Գառնիկ Տէր Յակոբեանի Շնչաւոր բնութեան անկիւնը
«Անկիւններ». Գառնիկ Տէր Յակոբեանի ցուցահանդէսը՝ «Ֆերէշթէ» պատկերասրահում

Սանազ Արիանֆար
Գառնիկ Տէր Յակոբեանի «Անկիւններ» ցուցահանդէսը ներառում է մի շարք աշխատանքներ, որոնց նախնական էսքիզները ստեղծւել են 1385-1388 թթ.։ Դրանք պատկանում են նատիւրմորտի ծանօթ աշխարհին՝ մրգեր, ծաղկամաններ, կուժ, կտորներ, սփռոցներ եւ կենցաղային այլ առարկաներ։ Առաջին հայեացքից վառ գոյներն ու ծանօթ պատկերային մոտիւները դիտողին փոխանցում են կենսունակութիւն: Սակայն փոքր-ինչ երկար դիտելու դէպքում պարզ է դառնում, որ այս կտաւներն աւելի շատ են, քան առարկաների դասաւորութեան պատկերումը. դրանք արւեստագէտի անձնական գեղանկարչական լեզւի վերաիմաստաւորումն են։
Տէր Յակոբեանը ծանօթ առարկաներից ստեղծում է մանրամասներով հարուստ մի աշխարհ, որտեղ իւրաքանչիւր առարկայ, իւրաքանչիւր նախշ ու գոյն, ունի իր ճշգրիտ տեղը։ Այս լեզւում նատիւրմորտը սեղանի վրայ դրւած մի քանի առարկաների պարզ պատկերումը չէ: Մրգերն ու սպասքը կեանքի եւ տան նշաններ են, պատմում են հիւրասիրութեան, ընդունելութեան, պարտէզի ու յիշողութեան մասին։ Միեւնոյն ժամանակ, նկարների ճշգրիտ եւ գունեղ կառուցւածքի մէջ առարկաները հեռանում են իրենց առօրեայ գործառոյթից, վերածւելով բացառիկ պատկերային կառոյցի բաղադրիչների։
Պատկերասրահ մուտք գործելուն պէս աչքի են ընկնում աշխատանքների կենդանի ու գրաւիչ գոյները՝ մրգերի տաք կարմիրները, նարնջագոյնն ու դեղինը, տերեւների կանաչը, անօթների եւ ֆոների կապոյտը, կտորների ու սփռոցների սպիտակը։ Այս գրաւիչ համադրութիւնները միայն գեղեցկացնելու համար չեն: Գառնիկ Տէր Յակոբեանի բազմատարր աշխատանքներում գոյնն օգնում է դիտողին տարբերակել կտաւի բազմաթիւ բաղադրիչները։ Գոյները նաեւ հայեացքը մի հատւածից տանում են միւսը՝ պատկերին հաղորդելով հաճելի ռիթմ։
Գառնիկի աշխատանքներում յատկապէս նկատելի են գիծն իր ընդգծւած դերով, ինչպէս նաեւ հիւսւածքային մակերեսների օգտագործումը, խորհրդանշական նշաններն ու զարդանախշերը՝ ցեմենտէ հիմքերի վրայ։ Այս ամէնը վկայում է արւեստագէտի գեղագիտական բարձր գիտակցութեան մասին։ Տէր Յակոբեանը սովորաբար առարկաները եզրագծում է մուգ եւ յստակ գծով։ Այդ պատճառով իւրաքանչիւր միրգ, տերեւ, կտոր կամ անօթ ունենում է իր յստակ սահմանը, սակայն այդ սահմանագծումը միաժամանակ ձուլւում է կտաւի ամբողջական կառուցւածքին։
Այս եղանակը նրա աշխատանքներին հաղորդում է գեղանկարչութեան, հարթաքանդակի եւ գծանկարի միջեւ գտնւող բնոյթ։ Կտաւի մակերեսն այլեւս զուտ պատկերային եւ հարթ չէ․ ընդգծւած ու կոշտ հիւսւածքներն առարկաների ֆիզիկական ներկայութիւնն աւելի շօշափելի են դարձնում։ Թւում է՝ մրգերը, կտորներն ու ծաղկամանները ոչ միայն տեսանելի են, այլեւ զգալի են իրենց ծանրութեամբ ու նիւթականութեամբ։
Ցուցահանդէսի «Անկիւններ» խորագիրն այս շարքին մօտենալու յարմար բանալի է։ Տէր Յակոբեանի նկարներում անկիւններն ու եզրերը երբեք դատարկ տարածութիւն չեն։ Կոմպոզիցիայի շուրջ յայտնւում են տերեւներ, բուսական նախշեր, կտորներ, սեղանների յենարաններ, անօթներ եւ կորագիծ ձեւ, որոնք ընդգրկում են պատկերի կենտրոնը։ Այլ կերպ ասած այս աշխատանքներում եզրը կենտրոնից անջատւած չէ․ կտաւի անկիւնները եւս մասնակիցում են ամբողջ պատկերի իմաստի ձեւաւորմանը։
Կառուցւածքի եւ տարրերի ճշգրիտ տեղադրման նկատմամբ այս ուշադրութիւնը կապւած է Գառնիկ Տէր Յակոբեանի՝ ճարտարապետութեան ոլորտում ունեցած անցեալի հետ։ Նրա աշխատանքների ճշգրիտ ու առանձնայատուկ բաժանումները, ժամանակակից լինելուց բացի, արտայայտում են նաեւ իրանական արւեստագէտին յատուկ հայեացք։
