ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Ճշմարիտ խոստման» «Պատասխանի օրը»

Ինչպէ՞ս արձագանգեցին սոցիալական ցանցերում

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Տեղական ժամանակով գիշերւայ ժամը երկուսին պայթիւնների եւ հակաօդային պաշտպանութեան հերթազարկեր են գրանցւել Իրանի քաղաքներից մի քանիսի, այդ թւում՝ Թեհրանի տարբեր հատւածներում, իսկ քիչ անց Իսրայէլի բանակը յայտարարութիւն է տարածել Իրանի ռազմական յենակէտերի վրայ յարձակման մասին։

Միեւնոյն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանութեան կենտրոնը յայտնել է, որ յարձակման թիրախը եղել են Թեհրանը, Իլամը եւ Խուզեստանը: Իրանական կողմի հաւաստմամբ այս յարձակումների հետեւանքով զոհւել է չորս զինծառայող: 

Աւելի ուշ հաստատւեց նաեւ, որ զոհերի թիւն աւելացել է  խաղաղ բնակչով: Այսպիսով Իսրայէլի յարձակման հետեւանքով զոհւածների թիւը հասել է հինգի:

Պաշտօնական յայտարարութիւնների կողքին ուշագրաւ մեկնաբանութիւններով են հանդէս գալիս մեդիափորձագէտները թւիթերեան եւ տելեգրամեան հարթակներում:

Արսենալների վերաբերեալ գրառումների շարքում կարելի է հանդիպել այն փաստին, որի համաձայն Իսրայէլը չի​​բացայայտել յարձակման եղանակը, թէեւ սոցցանցերում նրա պաշտօնական էջերը հրապարակել են թռիչքի պատրաստւող օդուժի լուսանկարները, որոնցում օդաչուների դէմքերը ծածկւած են: Չնայած այդ լուսանկարները, բազմաթիւ այլ օգտատէրերի կարծիքով կրում են PR-ի բնոյթ, քանի որ այնտեղ երեւում են նաեւ կին օդաչուների նկարներ: Այսպիսով, մեկնաբանութիւնների հիմքում երեւան է գալիս, յատկապէս, գործողութեան պրոպագանդային նպատակն ու քաշը նաեւ:

Միեւնոյն ժամանակ, թւիթերում ձեռքից ձեռք է փոխանցւում Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի գլխաւոր շտաբի յայտարարութիւնը, որի համաձայն՝ իսրայէլական կործանիչներին չի յաջողւել մտնել Իրանի օդային տարածք: Նրանք գործողութիւնն իրականացրել են Իրանի սահմանից 100 կմ. հեռաւորութիւնից՝ Իրաքի օդային տարածքից։ Նոյնի համաձայն՝ Գլխաւոր շտաբը յայտնել է, որ օպերացիայի պահին Իրաքի երկինքը ամերիկեան բանակի հսկողութեան տակ էր յայտնւել: Այսպիսով Իրանը ԱՄՆ-ին անւանել է Իսրայէլի յարձակմանը մասնակից կողմ։

Իսրայէլական մամուլի հրապարակումների համաձայն՝ մի շարք հեռահար օդային հրթիռներ, որոնք շատ թեթեւ մարտագլխիկ են ունեցել (իրանական բալիստիկ հրթիռների մարտագլխիկի համեմատ մէկ հինգերորդը), արձակւել են Խուզեստանի եւ Իլամի որոշ սահմանային ռադարների ուղղութեամբ։ Նոյնի համաձայն՝ հրթիռները հասել են նաեւ Թեհրանի մերձաւորութեան գտնւող յենակէտեր, որոնց որսացել է Իրանի ՀՕՊ-ը:

Յարձակման հետւանքով թիրախաւորւել են մի քանի ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնցից մի քանիսն անմիջապէս փոխարինւել են:

