Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մթնոլորտն է որոշելու ամէն ինչ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Ինչ է անում իշխանութիւնը

Իշխանութիւնը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրւելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձեւաւորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարաւոր ու անհաւանական շարունակութիւնները՝ ձերբակալութիւններ, հաշւեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական աւանտիւրաներ, անսահման պոպուլիզմ եւ այլն, այս տրամաբանութեան մէջ են։

 

Ինչ պէտք է անի հակընդդէմ ճամբարը

1. Հասկանալ, որ սա նախընտրական պրոցես չէ, քարոզարշաւ չէ, հետեւաբար՝ լրիւ այլ տրամաբանութիւն է պէտք գործի դնել,

2. Ձեւաւորել պայքարի համակարգեր. հանրահաւաքը, երթը, արարութիւններն իհարկէ կարեւոր են, բայց դրանք համակարգեր չեն։

3. Ունենալ պատրաստի սթրեսս-տեստեր, թէ ո՛ր զարգացման դէպքում ինչպէ՛ս վերադասաւորւել, ինչպէս արձագանքել։

4. Կազմել գործունէութեան ծրագիր, որը կը նւազեցնի իշխանութեան՝ «նոր պայմաններ» ստեղծելու հնարաւորութիւնները։

5. Անել սեփական բարենպաստ «նոր պայմանների» հաշւարկն ու գնալ դրա ուղղութեամբ:

6. Փոխել երկրում մթնոլորտը, ստեղծել փոփոխութեան հանրային համատարած պահանջ, ստանալ մոտիւացւած ընտրազանգւածներ ու փոփոխութիւնների համար պայքարի պատրաստ շերտեր։

 

Մթնոլորտն է որոշելու ամէն ինչ

Իշխանութիւնն անելու է բոլոր հաւանական ու անհաւանական բաները։ Այն ամենազօր չէ, չունի անօրինականութիւնների ու այլանդակութիւնների անսահմանափակ զինանոց։ Ունի ուժային ու քարոզչական գործիքներ, որոնք հմտօրէն կիրառում է՝ առանց որեւէ կարմիր գծերի։ Դա այդպէս է, որովհետեւ երկրում մթնոլորտն է այդպիսին՝ յանձնւած, առանց դիմադրութեան։ Փոխենք մթնոլորտը, ու իշխանութեան անօրինականութիւնների անխափան մեքենան կը սկսի խափանւել։ Սա պէտք էր անել վաղուց, սրա մասին զգուշացւել է, բայց քաղաքական եւ այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցաւօք, ստրատեգիական մտածողութիւն եւ ակտիւանում են դրւագայնօրէն։ Հիմա նոր ձեւաւորւող շարժումները պէտք է չկրկնեն նախկինների սխալները։

Անհատական մակարդակում, մասնագիտական եւ արհեստակցական համայնքներում չկայ դիմադրութեան մթնոլորտ։ Եթէ մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակւեն ադրբեջանցի մասնագէտներ, հաւատացնում եմ ձեզ, այսօրւայ մթնոլորտում սա կը մարսւի. ո՛չ ուսանողութիւնը կընդվզի, ոչ՝ պրոֆեսորադասախօսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիւանայ։ Սա չի խօսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախօսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտւած մթնոլորտ է։ Իշխանութեան ասպատակութիւնների համար դա ամենապարարտ մթնոլորտն է։

Եկէք ընդունենք, որ բազմահազարանոց հանրահաւաքից ուղիղ մէկ փողոց այն կողմ լրիւ ուրիշ կեանք է։ Դա չի նշանակում, որ այդ փողոցում վատ մարդիկ են, այլ յուշում է, որ այդ մարդկանց հետ այլ ոճի աշխատանք է անհրաժեշտ։

 

Իշխանութիւնը սխալւում է եւ սխալւելու է

Ցանկացած բիրտ իշխանութիւն սխալներ է թոյլ տալիս։ Այս իշխանութիւնը նոյնպէս սխալւում է եւ առաջիկայում այդ սխալներն աւելի խոշոր են լինելու։ Հակընդդէմ ճամբարների կազմակերպւած համակարգերի խնդիրն է՝ դրանք արագ ֆիքսել եւ օգտագործել, բայց դրա համար նոյնպէս համակարգեր են պէտք։

 

Պայքար՝ մթնոլորտի համար

Հիմա պայքարը ոչ թէ ձայների, սոցհարցման թւերի մասին է, այլ՝ մթնոլորտի։ Ընտրութիւններին մօտ մթնոլորտը լրիւ այլ է լինելու, այսօրւանի հետ քիչ ընդհանրութիւններով։ Իշխանութիւնը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով եւ արտաքին աջակցմամբ։ Մենք պէտք է այսօրւանից պայքարենք, որ այդ պայմանները եւ մթնոլորտը լինեն ի շահ մեզ։ Կարգախօսներ, համակարգեր, ակցիաներ, պրոցեսներ, դաշինքներ, քաղաքական բանաձեւեր՝ ներքին եւ արտաքին լսարանի համար. այս ամէնը պէտք է միտւած լինի երկրում մթնոլորտը փոխելուն։ Փոխեցինք պարտւած ու յանձնւած մթնոլորտը՝ նոր իշխանութեան ձեւաւորումը կը լինի անխուսափելի։

Related Articles

Back to top button