
Երեքշաբթի՝ մայիսի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, հանդիսաւոր տօնախմբութեամբ նշւեց հայ ժողովրդի պատմութեան պանծալի էջերից՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 108-ամեակը։
Սկզբում հնչեց Իրանի Իսլամական Հանրապետութեան օրհներգը, ապա «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ դրօշակի օրհնութիւն՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցական դասի. այս բաժինն աւարտւեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգի ունկնդրութեամբ եւ «Արարատ» միութեան Սկուտական միաւորի անդամների շքերթով։
Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Սուրբը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանն ու նոյն ժողովի ցկեանս պատւոյ անդամ Թաթուլ Օհանեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Վաչիկ Հայրապետեանն ու Զաւէն Սիմոնեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ օրւայ բանախօս Դերենիկ Մելիքեանը ընդունեցին թեմի ազգային մարմինների եւ ենթամարմինների, Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգային դպրոցների աշակերտութեան եւ պատասխանատուների, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւնների եւ յանձնախմբերի շքերթ տողանցքը, որն աւարտւեց ՀՀ Եռագոյն դրօշը կրող ՀՅԴ «Ռուբէն» Երիտ. եւ «Թադէոս Թադէոսեան» Պատանեկան միութիւնների երթով։
Ծրագրի շարունակութեան մէջ բանախօսական ելոյթով հանդէս եկաւ պատմական գիտութիւնների թեկնածու եւ «Ալիք» օրաթերթի տարիների գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը։ Նա շնորհաւորելով հայ ժողովրդի պատմութեան մէջ տեղ գտած Մայիսեան յաղթանակների առիթով՝ ափսոսանքի առիթ համարեց այն փաստը, որ 1992 թւականին ամբողջութեամբ ազատագրւած Շուշին, 2020-ին՝ Արցախեան դաւադրեալ պատերազմի ընթացքում առերեւոյթ սխալ հաշւարկների, սակայն խորքում հայրենադաւ գայթակղութեան արդիւնքում մատուցւեց հայատեաց թշնամիներին։
Բանախօսն ընդգծելով, որ հայոց Շուշիի վերատիրացման եւ ազատագրման հեռանկարը մնացել եւ մնալու է ներկայի ու ապագայի հայորդիների մտապատկերում, այսպէս աւելացրեց, թէ. «Հայ ժողովուրդը 3-րդ հազարամեակ է մտել իր հետ տանելով սեփական պատմական բեռը՝ հայկական հարցը, որպէս ռազմավարական ծրագիր։ 3-րդ հազարամեակում Հայաստանի աւանդական, աշխարհաքաղաքական եւ պատմաժողովրդագրական գործօնները չեն փոխւել, չի փոխւել նաեւ շուրջ հազար տարւայ ազգային թշնամին, որը կազմակերպել է Հայոց Ցեղասպանութիւնը եւ գրաւել է հայոց հայրենիքի տարածքի շուրջ 90 տոկոսը։ Այսօր իսկ օրակարգում է գտնւում թուրքախօս ժողովուրդների ազգայնամոլական գաղափարախօսութիւնը՝ պանթուրքիզմը, որի իրականացումը նշանակում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ոչնչացումը։ Այսօր ապազգային իւրային ուժերի կողմից հայ ժողովրդին առաջարկւում եւ նոյնիսկ պարտադրւում է հրաժարւել հայոց ազգային գաղափարախօսութիւնից եւ ընտրել իրենց ասած զարգացման նոր ուղին, որի արդիւնքը պարզորոշ է բոլորիս համար»։
Նա իր խօսքի մի այլ բաժնում մէջբերում կատարելով ոմն քաղաքագէտ-փորձագէտի տեսակէտը առաջիկայ յունիսին Հայաստանում անցկացւելիք Ազգային ժողովի ընտրութիւնների մասին, որտեղ նա նշւած ընտրութիւնները բնութագրել է որպէս հայութեան մերօրեայ Սարդարապատ, ուր յաղթանակը այլընտրանք չունի, աւելացրեց, թէ Արցախի կորուստով անվտանգ չեն՝ Սիւնիքը, Տաւուշը, Սեւանը, Տիգրանաշէնը եւ հայկական այլ տարածքները, իսկ ապազգային եւ պարտւողական իշխանախմբի վերընտրւելու, աւելի ճիշտ հայատեաց անգլոսակսոնականների աջակցութեամբ վերարտադրւելու դէպքում, հեռու չի լինելու մեր մայրենի հողերում արեւմտեան ադրբեջան շինծու տարածքների սահմանագծումն ու 300 հազար թուրք-թաթարի վերաբնակեցումը։
Դերենիկ Մելիքեանն իր խօսքի աւարտին յոյս յայտնեց, որ ահազանգային այս պայմաններում հայրենի զաւակները կերտելու են նորօրեայ սարդարապատեան յաղթանակներ՝ առաջնորդւելով ազգային ու պետական անվտանգութեան առաջնահերթութիւններով։
Յաջորդիւ ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը։ Նա նշելով, որ ծրագրում հնչած խօսքերի ու բանախօսութեան, ինչպէս նաեւ շքերթ-տողանցքի շնորհիւ, բոլորը վայելեցին հայկականութեան շունչը, ինչով միայն կարելի է հպարտանալ, աւելացրեց, թէ այս ամէնի ականատեսը լինելով այստեղ նկատում է իսկական հայութիւն եւ իսկական Հայաստան։ Նա իր խօսքի մի այլ բաժնում շեշտելով, որ այսօրւայ ունեցած ազատ եւ անկախ Հայաստանը բաւարար չէ, ընդգծեց, թէ հարկաւոր է կերտել ազատ, անկախ եւ խաղաղ հայրենիք, իսկ շնորհաւորելով ՀՀ հիմնադրման 108-ամեակի բարեբաստիկ առիթով, աղօթեց առ Աստւած՝ պահի ու պահպանի հայրենի երկիրը։
Այնուհեետւ տօնախմբութեան գեղարւեստական բաժնում, Փերիոյ Կրթ. միութեան պարային ելոյթներով, ինչպէս նաեւ Արթին Քեշիշեանի ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ, հայկական շնչով ու յաղթանակի ոոգով ողողւեց սրահը։ «Էրեբունի» պարախմբի ղեկավարն-պարուսոյցն էր Ալինա Գրիգորեանը։ Երգչին կենդանի նւագակցութեամբ ընկերակցում էր «Անի» նւագախումբը, Արին Խաչիկեանի ղեկավարութեամբ։
Երեկոն իր ոգեշնչող խօսքերով ու տրամադրութիւն բարձրացնող արտայայտութիւններով հանդիսավարեց Մանիա Ղուկասեանը։
Թղթակից (Նոր Ջուղա)