Ճարտարապետութեան ազդեցութիւնը պէտք չէ դիտարկել միայն որպէս կենսագրական փաստ: Տէր Յակոբեանը նաեւ գեղանկարչութեան հարցում է ճարտարապետի պէս վարւում: Բաժանում է մակերեսը, իւրաքանչիւր տարրի համար նախատեսում որոշակի տեղ եւ հաւասարակշռութիւն ստեղծում ձեւերի միջեւ։ Կամարները, շրջանակները, սփռոցներն ու երկրաչափական մակերեսները պահում են ամբողջ պատկերը։
Այն կտաւներում, որտեղ կտորը կամ սփռոցը կենտրոնական դիրք ունի, այն այլեւս միայն անօթների ու մրգերի ֆոն չէ․ վերածւում է կոմպոզիցիայի հիմնական առանցքի, որի նկատմամբ ձեւաւորւում են միւս տարրերը։
Այս աշխատանքների մէկ այլ ուշագրաւ առանձնայատկութիւնը երկրաչափական կարգաւորումը՝ բուսական ու բնական ձեւերի հետ համադրելն է։ Տերեւներն ազատ են ու շարժուն, սակայն սահմանւած են վճռական գծերով։ Մրգերը կլոր ու փափուկ են, բայց յայտնւում են անկիւնաւոր մակերեսների, ծալքաւոր կտորների եւ երկրաչափական շրջանակների կողքին։ Այս հակադրութիւնը աշխատանքներին հաղորդում է էներգիա: Մի կողմից տեսնում ենք կարգ, համաչափութիւն եւ կառուցւածք, իսկ միւս կողմից՝ առատութիւն, աճ եւ շարժում։
Որոշ կտաւներում կոմպոզիցիան է մօտենում համաչափութեանը։ Կենտրոնում տեղադրւում է նախշաւոր սփռոց կամ մեծ անօթ, իսկ միւս առարկաները դասաւորւում են երկու կողմերում։ Այս հաւասարակշռւած կառոյցները յիշեցնում են գեղագիտական մտածողութեան տեսակ, որտեղ նախշն ու պատկերը հաւասարապէս կարեւոր են։
Յատկապէս ուշագրաւ են կտորների ու սփռոցների վրայի նախշերը։ Դրանց մի մասը կապւում է իրանական արւեստի երկրաչափական ձեւերի եւ զարդամոտիւների հետ, սակայն որոշ պատկերներում կարելի է նաեւ նկատել հայկական տեսողական յիշողութեան արձագանքը։ Սա պարտադիր չէ որեւէ յստակ նախշի կրկնութիւնը հասկանալու համար: Այն արտայայտւում է կոմպոզիցիայի կառուցւածքի, զարդարելու նկատմամբ հետաքրքրութեան եւ նախշը առօրեայ կեանքի հետ միաւորելու եղանակի մէջ։
Ցուցահանդէսի սթէյթմենթում (արւեստագէտի յայտարարութիւնը) շեշտադրւում է ժամանակի, նիւթի եւ փոփոխութեան փոխյարաբերութիւնը։ Այս գաղափարը տեսանելի է նաեւ «Անկիւններ» շարքում։ Տէր Յակոբեանը որեւէ յստակ դէպքի պատմութիւն ներկայացնելու փոխարէն ժամանակի փորձառութիւնը փոխանցում է շերտերի, հիւսւածքների եւ նշանների կուտակման միջոցով։ Իւրաքանչիւր կտաւ կարծես մի տարածք է, որտեղ համատեղւել են տարբեր առարկաներ՝ կենցաղային իրեր, զարդարական նախշեր, ճարտարապետական ձեւեր, բուսական տարրեր եւ տեսողական յիշողութիւններ։ Այս համադրութիւնն է, որ աշխատանքները դուրս է բերում սովորական նատիւրմորտի սահմաններից։
«Անկիւններ»-ը յիշեցնում է, որ Գառնիկ Տէր Յակոբեանի արւեստը պէտք է ընկալել դանդաղ ու կանգ առնելով։ Որքան հայեացքը երկար է շարժւում կտաւի մակերեսի վրայ, այնքան աւելի յստակ է դառնում գոյների, հիւսւածքների, նախշերի եւ առարկաների փոխյարաբերութիւնը։ Արւեստագէտն իր նիւթը վերցնում է առօրեայ աշխարհից, ապա այն վերածում է ինքնուրոյն ու անձնական մի աշխարհի, որտեղ տունը, յիշողութիւնը, ճարտարապետութիւնն ու զարդարանքը գոյակցում են։
Այս աշխատանքներում ոչ մի անկիւն անիմաստ չէ: Իւրաքանչիւր անկիւն այն ամբողջական կարգի մասն է, որը Տէր Յակոբեանը ստեղծել է ճշգրտութեամբ, գոյնով ու երեւակայութեամբ։
Ցուցահանդէսը կաշխատի մինչեւ սեպտեմբերի 18-ը: «Ֆերէշտէ +2» պատկերասրահը բաց է ամէն օր՝ Էլահիէ, Ֆերէշթէ/Ֆիազի պողոտայում, թիւ 106, «Սամ Սենթեր» առեւտրային կենտրոնի առաջին նկուղային յարկում:
Այցելութեան ժամերն են՝ 11։00-ից 19։00։
Պատկերասրահը շաբաթ եւ կիրակի օրերին փակ է։
1405 թ. ամառ









