Արամ Ա-ն շնորհաւորել է Ժոզէֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրւելու առթիւ
«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը շնորհաւորել է Ժոզէֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրւելու առթիւ։ Այս մասին հաղորդագրութիւն է տարածել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամուլի ծառայութիւնը։ Հաղորդել է news.am-ը:
Նշւում է, որ Վեհափառ Հայրապետը շնորհաւորական նամակ է յղել Ժոզէֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտօնում նրա ընտրւելը եւ ընդգծելով, որ այդ ընտրութեամբ նոր էջ է բացւում Լիբանանի ժամանակակից պատմութեան մէջ։
Արամ Ա-ն յոյս է յայտնել, որ վերջին տարիներին Լիբանանի դիմագրաւած տագնապներից յետոյ նախագահ Աունի ընտրութեամբ վերականգնման եւ վերածաղկման նոր գործընթաց պէտք է սկսւի։
Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը նախագահին վստահեցրել է, որ Հայ Առաքելական համայնքը կը լինի նրա կողքին՝ զօրակից ու մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին։ Արամ Ա-ն նաեւ յայտնել է, որ մօտ ապագայում այցելելու է նախագահական պալատ՝ անձնապէս փոխանցելու իր շնորհաւորանքները։