Հայ ԴատՀայաստան - ԱրցախՍփիւռք

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն ամփոփել է Գեղամ Ստեփանեանի եւ Արտակ Բեգլարեանի երկշաբաթեայ այցը՝ Վաշինգտոն

Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը աւարտել են իրենց երկշաբաթեայ աշխատանքային այցը՝ Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտօնեաներին ու իրաւապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկել Արցախի 150․000 հայութեան դէմ իրականացւած ցեղասպանութեան համար, ինչպէս նաեւ աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը:

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը միացել է Ստեփանեանին եւ Բեգլարեանին՝ աւելի քան 60 կոնգրեսական գրասենեակների հետ հանդիպումների եւ ճեպազրոյցների ժամանակ։ Այդ ամէնը համընկել է Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից խիստ կարեւոր երկու բանաձեւերի ներկայացման հետ, որոնց նպատակն է դադարեցնել ամերիկեան ռազմական օգնութիւնը Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին եւ վերջնիս պատասխանատւութեան ենթարկել իր յանցագործութիւնների համար:

Հանդիպումների ընթացքում Ստեփանեանն ու Բեգլարեանը սեփական վկայութիւններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տեւած շրջափակման դաժան իրողութիւնների մասին, որոնք գագաթնակէտին հասան 2023 թ. սեպտեմբերի ցեղասպանական յարձակմամբ, ինչի արդիւնքում բռնի կերպով դատարկւեց Արցախը։ Բանախօսները խօսել են արցախահայութեան դէմ Ադրբեջանի կանխամտածւած յարձակումների պատմութիւնից, ինչը հիմք է հանդիսացել 2023 թ․ ցեղասպանութեան։

Արցախցի հիւրերը նաեւ կարեւորել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Արցախի ցեղասպանութեան համար պատասխանատւութեան ենթարկումը, ի թիւս այլնի կարեւորելով՝

  • Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնւելով Սենատի S.3000 բանաձեւի ընդունման վրայ, որը պարտադրում է 907-րդ բանաձեւի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական յանցագործութիւնների եւ էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակութիւնն Արցախի բռնի տեղահանւած հայութեանը, բռնի տեղահանւած հայերի անվտանգ վերադարձի երաշխաւորումը։
  • Ամերիկեան եւ միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023 թ․ սեպտեմբերին գերեվարւած Արցախի առաջնորդների եւ 2020 թ․ ադրբեջանաթուրքական յարձակումներից յետոյ ապօրինաբար պահւող ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը։
  • Արցախի հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանումը։

Ստեփանեանն ու Բեգլարեանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղւած Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրաւունքի իրացմանը եւ առանց կատարւած յանցագործութիւնների համար պատասխանատւութեանը, տարածաշրջանում անհնար կը լինի կայուն խաղաղութիւն հաստատել։ Նրանք նաեւ ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարութեան կողմից բորբոքւած համակարգային հակահայկական ատելութիւնը պէտք է արմատախիլ արւի՝ ապահովելու համար հակամարտութեան կայուն կարգաւորումը եւ տարածաշրջանային կայունութիւնը։

Վաշինգտոնում գտնւելու ընթացքում Բեգլարեանը եւ Ստեփանեանը մասնակցել են Կրօնի ազատութեան միջազգային գագաթնաժողովին, որը համանախագահում էին միջազգային կրօնական ազատութեան հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սէմ Բրաունբէքը (2018-2021) եւ մարդու իրաւունքների «Լանթոս» հիմնադրամի նախագահ Կատրինա Լանթոս Սւէթը:

Կրօնական կազմակերպութիւնների եւ ԱՄՆ կառավարութեան պաշտօնեաների առջեւ ելոյթում Գեղամ Ստեփանեանը նկատեց. «Ես այսօր ձեր առջեւ խօսում եմ ոչ միայն որպէս իմ ժողովրդի մարդու իրաւունքների պաշտպան, այլ որպէս ցեղասպանութիւնը վերապրած եւ վկայ»։ Նա ընդգծել է, որ աշխարհն ականատես է լինում «Արցախի քրիստոնէական եւ համաշխարհային ժառանգութեան, նրա հնագոյն եկեղեցիների եւ սրբագործւած գերեզմանների համակարգւած բնաջնջմանը»: Ստեփանեանը յորդորեց կրօնական առաջնորդներին եւ պետական պաշտօնեաներին համախմբւել եւ ծառայել որպէս «վահան, որը պաշտպանում է խոցելիներին, ձայն, որը խօսում է լռածների համար եւ լոյս, որը թափանցում է մշակութային ջնջման խաւարը: Միայն այդ դէպքում կարող ենք ապահովել, որ Արցախի հոգին, նրա հինաւուրց ու քրիստոնէական սուրբ ժառանգութիւնը յաւերժ չկորչի»։

Անդրադառնալով Արտակ Բեգլարեանի եւ Գեղամ Ստեփանեանի այցելութեանը՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նշել է․ «Արցախի իրաւունքները վերջին երկու շաբաթների ընթացքում Վաշինգտոնում կենտրոնական հարթակներում էին, երբ Արցախի Հանրապետութեան երկու ամենավայելչախօս ձայները՝ Արտակ Բեգլարեանը եւ Գեղամ Ստեփանեանը, դիմեցին ԱՄՆ օրէնսդիրներին եւ կրօնական ազատութեան միջազգային առաջնորդներին՝ իրենց հինաւուրց հայրենիք հայութեան անվտանգ վերադարձի համար։ Կոնգրեսի տասնեակ հանդիպումների ընթացքում օրէնսդիրներն առաջին ձեռքից լսել են Արցախի ցեղասպանութեան մասին եւ ուսումնասիրել ԱՄՆ-ի կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայկական հայրենիքի այս անբաժանելի մասը վերականգնելու համար»:

Բեգլարեանի եւ Ստեփանեանի այցը “120․000 Reasons” միութեան ջանքերի մի մասն էր, որին աջակցում են «Թուֆենկեան» հիմնադրամը եւ Philos Project կազմակերպութիւնը, ինչպէս նաեւ աւելի քան 20 իրաւապաշտպան, կրօնական եւ էթնիկ կազմակերպութիւններ։

Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցել են նաեւ «Ջորջ Վաշինգտոն»-ի համալսարանի իրաւաբան ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպւած քննարկմանը, որտեղ նրանք կիսւել են Արցախի տեղահանւած բնակչութեան առջեւ ծառացած շարունակական մարտահրաւէրների եւ կոնկրետ քաղաքական ու իրաւական գործողութիւնների անհրաժեշտութեան մասին:

Ի լրումն երկրի մայրաքաղաքում աշխատանքների՝ Ստեփանեանի ու Բեգլարեանի ուղեւորութիւնը ներառում էր նաեւ Նիւ Եօրքում գործող միջազգային կազմակերպութիւնների եւ համայնքային ղեկավարների հետ հանդիպումների մեծ շարք:

Վաշինգտոնում գտնւելու ժամանակ նրանք հանդիպել են նաեւ ԱՄՆ պետքարտուղարութեան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ներկայացուցիչների հետ:

Աւելի վաղ Ստեփանեանը եւ Բեգլարեանը մասնակցել են Կալիֆորնիայի նահանգային եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտօնեաների հետ հանդիպումներին, Իրաւաբանների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպւած քննարկմանը եւ համայնքային այլ հանդիպումների։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
16.02.2024 թ.

Arfd.am

Related Articles

Back to top button