ՀամայնքՆոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգային միջնակարգ դպրոցների համար դասագրքեր կազմելու կարեւոր նախաձեռնութիւնը

Ցանկացած դասագիրք, ժամանակի պահանջներին համապատասխան, պարբերաբար կարիք ունի վերանայման, վերամշակման եւ վերահրատարակման։ Հէնց այս մտահոգութիւնից ելնելով՝ Նոր Ջուղայի հայ ուսուցչական կազմը ձեռնամուխ եղաւ դասագրքերի թարմացման ու վերամշակման կարեւոր եւ պատասխանատու աշխատանքին։

Ժամանակի ընթացքում փոխւում են ոչ միայն կրթական պահանջները, այլեւ աշակերտների հետաքրքրութիւնները, գիտելիքների շրջանակն ու ուսուցման մեթոդները։ Հետեւաբար անհրաժեշտ է, որ դպրոցներում գործածւող դասագրքերը եւս համապատասխանեն նոր ժամանակների պահանջներին՝ միաժամանակ պահպանելով հայեցի կրթութեան եւ ազգային դաստիարակութեան հիմնարար արժէքները։

Նոր Ջուղայի հայ ուսուցիչները, գիտակցելով իրենց առջեւ դրւած պատասխանատւութիւնը, մեծ նւիրումով ձեռնամուխ եղան այս կարեւոր աշխատանքին։ Նրանց նպատակն էր դասագրքերը դարձնել աւելի մատչելի, հասկանալի եւ հետաքրքիր աշակերտների համար՝ միաժամանակ ապահովելով ուսումնական նիւթի բովանդակային հարստութիւնն ու ազգային շեշտադրումները։

Այդ նպատակով կազմւեցին Հայ գրականութեան հինգ եւ հայոց լեզւի երեք դասագրքեր: Հայ գրականութեան դասագրքերի շարքը կազմւել է ժամանակագրական սկզբունքով՝ ընդգրկելով նորագոյն, նոր, հին, ապա կրկին խորացւած նորագոյն եւ նոր շրջանները։ Այս կառուցւածքը հնարաւորութիւն է տալիս աշակերտներին աստիճանաբար ծանօթանալ գրականութեան զարգացման տարբեր փուլերին՝ ամբողջական պատկերացում կազմելով հայ մշակոյթի եւ ազգային ժառանգութեան մասին։ Իսկ հայոց լեզւի 3 դասագրքերը պարունակում են քերականութեան ձեւաբանութիւնը եւ շարահիւսութիւնը:

Այս դասագրքերը պարզապէս ուսումնական նիւթերի ժողովածուներ չեն։ Այն նաեւ սերնդի աշխարհայեացքի, լեզւական մտածողութեան եւ ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորման կարեւոր միջոցներից են։ Դասագրքերի միջոցով աշակերտը ծանօթանում է հայ գրականութեանը, մշակոյթին եւ ազգային արժէքներին։ Հետեւաբար ուսումնական նիւթերի ընտրութիւնն ու մատուցումը կատարւել են մեծ ուշադրութեամբ, պատասխանատւութեամբ եւ մանկավարժական մօտեցմամբ։

Այս ամբողջ ընթացքում Նոր Ջուղայի հայ ուսուցիչները մշտապէս վայելել են Սպահանի Հայոց Թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների հովանաւորութիւնն ու աջակցութիւնը։ Նրանց ցուցաբերած վստահութիւնն ու զօրակցութիւնը կարեւոր դեր են ունեցել դասագրքերի մշակման եւ հրատարակութեան գործում։

Գրականութեան եւ հայոց լեզւի դասագրքերի հեղինակներն են Սեդա Դիլանչեանը, Քարոլին Դիլանչեանը եւ Ռիմա Սիմոնեանը: Իսկ 11-րդ դասարանի գրականութեան գրքի պատրաստմանը համագործակցել է Կարին Տէր Մարտիրոսեանը:

Գրքի ձեւաւորման եւ գրաֆիկական աշխատանքները կատարել են Վերգինէ Միրզախանեանը Վանանդ Իսաղուլեանը եւ  Նարէ Մարկոսեանը:

Գրքերը տպագրւել են «Ալիք»-ի եւ Ս. Ամենափրկիչ վանքի տպարաններում:

Դասագրքերի պատրաստման աշխատանքը չի սահմանափակւել միայն գրականութեան եւ հայոց լեզւի առարկաներով։ Տարրական եւ միջնակարգ բաժնի հայոց պատմութեան դասագրքերը եւս, որոնք ժամանակին պատրաստւել էին Նոր Ջուղայի ուսուցիչների եւ Հայաստանից հրաւիրւած պատմաբանի համագործակցութեամբ, վերջին տարիներին վերամշակւել եւ համապատասխանեցւել են օրւայ կրթական պահանջներին, նպատակ ունենալով պատմական նիւթը դարձնել աւելի արդիական, մատչելի եւ համապատասխան աշակերտների տարիքային խմբերին։

Նոր Ջուղայի հայ ուսուցչական կազմի այս նախաձեռնութիւնը վկայում է այն մասին, որ տեղի հայ կրթական գործիչները մշտապէս մտահոգւած են դպրոցի, կրթութեան եւ նոր սերնդի առաջընթացով։ Նրանց համար դպրոցը միայն գիտելիք փոխանցող հաստատութիւն չէ, այլեւ ազգային կեանքի կարեւորագոյն օջախներից մէկը, որտեղ ձեւաւորւում է վաղւայ սերունդը՝ իր լեզւով, մշակոյթով, ինքնութեամբ եւ ազգային արժէքների գիտակցութեամբ։

Ուստի այս աշխատանքը պէտք է դիտարկել ոչ միայն որպէս կրթական գործընթաց, այլեւ որպէս Նոր Ջուղայի հայ համայնքի ազգային-մշակութային կեանքի շարունակական զարգացման կարեւոր դրսեւորում։ Այն վկայում է համայնքի կրթական աւանդոյթների պահպանման, ժամանակի պահանջներին համահունչ նորացման եւ ազգային արժէքները նոր սերնդին փոխանցելու հետեւողական ձգտման մասին։

Համոզւած ենք, որ այս նւիրեալ աշխատանքը իր արժանի հետքը պիտի թողնի Նոր Ջուղայի հայկական դպրոցների փառաւոր պատմութեան մէջ՝ դառնալով եւս մէկ կարեւոր էջ հայ կրթութեան եւ ազգային դաստիարակութեան երկարամեայ ճանապարհին։

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ

Related Articles

Back to top button