Վահէ Դաւթեան. «Արեւային էներգետիկայի բումը, կամ քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հէնքի»

«ԱԼԻՔ» – Էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը իր թելեգրամեան ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով արեւային էներգիայի մասին ՀՀ կառավարութեան յայտարարութիւններին:
Նա մասնաւորապէս գրել է.
«Արեւային էներգետիկայի բումը, կամ քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հէնքի:
ՀՀ կառավարութիւնը յայտարարում է, որ Հայաստանն արդէն հասել է իր 2030 թ․ նախատեսւած ռազմավարական նպատակին՝ ունենալ աւելի քան 1000 ՄՎտ արեւային հզօրութիւն։
Այսինքն՝ այն, ինչ պէտք է իրականացւէր չորս տարի անց, փաստացի կատարւել է հիմա։
Թւերն, առաջին հայեացքից, տպաւորիչ են, սակայն խորքային դիտարկումը բացայայտում է՝ դա ոչ թէ յաջողութեան, այլ համակարգային պլանաւորման բացակայութեան ցուցանիշ է։
Ընդ որում ՏԿԵ նախարարը, խոստովանելով առկայ խնդիրները, նշում է, որ նման ծաւալների դէպքում արդէն իսկ առաջանում են բարդութիւններ՝ կապւած էներգետիկ համակարգի կայունութեան հետ։ Հէնց այդ պատճառով կառավարութիւնը քննարկում է նոր սուբսիդաւորման ծրագիր՝ միայն այն դէպքում, եթէ արեւային կայանները համալրւեն կուտակիչ համակարգերով։ Սա փաստացի նշանակում է, որ պետութիւնն առաջին անգամ ընդունում է՝ արեւային ոլորտի անսանձ աճը համակարգային վտանգի աղբիւր է:
Հայաստանի էներգետիկ զարգացման ներկայիս մոդելը կարելի է բնորոշել որպէս քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հէնքի։ Վերջին տարիներին արեւային կայանների թւի աճը՝ արդէն աւելի քան 70 գործող կայան եւ տասնեակ նոր նախագծեր, տեղի է ունենում առանց էլեկտրաէներգիայի պահեստաւորման ռազմավարութեան եւ առանց աւանդական հզօրութիւնների հետ տեխնիկական սինխրոնիզացման։ Արդիւնքում ստեղծւում է ոչ թէ էներգետիկ կայունութիւն, այլ ռիսկերի նոր շղթայ։
Այս իրավիճակը յիշեցնում է Իսպանիայի օրինակը, որտեղ ս. թ. ապրիլին ընդամէնը վայրկեանների ընթացքում 2,2 ԳՎտ արեւային հզօրութիւն դուրս մնաց ցանցից՝ առաջացնելով մասշտաբային բլեքաութ։ Պատճառը նոյնն էր՝ արեւային հզօրութիւնների անհամակարգ ինտեգրումը:
Հայաստանը, ցաւօք, գնում է նոյն ճանապարհով՝ առանց երկարաժամկէտ հաշւարկի, առանց համակարգային կանխատեսման, առանց մակրոտնտեսական զարգացման ու գէոտնտեսական ներուժի հետ կորելացման:
Ժամանակն է դադարել չափել էներգետիկայի զարգացումը միայն մեգաւատներով եւ սկսել մտածել համակարգային հաւասարակշռութեան ու կառավարման որակի մասին»:



