի 25-ի վաղ առաւօտից խուզարկութիւններ են իրականացւել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, նրա որդիներ Սեդրակ եւ Լեւոն Քոչարեանների բնակարաններում, ինչպէս նաեւ ընտանիքի հետ կապւող մի շարք ընկերութիւններում։ Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարեանները ձերբակալւել են։

Գլխաւոր դատախազութիւնը յայտնել է, որ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ հանրային քրէական հետապնդում է հարուցւել պաշտօնական լիազօրութիւնները չարաշահելու, առանձնապէս խոշոր չափերով կաշառք ստանալու եւ առանձնապէս խոշոր չափերով փողերի լւացման դէպքերով։ Նոյն վարոյթի շրջանակում հետապնդում է յարուցւել եւս ինը անձի, այդ թւում՝ Սեդրակ Քոչարեանի եւ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի նկատմամբ։ Ըստ դատախազութեան՝ քննութիւնը վերաբերում է 1998-2008 թթ. պետական գոյքի օտարմանը եւ դրա դիմաց ենթադրեալ ապօրինի օգուտներ ստանալուն։

Սակայն իշխանութեան այս մեկնաբանութիւնը կտրականապէս մերժում է «Հայաստան» դաշինքը։ Դաշինքը Քոչարեանի եւ նրա ընտանիքի նկատմամբ գործողութիւնները որակում է որպէս «քաղաքական հետապնդում»՝ դրանք կապելով ընդդիմութեան մեկուսացման եւ իշխանութեան կողմից իրականացւող քաղաքականութեան հետ։ Դաշինքը նաեւ մատնանշել է գործողութիւններին նախորդած՝ Նիկոլ Փաշինեան-Լեւոն Քոչարեան սուր բանավէճը Ազգային ժողովում։

Լեւոն Քոչարեանը յայտարարել է, որ ընտանիքին վախեցնել չի յաջողւի՝ ընդգծելով, որ իր ընտանիքի նկատմամբ գործը «բացառապէս քաղաքական բնոյթ» ունի։ Նա նաեւ հարցականի տակ է դրել իրաւապահների գործողութիւնների իրաւական հիմքերը։

Նոյն գնահատականն է հնչեցրել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանը՝ տեղի ունեցողը դիտարկելով աւելի լայն քաղաքական համատեքստում։ Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները փորձում են չէզոքացնել հիմնական քաղաքական դերակատարներին՝ առաջիկայ զիջումներից եւ նոր պայմանաւորւածութիւններից առաջ՝ մատնանշելով մասնաւորապէս Տիգրանաշէնի հարցը եւ սահմանադրական փոփոխութիւնները։

Միեւնոյն ժամանակ, Ռոբերտ Քոչարեանի առողջական վիճակը դարձաւ գործողութիւնների առանձին առանցք։ Ձերբակալութիւնից յետոյ նրա ինքնազգացողութիւնը վատացել է, արձանագրւել է բարձր զարկերակային ճնշում, եւ նա տեղափոխւել է հիւանդանոց։ Հակակոռուպցիոն կոմիտէն յայտնել է, որ անհրաժեշտ բժշկական հետազօտութիւններից յետոյ միայն նա կը ներկայացւի դատարան։

Մինչ այդ Հակակոռուպցիոն դատարանը Սեդրակ Քոչարեանի նկատմամբ կալանքը կիրառել է երկու ամիս ժամկէտով։

Related Articles

Back to top button