Սոցցանցային մեկնաբանների կարծիքով՝ կողմերը դեռ փորձում են ճանաչել միմեանց պաշտպանական կարողութիւնները, յատկապէս, ուղիղ առճակատումից առաջ: Այս մեթոդով Իսրայէլն իրական պայմաններում փորձարկել է Իրանի տարածքի խորքը մտնելու հնարաւորութիւնները։

Երրորդ կողմի սառը դատողութեամբ հանդէս եկող սոցցանցային հարթակներում հրապարակումների քաշը դէպի Իրանի կողմն է ծանրութիւն անում, յատկապէս, երբ Թեհրանն իրեն յաղթական զգալով գոհունակութիւն է յայտնել առ այն, որ կարողացել է չէզոքացնել յարձակումը՝ հակաօդային կարողութիւններն իցոյց դնելով, չնայած որոշ յենակէտերին հասցւած հարւածների ու պատճառած վնասների:

Գործողութեան յաջորդ օրը Թեհրանի Պաղեստինի հրապարակում պաստառ է տեղադրւել, որով կոչ է արւում իրականացնել «Ճշմարիտ խոստում-3» գործողութիւնը: Այս մասին է գրել «Իրան» օրաթերթը, յօդւածը վերնագրելով՝ «Եւս մէկ փոթորիկ է գալիս»։

Միաժամանակ «Մեհր» լրատւական գործակալութիւնը գրել է, որ «Իրանի ժողովուրդը երկրի որոշ շրջաններում ցոյց է անցկացրել՝ գովաբանելով բանակի ՀՕՊ ուժերին եւ յարգանքի տուրք մատուցել այս յարձակումների նահատակներին, պահանջելով  իրականացնել «Ճշմարիտ խոստում-3»-ը: 

Իրանական տելեգրամեան ալիքների ուշադրութիւնից չի վրիպել այն փաստը, որ ի պատասխան շաբաթ առաւօտեան տեղի ունեցած յարձակմանը՝ Իրանի կառավարութիւնը չի ասել, որ Սիոնիստական ռեժիմին անպայման զէնք կիրառելով է պատասխանելու:

Չնայած Արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն տարածելով ընդգծել է, որ Իրանն իրաւասու է եւ պարտաւոր է պաշտպանւել օտարերկրեայ ագրեսիայի դէմ՝ հիմնւելով ՄԱԿ-ի կանոնադրութեան վրայ, միաժամանակ յաւելելով, որ «տարածաշրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը պաշտպանելը» տարածաշրջանի բոլոր երկրների պատասխանատւութիւնն է։

Մեդիադաշտի պատերազմում իրանական կողմի որոշ յայտարարութիւնները վկայում են յարձակումն անտեսելու, կամ առայժմս դրան չպատասխանելու մասին: Իրանի պետական ​​լրատւամիջոցները իսրայէլական յարձակումները յետ մղելու յաջողութիւնը նոյնն են համարել ինչ յաղթանակը եւ  նշել են, որ յարձակումները միայն «սահմանափակ վնաս» են պատճառել թիրախ համարւող օբիեկտներին։

Իսկ իսրայէլական կողմը յաջողութիւն է համարում այն, որ Իսրայէլի յարձակումն Իրանի վրայ վերջապէս տեղի ունեցաւ: Այս յարձակումն իր տեսակի մէջ աննախադէպ էր: Առաջին յարձակումն Իրանի վրայ, որի պատասխանատւութիւնը պաշտօնապէս ստանձնել է Իսրայէլը:

Ռազմական հարցերով փորձագէտ Ֆարշադ Ադէլն իր տելեգրամեան ալիքում գրել է, որ երկու երկրների՝ միմեանց վրայ բացայայտ յարձակւելու տաբուն կոտրելու երկարաժամկէտ հետեւանքները կարող են լայնածաւալ գործողութիւնները լինեն։ Յաջորդ էսկալացիայի ժամանակ, որը ոչ ոք չգիտի, դա տեղի կունենայ յաջորդ շաբաթ, մէկ տարի անց, թէ տասը տարի յետոյ, երկու կողմերը կը գնան նոյն ճանապարհով, արդէն նախկինի պէս  թիրախաւորելով  միմեանց տարածքները:

