Թրամփը Ժնեւում նախատեսւող Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների նոր փուլից առաջ. ԱՄՆ-Իրան բանակցութիւններին ներկայ եմ «անուղղակիօրէն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ժնեւում նախատեսւող Իրանի եւ ԱՄՆ‑ի միջեւ բանակցութիւնների նոր փուլը բնութագրել է որպէս «շատ կարեւոր» եւ յայտարարել է, որ այդ գործընթացին կը մասնակցի «անուղղակիօրէն»։
ԻՌՆԱ -ի համաձայն՝ Թրամփը երկուշաբթի երեկոյեան, (տեղական ժամանակով), լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ պատասխանելով հարցին, թէ ինչ ակնկալիքներ ունի Ժնեւում ընթացող իրանա‑ամերիկեան բանակցութիւններից, նշել է. «Ես անուղղակիօրէն կը մասնակցեմ այս բանակցութիւններին, եւ կարծում եմ, որ իրանցիները ցանկանում են հասնել համաձայնութեան»։
Խօսելով հնարաւոր համաձայնութեան հեռանկարների մասին՝ նա յաւելել է. «Չեմ կարծում, որ նրանք ցանկանում են բախւել համաձայնութեան չհասնելու հետեւանքներին»։
ԱՄՆ նախագահը, կրկնելով իր նախկին պնդումներն ու իրարամերժ խօսքերը, նշել է. «Իրանը կոշտ բանակցող է: Նրանք լաւ բանագնացներ ունեն: Իրականում՝ վատ բանակցողներ են, քանի որ մեզ հետ համաձայնութեան չհասան, եւ մենք ստիպւած եղանք B‑2 ռմբակոծիչներ ուղարկել՝ նրանց միջուկային կարողութիւնները ոչնչացնելու համար»։



