Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սուրէն Սուրէնեանց. «Հայաստանը TRIPP-ում՝ օբիեկտ, ոչ թէ սուբիեկտ»

Քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը գրում է.  «Հայաստանը՝ TRIPP-ում՝ օբիեկտ, ոչ թէ սուբիեկտ: Այս մասին անդրադարձել է 168.am-ը:

Նա ընդգծել է. «Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնաւորապէս՝ TRIPP նախաձեռնութեան շուրջ, առաւելապէս ներքին քաղաքական մանիպուլիացիայի դրսեւորում են՝ իրական պատասխանատւութիւնը քողարկելու եւ ռազմավարական ձախողումները այլ ուղղութեամբ տեղափոխելու նպատակով։

Փաշինեանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով (Նախիջեւանից յետոյ), չշարունակւելու պատասխանատւութիւնը վերագրել Ռուսաստանին՝ հիմնաւորելով դա այն հանգամանքով, որ Հայաստանի երկաթուղին գտնւում է ռուսական կառավարման ներքոյ։

Մինչդեռ TRIPP-ի քաղաքական ճարտարապետութիւնը ի սկզբանէ չի ենթադրել Հայաստանի ներգրաւում (Նախիջեւանից յետոյ)։ Եթէ Թուրքիան կառուցում է Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղին՝ բացայայտօրէն շրջանցելով Հայաստանը, ապա ակնյայտ է, որ ռազմավարական որոշումը կայացւել է Վաշինգտոն-Անկարա-Բաքու առանցքում, ոչ թէ Մոսկւայում։

Այս համատեքստում Ռուսաստանը վերածւում է յարմար արտաքին գործօնի, որի վրայ հնարաւոր է բարդել սեփական բանակցային անարդիւնաւէտութեան պատասխանատւութիւնը։ Իրականում TRIPP-ը իր ներկայիս ձեւաչափով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում, եւ սա Հայաստանի իշխանութեան քաղաքական ու դիւանագիտական ձախողման հետեւանք է։

Հայաստանի երկաթուղին Հայաստանի Հանրապետութեան սեփականութիւնն է։ Ռուսական կողմը իրականացնում է միայն հաւատարմագրային՝ կոնցեսիոն կառավարում, որը որեւէ կերպ համարժէք չի սուվերեն վերահսկման։ Միջազգային պրակտիկայում չկայ այնպիսի օրինակ, երբ խոշոր ենթակառուցւածքային կամ տրանսպորտային նախագիծը մերժւի բացառապէս այն պատճառով, որ տւեալ ենթակառուցւածքը կառավարւում է երրորդ երկրի ընկերութեան կողմից։ Եթէ այդ գործօնը իսկապէս վճռորոշ լինէր, ապա աշխարհում տասնեակ միջպետական երթուղիներ պարզապէս չէին գործի։

Հետեւաբար, ռուսական կառավարման հանգամանքը չի կարող դիտարկւել որպէս իրական «ծանրակշիռ» պատճառ։ Այն առաւելագոյնը յետադարձ արդարացում է՝ արդէն իսկ ընդունւած քաղաքական որոշման համար։

Փաշինեանի այն առաջարկը, ըստ որի «մի բարեկամ երկիր կարող է Ռուսաստանից գնել երկաթուղու կառավարման իրաւունքը», քաղաքական ազդակ է՝ ուղղւած թէ՛ ներքին լսարանին, թէ՛ արտաքին դերակատարներին։ Այդ ձեւակերպմամբ փորձ է արւում Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխութիւնը ներկայացնել որպէս տնտեսական անհրաժեշտութիւն՝ խուսափելով դրա քաղաքական բաղադրիչի քննարկումից։

Իրականում խօսքը վերաբերում է ոչ թէ երկաթուղուն, այլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութեանը։ Եւ այս համատեքստում շատ աւելի ազնիւ ու քաղաքականապէս հասուն կը լինէր, եթէ իշխանութիւնը ուղիղ յայտարարէր, որ նպատակ ունի երկիրը դուրս բերել ռուսական ուղեծրից՝ ընդունելով այդ որոշման բոլոր ռիսկերը, հետեւանքները եւ պատասխանատւութիւնը։

TRIPP-ի շուրջ Փաշինեանի հնչեցրած յայտարարութիւնները չեն առաջարկում Հայաստանի ապաշրջափակման իրատեսական մոդել եւ չեն ձեւաւորում ենթակառուցւածքային երկարաժամկէտ ռազմավարութիւն։ Դրանք առաւելապէս ծառայում են ներքին քաղաքական նպատակների՝ դիւանագիտական ձախողումները արտաքին գործօնների վրայ բարդելու եւ ռազմավարական շրջադարձը ներկայացնելու որպէս տեխնիկական գործընթաց։

Արդիւնքում Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային նախագծերի օբիեկտ, այլ ոչ թէ ինքնուրոյն սուբիեկտ»։

Related Articles

Back to top button