Դիւանագիտական մարաթոն՝ Ժնեւում
Պատժամիջոցների վերացումը՝ իրանա-ամերիկեան բանակցութիւնների առանցքում

Ժնեւում մեկնարկող Իրանի եւ ԱՄՆ‑ի միջեւ անուղղակի միջուկային բանակցութիւնների երկրորդ փուլում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնական նպատակն է՝ վերացնել պատժամիջոցները եւ հասնել այնպիսի համաձայնութեան, որը կը ծառայի Իրանի ժողովրդի եւ երկրի ազգային շահերին։ Այս մասին Ժնեւ մեկնած ԻՌՆԱ-ի թղթակցին յայտնել է ԱԳ նախարարութեան պատւիտակութեան կազմի դիւանագէտը:
Նոյն շրջանակում ԱԳ նախարար Արաղչին երկուշաբթի առաւօտեան հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրեն Ռաֆայէլ Գրոսսիի հետ՝ ներկայացնելով Իրանի տեխնիկական դիրքորոշումներն ու նկատառումները միջուկային բանակցութիւնների ընթացքի վերաբերեալ։
Նա նաեւ հանդիպում է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բուսաիդիի հետ, ով հանդիսանում է Իրանի եւ ԱՄՆ‑ի միջեւ անուղղակի բանակցութիւնների միջնորդը։ Հանդիպման ընթացքում Իրանի կողմը շեշտել է պատժամիջոցների վերացման հարցի հիմնարար նշանակութիւնը եւ վերահաստատել Թեհրանի վճռականութիւնը՝ դիւանագիտութեան միջոցով պաշտպանելու Իրանի ժողովրդի օրինական իրաւունքներն ու տարածաշրջանային կայունութիւնը։
Բանակցութիւնների յստակ շրջանակ
Իրանը վերադարձել է բանակցութիւնների սեղան այն պայմանով, որ խօսքը վերաբերի միայն միջուկային օրակարգին։ Թեհրանը յստակօրէն ընդգծել է երկու հիմնարար նախապայման՝ հարստացման իրաւունքի ընդունում, եւ բանակցութիւնների սահմանափակումը բացառապէս միջուկային հարցերով։
Այս շրջանակը, հակառակ արեւմտեան որոշ լրատւամիջոցների պնդումներին, ընդունել է միւս կողմը: Իրանը նախազգուշացրել է, որ այս պայմանների խախտման դէպքում բանակցութիւնների շարունակութիւնը հարցականի տակ կը դրւի։
ԻՌՆԱ-ն յաւելել է նաեւ, որ չնայած բանակցութիւնների շարունակմանը՝ փոխադարձ անվստահութիւնը շարունակում է մնալ գործընթացի հիմնական խոչընդոտներից մէկը։ Ամերիկեան կողմի հակասական յայտարարութիւնները, դիրքորոշումների յաճախակի փոփոխութիւնները եւ սահմանափակ ներգրաււածութիւնը բանակցային գործընթացում, ըստ դիտարկումների, վկայում են քաղաքական կամքի պակասի մասին։
Թեհրանը յայտարարել է, որ պատրաստ է հասնել արդար եւ հաւասարակշռւած համաձայնութեան, պայմանով, որ ամերիկեան կողմը ցուցաբերի իրական քաղաքական կամք, իրատեսական մօտեցում եւ շօշափելի արդիւնքների պատրաստակամութիւն։
Այս փուլում բոլոր հայեացքները սեւեռւած են Վաշինգտոնի գործնական քայլերի վրայ։ Իրանն ընդգծել է, որ եթէ ԱՄՆ‑ը պատրաստ լինի հասնել վստահելի եւ արդար արդիւնքի, ապա փոխհամաձայնութիւնը լիովին հնարաւոր է։



