Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ

ՎԱԶԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ

 

…Եւ նրանց ոտնահետքերով սկսւում է պատմութիւնը:

Այս նախադասութիւնը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրւել: Այս նախադասութեան տէր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասութեանը թիկունք էր պէտք՝ ժողովուրդ էր պէտք, որ պատմութեանը տէր է ու այդ պատմութեան տակ այլեւս չի ճկռելու, ճկւելու ու ճօճւելու: Այս նախադասութիւնը չի գրւել նաեւ այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցութիւն չի եղել, որ պատմութիւնը պիտի իմաստաւորւի, որ պատմութեան դիմաց ու պատմութեան համար կայ պատասխանատւութիւն, որ պատմութիւնը քո, իմ, նրա կեանքի շարադրանքը չէ: Գիտակցութիւն չի եղել, որ պատմութիւնն ունենում է ոտնահետքեր: Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճոյ ու յարմար կեանքով: Եղել է: Եւ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թէ ինչ-որ խելառ էլ յանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հէրն անիծել ենք:

Ու հիմա՝ Մեղրին: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եւ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրայ: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախւած 1915 թւից: Քանիսը կորաւ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկայ: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահւեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու յետոյ ու հիմա տէր չէինք, չեղանք, տէր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելօք-խելօք կատարող ենք, մենք յայտնագործութիւն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորոյթի, վախի, անվստահութեան, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մէջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղաւոր կայ: Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հաւատայ. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հաւատայ, թէ քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցաւն է, քո յիմարութիւնն է:

Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին աւելի կարեւոր է, քան ցանկացած տարածք՝ նոյնիսկ Ղարաբաղը: Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզօրներին իր դուռը բերող: Եւ այսօր տալ Մեղրին, թէկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տայ, հազար ու մի ձեւ կայ չտալու: Ղարաբաղը ապացոյց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տայ: Եթէ տան, աւելի վատ: Որովհետեւ իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տւեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թւով: Իրենց տնտեսութեամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:

Ես չեմ վախենում: Ես ոչ մէկից չեմ վախենում:

Ես զգուշացնում եմ՝ պատմութիւնը նաեւ աւարտւում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմութիւնը չպիտի աւարտւի: Եթէ տաք Մեղրին, ձեր արեանը խառնում էք այն բենզինը, որը չի թունաւորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հէնց Երեւանի կենտրոնում:

Եւ նրանց ոտնահետքերով պատմութիւնը մեռնում է:

Դարերի մեռած պատմութիւնը թափ տւէք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մէջ: Ձեր հոգու մեռելներին թաղէք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կը գնաք ու ձեր զաւակների վզից կը կախէք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կը լինէք, կենաց կը խմէք ու կը սատկէք կարօտից, բայց զէնք չէք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թոյն ը կխառնէք…

1999 թ. հոկտեմբեր

Related Articles

Back to top button