Արամ Ա կաթողիկոս. «Պարո՛ն Էրդողան, մի փորձք Սփիւռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրութեամբ»
«ԱԼԻՔ» – Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, Ապրիլի 24-ը մեր ազգային պհանջատիրութիւնը ամրապնդելու օր է, կոչ է, պատգամ է մեր Բիւրաւոր Նահատակներից մեզ եկող: Այս մասին Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման արարողութեան ժամանակ իր ելոյթում նշել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը:
Նա, մասնաւորապէս, նշել է. «Պահանջատէր է մեր ժողովուրդը բառի ամբողջական հասկացողութեամբ եւ պէտք է մնայ պահանջատէր այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան 1915-ին մեր ժողովրդի դէմ գործադրած ցեղասպանութիւնը չի ընդունել:
Մեր ժողովուրդը պահանջատէր կը մնայ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը մնում է բռնագրաււած ցեղասպան Ադրբեջանի կողմից: Պահանջատէր պէտք է մնայ մեր ժողովուրդը այնքան ժամանակ, որ ցեղասպանական վախի հետեւանքով Արցախի ժողովուրդը վերացել է իր պապենական հողերից:
Հայոց Ցեղասպանութիւնն իրաւական հիմք ունի եւ համապատասխանում է միջազգային օրէնքներին: Հետեւաբար, անկարելի է անտեսել մեր պահանջատիրութիւնը, դրա վաւերականութիւնն ու այժմէականութիւնը: Անցնող տասնամեակներում երկրներ, կառավարութիւններ, նախագահներ, եկեղեցիներ, կրօններ, միջազգային կազմակերպութիւններ յաջորդաբար ճանաչեցին Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը: Այս ընթացքը պէտք է շարունակւի:
Այսօր, երբ Ադրբեջանը շարունակում է զանազան ձեւերով ջնջել հայութեան հետքը Արցախում, փորձում է քանդել կամ այլափոխել մեր մշակութային կոթողները, երբ Ադրբեջանը փորձում է յաջորդաբար եւ հետեւողական կերպով պահանջներ դնել ՀՀ-ի առջեւ, պահանջներ, որոնք վտանգում են Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը եւ գերիշխանութիւնը, այսօր երբ Թուրքիան իր կարգին նոր պայմաններ է դնում մեր ժողովրդի իդէլաները, արժէքները, խորհրդանիշերը ջնջելու, եւ նոյնիսկ Հայ Դատի հետապնդումը կասեցնելու, այս կացութեան դիմաց մեր ժողովրդի երգի բառերով ասենք՝ «Հիմի էլ լռե՞նք, երբ թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին»:
Պէտք չէ լռել: Եթէ լռենք, մեր նահատակները մեզ պէտք է դատապարտեն: Եթէ լռենք, Արցախի Կիլիկիոյ, Արեւմտեան Հայաստանի վանքերն ու եկեղեցիները պէտք է աղաղակեն»:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի արւած յայտարարութեանը. «Թուրքիայի նախագահն ասել է. «Մոռացէք անհիմն յիշողութիւնները եւ երեւակայական պատմութիւնները»: Սա է Թուրքիայի նախագահի պատգամը մեր ժողովրդին: Մեր նահատակների դիմաց կանգնած այստեղ ես Թուրքիայի նախգահին ասում եմ. «Պարոն Էրդողան, որտեղի՞ց եկան այս աճիւնները մեր նահատակների Օսմանեան կայսրութեան սահմաններից ներս: Քո պապերի կողմից ջարդւեցին մեր պապերը: Պարոն Էրդողան, այսօր պատմութիւնը վկայում է, նոյնիսկ թուրք պատմաբանների կողմից, որ այն, ինչ կատարւեց 1915-ին իմ պապերի դէմ, քո պապերի կողմից, ցեղասպանութիւն էր՝ ծրագրւած եւ գործադրւած պետական մասշտաբով: Պարոն Էրդողան, մի փորձիր Սփիւռքը հակադրել Հայաստանին: Հայաստանն ու Սփիւռքը մէկ ամբողջութիւն է, մենք մէկ ազգ ենք մէկ պահանջատիրութեամբ: Հետեւաբար մենք չպէտք է լռենք: Արթուն եղիր ժողովուրդ հայոց:
Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նոր համաթուրանական շարժումը սկսել է կազմաւորւել Կովկասի մէջ, եւ փորձ կը կատարւի խեղդել Հայաստանը այս շարժման օղակում: Հայաստանի ցեղասպան դրացիներն այնպիսի պայմաններ կը դնեն Հայաստանի դիմաց, պայմաններ, որոնք եթէ ոչ այսօր, վաղը պէտք է վտանգեն Հայաստանի գերիշխանութիւնը, նոյնիսկ Հայաստանի գոյութիւնը:
Մենք մերժում ենք ուրիշներին ենթակայ դառնալ՝ միակողմանի զիջումներ կատարելով եւ դրանց դիմաց ոչինչ չստանալով:
Մենք մերժում ենք պարտադրւած կացութիւններ ընդունելու վտանգաւոր մօտեցումը ու շեշտում ենք աշխարհաքաղաքական նոր իրականութիւնների դիմաց նոր ռազմավարութիւն եւ մարտավարութիւն ճշտելու հրամայականը:
Մենք մերժում ենք համակերպւել այնպիսի կացութիւնների, երբ դատելին կը դառնայ դատաւոր, ամբաստանեալը՝ պահանջատէր, ցեղասպանը՝ իրաւատէր:
Մենք արդարութիւն ենք պահանջում: Աշխարհաքաղաքական շահերի ու ուժի քաղաքականութեան դիմաց մենք միջազգային օրէնքի գերակայութիւնն ենք պահանջում:
Մենք պահանջում ենք Արցախի ժողովրդի վերադարձն իր հայրենի հողը, եւ իր իրաւունքների վերահաստատումը միջազգային երաշխւորութեամբ:
Մենք պահանջում ենք Ադրբեջանի կողմից անարդարօրէն ձերբակալւած բոլոր գերիների ազատ արձակումը:
Մենք պահանջում ենք Օսմանեան կայսրութեան կողմից մեր ժողովրդի դէմ գործադրած Ցեղասպանութեան ճանաչումը: