Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը այցելել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր
«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրւայ կապակցութեամբ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր են այցելել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը:
Նրանք յարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, եւ ծաղիներ են խոնարհել անմար կրակի մօտ:
Ցեղասպանութիւնը մոռացութեան տւողները չեն մարսելու
«Աւելի լաւ, քան Արշակ Սրբազանն ասաց երէկ (ապրիլի 23), դժւար է ասել․ իմ տպաւորութեամբ, կարելի է այդ ելոյթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամէն ինչը կար դրա մէջ»: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում լրագրողների հետ կարճ զրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։
«Ուղղակի մի բան կաւելացնեմ, որ Ցեղասպանութիւնը մոռացութեան տւողները չեն մարսելու»,- յաւելել է Քոչարեանը։
Յիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ջահերով երթի աւարտին Ծիծեռնակաբերդում ելոյթ է ունեցել Տ. Արշակ արք. Խաչատրեանը, որտեղ նզովեալ է անւանել հայկական տարածքները թշնամուն յանձնողին։
Հայաստանում Ցեղասպանութեան մերժումը պատժւում է Քրէական օրէնսգրքով
Դեռեւս 2006 թւականից Հայաստանում Ցեղասպանութեան ժխտումը կամ մեղմումը պատժւում է Քրէական օրէնսգրքի 379/1 յօդւածով: Այս մասին, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում լրագրողներ հետ զրոյցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի ապրիլքսնաչորսեան ուղերձին:
ՀՀ նախկին նախագահն ասել, որ այս իշխանութիւններին պէտք է ուղարկել իրենց տեղերը:
Հարցին, թէ իշխանութիւններին հեռացնելու պահը երբ է գալու, Սարգսեանը պատասխանել է. «Երբ որ դուք պատրաստ լինէք»: