Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Խաչի գիւտի օրը

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Խաչի գիւտի օրը: Խաչի Գիւտը Քրիստոսի խաչափայտին նւիրւած չորս տօներից է:
327 թւականին բիւզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինէն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղէմ: Յուդա անունով մի հրեայ օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչւելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդիւնքում յայտնաբերւում են Յիսուսի եւ նրան խաչակից երկու աւազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրայ, որոնցից մէկի վրայ պատանին յարութիւն է առնում, եւ այդպէս ճանաչւում է տէրունական խաչը: Այդ հրաշքից հրեայ Յուդան քրիստոնէութիւն է ընդունում եւ յետոյ դառնում է Երուսաղէմի Կիւրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գիւտից յետոյ Հեղինէն բարեզարդում է Երուսաղէմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սուրբ Յարութիւն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղւում է Տիրոջ խաչափայտը:



