Հայ ԴատՀայաստան - ԱրցախՀայաստան - ԱրցախՄշակութայինՔաղաքական

Շաբաթւայ զեկոյցը՝ Արցախի մասին. Մշակութային ժառանգութեան ոչնչացում, բնակեցման քաղաքականութիւն եւ միջազգային անգործութիւն

Հայկական հետազօտութիւնների եւ վերլուծութեան կենտրոնը (CARA) հրապարակել է Արցախի վերաբերեալ իր հերթական շաբաթական զեկոյցը, որտեղ փաստագրւում են Ադրբեջանի կողմից բռնագրաււած Արցախում իրականացւող մշակութային, ժողովրդագրական եւ ենթակառուցւածքային քաղաքականութիւնները։

Զեկոյցի ամենածանր բացայայտումներից մէկը վերաբերում է Ստեփանակերտի Սուրբ Աստւածածին մայր տաճարի ոչնչացմանը։ Արբանեակային պատկերների համաձայն՝ տաճարը քանդւել է 2026 թւականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում։ CARA-ն ընդգծում է, որ ադրբեջանական հասարակական ցանցերում տաճարի աւերումը ներկայացւել է որպէս «յաղթանակ», ինչը, ըստ Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանների, մշակութային ցեղասպանութեան դրսեւորում է։

Զեկոյցը նաեւ արձանագրում է, որ Ադրբեջանը շարունակում է լայնածաւալ բնակեցման քաղաքականութիւնը բռնագրաււած տարածքներում։ Իւանեանում (Խոջալու) եւ Մարտունու շրջանում կառուցւում են նոր էլեկտրական ենթակայաններ, անցկացւում են էլեկտրացանցեր եւ ստեղծւում ենթակառուցւածքներ՝ նոր վերաբնակեցւող բնակիչների համար։ CARA-ի գնահատմամբ՝ այս գործընթացը նպատակ ունի անշրջելի դարձնել Արցախի ժողովրդագրական փոփոխութիւնը։

Առանձին անդրադարձ կայ նաեւ Ադրբեջանի նախագահի յայտարարութեանը, ըստ որի՝ Նախիջեւանն ու բռնագրաււած Արցախը պէտք է զարգացւեն մէկ միասնական ռազմավարական ծրագրով։ Զեկոյցի հեղինակները սա գնահատում են որպէս աւելի լայն տարածաշրջանային նախագծի մաս, որը կապւում է նաեւ Սիւնիքով անցնող հաղորդակցային ուղիների շուրջ ադրբեջանա-թրքական ծրագրերի հետ։

CARA-ն քննադատում է նաեւ միջազգային կազմակերպութիւնների, մասնաւորապէս UNESCO-ի անգործութիւնը՝ նշելով, որ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման դէպքերում դրանք հիմնականում սահմանափակւում են փաստի hետագայ արձանագրմամբ, այլ ոչ թէ կանխարգելիչ քայլերով։

Զեկոյցում անդրադարձ է կատարւում նաեւ Բաքւում ապօրինի պահւող հայ գերիների հարցին։ Նշւում է, որ Ռուբէն Վարդանեանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, մինչ օրս չի ստացել Հայաստանի իշխանութիւնների գործնական աջակցութիւնը՝ Բաքու մարդասիրական կանանց պատւիրակութիւն կազմակերպելու իր նախաձեռնութեան շրջանակում։

Միաժամանակ զեկոյցը ներկայացնում է նաեւ դրական նախաձեռնութիւններ. բռնի տեղահանւած արցախահայ կանանց համար Հայաստանում իրականացւում են գորգագործութեան եւ մարաշեան ասեղնագործութեան ծրագրեր, որոնք նպատակ ունեն ապահովել նրանց տնտեսական ինքնուրոյնութիւնը եւ պահպանել արցախեան մշակութային ժառանգութիւնը։

CARA-ի եզրակացութեամբ՝ բռնագրաււած Արցախում իրականացւող գործողութիւնները առանձին դէպքեր չեն, այլ մէկ ընդհանուր քաղաքականութեան մաս, որի նպատակը հայկական ներկայութեան հետքերի համակարգային վերացումն ու տարածքի նոր ինքնութեան ձեւաւորումն է։

Զեկոյցը հրապարակւել է անգլերէն լեզւով, որին կարելի է ծանօթանալ arfd.am կայքէջի միջոցով:

Related Articles

Back to top button