Կարէն Վրթանէսեան. «Պղտոր տեղեկատւական հոսքերում հեշտ է մոռանալը, թէ սրանցից ով ով է, բայց պէտք է չմոռանանք…»
«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 1999 թւականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգութեանը, այդ ֆոնին յիշելով այսօր ՔՊ-ում առանցքային դերակատարութիւն ունեցող Անդրանիկ Քոչարեանին եւ Սասուն Միքայէլեանին:
«25 տարի առաջ այս օրը Նայիրի Յունանեանն իր յանցակիցների հետ Ազգային ժողովում 8 հոգի գնդակահարեց, այդ թւում ՀՀ վարչապետ Վազգէն Սարգսեանին, ԱԺ նախագահ Կարէն Դեմիրճեանին եւ 2 փոխնախագահներին, ինչպէս նաեւ մէկ նախարարի եւ 3 պատգամաւորների։
Այսօր Եռաբլուր են գնացել մարդիկ, որոնք ներկայանում են՝ որպէս Վազգէն Սարգսեանի ընկերներ, զինակիցներ։
Այդ մարդկանցից Անդրանիկ Քոչարեանը յայտնի է նրանով, որ Վազգէն Սարգսեանի արիւնը դեռ չսառած, Վաղարշակ Յարութիւնեանի հետ հապճէպ ցուցակ էին կազմել, թէ իրենց ախպերութիւնից ում ինչ պաշտօնի են ուզում տեսնել…
Մէկ այլ «զինակից»՝ Սասուն Միքայէլեանը, 2018-ին յայտարարեց, որ Նիկոլի «յեղափոխութեան» յաղթանակն աւելի կարեւոր էր, քան Արցախեան պատերազմում հայերի յաղթանակը։ Այսօր էլ՝ լինելով «Երկրապահ» անունով կազմակերպութեան նախագահ, ցինիկաբար ադրբեջանական քարոզն է առաջ տանում, թէ բա «ադրբեջանցիներին չենք կարող դիմադրել» եւ, ըստ էութեան, քարոզում է Հայաստանի տարածքները յանձնելու օգտին։
Ամենօրեայ պղտոր տեղեկատւական հոսքերում հեշտ է մոռանալը, թէ սրանցից ով ով է, բայց պէտք է չմոռանանք…»,- գրել է նա: