ԹեհրանՀամայնքՄշակութային

«Անին ու Ես», սիրոյ, կորստի եւ ժամանակի փորձարարական բեմականացում

ՀԱՏԻՍ

 

Պատմութիւն

Թատերական փորձարարական ներկայացում էր «Անին ու Ես»-ը: Այն իր հանդիսատեսին է պատմում երկու երիտասարդների (իրանահայ) սիրոյ մի պատմութիւն, որը կտրուկ ընդհատւում է հարսանիքից մէկ օր առաջ, երբ երիտասարդը զոհւում է ինքնաթիռի վթարի ժամանակ։ Անին մնում է յիշողութիւնների, սպասման եւ անաւարտ խօսքերի աշխարհում՝ փորձելով վերապրել կորուստը, որն իրական կեանքում անխուսափելի էր։

Ներկայացումը բեմադրւել է «բլեք բոքս» ձեւաչափով՝ փոքր տարածքում, փորձարարական-արհեստանոցային միջավայրում (հիմնականում ներկայացումներին նախապատրաստւող խմբերն իրենց փորձերն ու թատերգութիւնների ընթերցումներն իրականացնում են նման միջավայրերում-ԽՄԲ.)։

Թատերգութեան հեղինակը եւ բեմադրիչն Էրւին Գալստեանն է: Նա ներայացման այս բեմաշրջանը նւիրել էր Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերին, ինչով բեմադրիչն ի ցոյց դրեց նաեւ գործում զգայունութեան էլեմանի եւ առհասարակ յիշողութեան կարեւորութիւնը: 

 

Բեմադրութեան նախապատմութիւնը փակագծերի մէջ

Շուրջ մէկ տարի առաջ Թեհրանում իրականացւող նորարար փորձարարական թատրոնի նախագծերից մէկի՝ «Բաէս»-ի (պատճառը) շրջանակներում, Էրւին Գալստեանը բեմ դուրս եկաւ նոյնանման մի պատմութեամբ:

Գեղարւեստական-հետազօտական «Բաէս» նախագիծը՝ Բեհնամ Շարիֆիի համադրութեամբ ու ձեւաւորումով, հանդիսատեսին ներկայացրեց մահւան շեմին գտնւող առանձին տարբեր կերպարների։ Այս գործը իւրայատուկ էր նրանով, որ իւրաքանչիւր սէանսում ընդամէնը երկու հանդիսատես էր ներկայ, իսկ իւրաքանչիւր դերասան՝ իր ուրոյն պատմութիւնն էր պատմելու:

Դերակատարները մէկ օրւայ ընթացքում բեմ էին դուրս գալիս 13 անգամ՝ 15-20 րոպէանոց բեմական հանդիպումներով:

Նման ձեւաչափը դերասանին հնարաւորութիւն է տալիս բազմիցս վերապրել իր կերպարի կեանքը՝ կարճ, բայց առաւել լարւած:

«Բաէս»-ում Էրւին Գալստեանի նախընտրած թեման դարձեալ նոյն չւերթի պատմութիւնն էր: Կամ, ինչ որ տեղ գուցէ «Անին ու Ես»-ի նախատիպը՝ հիմնական կմախքով:

Բեմական լուծումներ

Բլաք-բաքսային ներկայացումներում որոշ դէպքերում, նոյնիսկ դերասանից աւելի մեծ դերակատարութիւն վստահւած է՝ լուսային լուծումներից ստացւած պատկերներին, լոյսի ու ստւերի խաղերին, եւ համախառն արդիւնքում խորք չունեցող քառակուսիներում դիտողի ենթագիտակցութեան պաստառում գոյացած պերսպեկտիւին:

Այս առումով պէտք է խոստովանել, որ հայկական բեմերն անփորձ են ու ընչազուրկ, յատկապէս, լոյսի օգտագործման աւանդական եղանակների վրայ լճացած մնալու, կամ նոր տեխնիկաներին չտիրապետելու եւ դրանց հնացած ու աննորոգ վիճակին գերի մնալու առումներով:

Փակագծերի մէջ նշենք, որ անհանգստութիւն պատճառող նստարանների ընտրութիւնը զարմանալիօրէն օդից կախւած էր պահում հանդիսատեսին, նրան դարձնելով վթարային իրավիճակի մի մասը: Իհարկէ սա ոչ թէ ռեժիսորի հանճարեղ ընտրութիւնն էր, այլ վերը նշւած լուսաւորման տեխնիկաների օրինակով՝ հնարաւորութիւններից կախւած իրավիճակի արդիւնք:

 

Չխմբագրւած տեքստն ու տեղ չհասնող խօսքը

Օրինաչափութիւն է, նոյնիսկ ամենաբարձր ատեանների գիտական հարթակներում, որ իւրաքանչիւր հանճարեղ միտք, տեքստ կարող է կոչւել միայն այն դէպքում, երբ լեզւականօրէն գրագէտ խմբագրում է անցել:

Առաջին հայեացքից մտածում ես, որ դիալոգները դիտաւորեալ ոչ սահուն են ընտրւած, կիսատ կամ խեղւած, ինչը պիտի արտացոլի կորստի ու ցաւի ներքին ճաքերը։

