Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանն ի զօրու չէ իրաւական պատասխանատւութիւն ստանձնել իր կատարած ապօրինութիւնների համար

«5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Օրագիր» հաղորդման հիւրն էր ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին օրերին իշխող ուժի առանձին ներկայացուցիչների կողմից ՀՅԴ հասցէին հնչեցրած յայտարարութիւններին, ՀՀ իշխանութիւնների վարած ապազգային քաղաքականութեան դրսեւորումներին, երկրում տիրող բռնաճնշումների մթնոլորտին ու դրա պատճառներին:

Կիրօ Մանոյեանը, խօսելով ՀՅԴ-ն արմատախիլ անելու ՔՊ-ական պատգամաւորի յայտարարութեան մասին, նշել է, որ այդպիսի յայտարարութիւնները ՀՅԴ-ի համար նորութիւն չեն եւ գալիս են աւելի քան մէկդարեայ հեռաւորութիւնից՝ բոլշեւիկների ժամանակներից, որոնք նոյնիսկ «Դաշնակցութեան թաղումն» են կազմակերպել: Դա պէտք է դիտարկել առհասարակ ազգային ուժերի եւ հայկականութեան դէմ ՀՀ օրւայ իշխանութիւնների որդեգրած դիրքորոշմամբ, որ աւելի համահունչ է Հայաստանի թշնամիների դիրքորոշմանը՝ ասել է Կիրօ Մանոյեանը:

Անդրադառնալով Հայաստանում ընդդիմութեան եւ նրա ղեկավարների դէմ սկսւած բռնաճնշումներին՝ Կիրօ Մանոյեանը չի բացառել, որ Նիկոլ Փաշինեանն այդ ճանապարհն է ընտրել, որովհետեւ այնքան է խախտել Սահմանադրութիւնն ու օրէնքները, այնքան ձախողումներ ու Հայաստանին ի վնաս քայլեր է կատարել, որ չի կարողանալու դրանց իրաւական պատասխանատւութիւնը ստանձնել: «Մասնաւորապէս Ռոբերտ Քոչարեանի դէմ շարունակւող ապօրինութիւնների մէջ, կարծում եմ, Փաշինեանը առաջնորդւում է նաեւ անձնական մոտիւներով, որովհետեւ Քոչարեանի դէմ պայքարով է ինքը մտել քաղաքականութիւն»,- ասել է Կիրօ Մանոյեանը:

Նա խօսել է նաեւ TRIPP նախագծի մասին, նշելով, որ նախագծում կան ինչպէս հարցականներ, այնպէս էլ բազմաթիւ մտահոգիչ կէտեր, որոնք ՀՀ Սահմանադրական դատարանը կամ չի կարդացել, կամ անուշադիր է կարդացել՝ այն ճանաչելով ՀՀ սահմանադրութեանը չհակասող: «Ինձ համար, օրինակ, անհասկանալի է, ես, որպէս ՀՀ քաղաքացի, կարողանալո՞ւ եմ ՀՀ տարածքից դուրս գալ այդ ճանապարհի վրայ, եթէ յայտնի է, որ TRIPP-ի մի ծայրը Ադրբեջանում է, միւս ծայրը Նախիջեւանում»,- ասել է Կիրօ Մանոյեանը:

Related Articles

Back to top button