Դոկտ. Էհսան Մովահեդիանը նոյնպէս արձագանգել է իրադարձութիւններին եւ նշել, որ անկախ լրագրողական որոշ մեկնաբանութիւններից՝ Իսրայէլի ռեժիմի յարձակումն Իրանի վրայ կարեւոր իրադարձութիւն էր եւ չպէտք է թերագնահատւի։

Նա յաւելել է, որ առաջին անգամ Իրան է ներխուժում Իսրայէլը ռազմական (այս անգամ ոչ ահաբեկչական) գործողութեամբ, ինչն ուղեկցւել է զոհերով ու ռազմական օբիեկտներին հասցւած վնասներով, ինչի չափերը դեռ գնահատւում են: «Միեւնոյն ժամանակ մենք երկրի հարաւ-արեւելքում ականատես եղանք ահաբեկչական գործողութիւնների, որոնք չպէտք է առանձին վերլուծել Սիոնիստական ռեժիմի յարձակումից»,- նշել է նա։

Փորձագէտն ընդգծելով, որ այս փաստը եւս չպէտք է անտեսւի, որ մի քանի ամսում Իսրայէլի ռեժիմն ընդլայնել է իր գործողութիւնները սահմաններից դուրս իրանական ուժերի թիրախաւորումից մինչեւ Իրանի սահմանների ներսում ռազմական գործողութիւններ, ինչը պէտք է դիտարկել որպէս լուրջ սպառնալիք եւ զգօն լինել յատկապէս ահաբեկիչների ներթափանցման սահմանների նկատմամբ:

Նա յաւելել է, որ ներկայ պահին հնարաւոր չէ վերլուծել վերջին միջադէպը, եւ ասւածն ու մեկնաբանութիւնները համարւում են ընդհանրախօսութիւն, քանի որ պաշտօնական հաստատում չունեն:

Նա յաւելել է նաեւ, որ չնայած անյապաղ եւ վճռական պատասխան գործողութիւնների անհրաժեշտութեանը, հանրային տարածքը պէտք է հանգստացնել զուտ զգացական հողի վրայ հապճեպ պատասխան գործողութիւն պահանջող կոչերից:

Մեդիափորձագէտ Ռեզա Շէյբանին էլ իր թւիթերեան էջում գրել է, որ յարձակումների հարցում պակաս անհանգստացնող չէր միկրօ անօդաչու թռչող սարքերի թռիչքներն ու կւադկոպտերների յարձակումները երկրի ներսից: 

Նա նշել է, որ այս կւադկոպտերները հիմնականում օգտագործւում են պաշտպանական ռադարների տեղանքն ու հրթիռների գտնւելու վայրը տեղորոշելու նպատակով: Այնուամենայնիւ, նրանք կարող են նաեւ յարձակողական նպատակներով օգտագործւելուն զուգահեռ՝ խանգարելով շեղեն ռադարային համակարգը, իհարկէ, յարձակման գիշերւայ  ընթացքում, պաշտօնական հրապարակումների համաձայն՝ Իրանի ՀՕՊ-ը գիտակցաբար խուսափեց իր հեռահար եւ միջին հեռահարութեան համակարգերը միկրօ-թռչողների հետքերով տանելուց:

«Բնականաբար, եւ անցեալից  ունեցած փորձառութեան, մեղադրանքի մատն ուղղւած է դէպի մեզ մօտ գտնւող այն շրջաններն ու հարեւանները, որտեղ Սիոնիստական ռեժիմը լրտեսութեան բոյն ու բազա ունի։ Այս քաղցկեղային ուռուցքները պէտք է աւելի վճռականօրէն արմատախիլ արւեն»,- նշել է Ռեզա Շէյբանին՝ անուղղակի ակնարկելով Ադրբեջանին:

Related Articles

Back to top button