Սակայն չի կարելի «խօսակցականի» անւան տակ ամէն անգամ բեմ հանել լեզւի աղաւաղւած տարբերակներ: Առարկողները կարող են ասել, որ սա «արւեստ՝ հաղորդակցւելու ամենահեշտ միջոցների ընտրութեամբ» է, եւ նոյն տրամաբանութեամբ պնդել, որ հանդուրժելի է, քանի որ ամէն բան իր գոյնով է ներկայացւում, իրավիճակը, մարդիկ, եւ նրանց հարազատ առոգանութիւնը…

Սա ընդգծւած նկատելի դարձաւ «Անին ու Ես»-ում:

Իսկ հայերէնի դէպքում՝ «գործը հանգիստ է սիրում»… բառերն էլ շունչ ունեն եւ ընդգծւած իմաստով պէտք է արտասանել ու ցոյց տալ… առանց մէկը միւսին խեղդող ձայնի ու խօսքերի, որոնք մէկը միւսի վրայ դուրս եկած նւագարանների օրինակով կարող են գործը վերածել աղաւաղւած երաժշտութեան:

Պարզապէս յիշեցնելը չէր խանգարի, որ Սօս Սարգսեանը, «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մասին պատմել է, որ թէեւ սցենարում բոլոր կերպարները գաւառական մարդիկ էին կամ գիւղացիներ, բայց բոլորն էլ բացարձակ գրական հայերէնով էին խօսում: Իսկ էկրանից ոչ մէկը չկասկածեց, որ կերպարները գիւղացիներ են: Այնպէս, որ լեզուն իր էութեամբ ունի իրավիճակ փոխանցելու կարողութիւն, եւ դրան հասնելու համար հարկաւոր չէ այն իջեցնել ինչ-ինչ մակարդակների…

 

Շարունակելով նոյն երգը

Ի դէպ, թատերգութիւնների առումով համայնքում հետաքրքիր ակտիւութիւն է նկատւում, իհարկէ նոյն այս նոր սերնդի շնորհիւ: Նրանք երբեմն, իրենց ներկայացման թատերգութիւնների հեղինակներն են նաեւ:

Սակայն շատ դէպքերում հայերէնը կաղում է ե՛ւ տեքստային մշակման (չխմբագրւածի), ե՛ւ հայերէնի՝ որպէս լեզւամտածողութիւն (իր շեշտադրումներով ու եղանակներով ու պարսկերէնից վերցւած բառացի թարգմանութիւնների) առումով:

Գնահատելի յատկանիշները թւարկելու փոխարէն

Լռութիւնը դառնում է խօսքի շարունակութիւն, իսկ փոքր շարժումները եւ մանր ժեստերը՝ յիշողութեան մարմնաւորում։ Ժամանակի սահմանափակումը ստեղծում է գերլարւած զգացողութիւն՝ թոյլ տալով դերասաններին ու հանդիսատեսին վերապրել ամէն մի պահի լարւածութիւնը, ինչպէս նաեւ ներկայացման աւարտական՝ անկատար հատումը, ինչը քեզ վերադարձնում է պատմութեան սկիզբը…

Ներկայացումը կրում է արդիական բնոյթ՝ ունենալով ինտերակտիւ (հանդիսատեսի մասնակցութեամբ դիալոգ) հատւածներ։ Հանդիսատեսն անմիջականօրէն մասնակցում է ներկայացման դինամիկային՝ հաղորդակցւելով դերասանի հետ, պատասխանելով նրա հարցադրումներին եւ փոխազդելով իր եւ կերպարի զգացումների վրայ։ Սա ուժեղացնում է յուզական ներգործութիւնը եւ ստեղծում բացառիկ շփում, որը հազւադէպ է հանդիպում աւանդական բեմադրութիւններում։

 

Մինիմալիզմը «թող շատ ըլնի՝ քիչ չըլնի»-ի դիմաց

«Անին ու Ես»-ը յիշեցնում է մինիմալիստական թատրոնների գեղագիտութիւնը, որտեղ ձեւը չի խոնարհւում բովանդակութեան առաջ։ Սակաւագոյն դեկորները, թեթեւ լուսաւորութիւնը եւ դերասանների ստւերային խաղը ստեղծում են մթնոլորտ, որտեղ ամէն մի հայեացք, շունչ եւ լռութիւն անցեալից եկած պատմութեան իր գիծն է ցոյց տալիս։

Էրւին Գալստեանի եւ Բիայնա Մահմուդեանի կատարածը փորձ էր ցոյց տալու, թէ ինչպէս ժամանակակից անկախ թատրոնը կարող է նոր լեզու գտնել՝ ինտիմութիւն, անկեղծութիւն եւ կենդանի շփում զարգացնելու հանդիսատեսի հետ։

 «Անին ու Ես»-ը խօսում է սիրոյ, մահւան եւ յիշողութեան մասին՝ պարզութեամբ, բայց «խենթ» եւ ուժեղ ազդեցութեամբ։

Related Articles

Back to top button