ՀարցազրոյցՍփիւռք

«Յովհաննէս Խան Մասեհեան դիւանագէտը»

Գիրք, որն արտայայտում է մեծ սփիւռքահայի, ազգային եւ պետական գործչի նւիրումը

Հարցազրոյց՝ ճապոնագէտ, միջազգայնագէտ «Յովհաննէս Խան Մասեհեան դիւագնագէտը» գրքի հեղինակ Աննա Վարդանեանի հետ:

Աննա Վարդանեանն աւարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), այնուհետեւ ուսումը շարունակել ֆինանսներ մասնագիտութեամբ՝ Ճապոնիայի Աոմորի համալսարանում։ Տնտեսագիտութեան թեկնածու է: Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութիւն բաժնի մագիստրոս է: ՀՊՏՀ դասախօս։

Հրաւիրւել է դասախօսելու Տոկիոյի համալսարանում, Վասեդա համալսարանում։ «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միութեան հիմնադիր նախագահ։ Բազմաթիւ գիտական յօդւածների, հրապարակումների, գրքերի «Հայ-ճապոնական էսքիզներ», «Տոկէի Մարու. ճապոնական նաւի յետագծով 100 տարի անց», «Յովհաննէս Խան Մասեհեան. Դիւանագէտը», «Տոկէի Մարու. ճապոնական նաւի յետագծով 101 տարի անց», «Մարգարտի հետքերով Հայաստանից Ճապոնիա») հեղինակ։

Ուսումնասիրութիւնների ոլորտը՝ հայ-ճապոնական առնչութիւններ, Ճապոնիայի տնտեսութիւն, Արեւելեան ֆինանսական համակարգեր։ Ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր, ակադեմիկոս Արամ Վարդանեանի դուստրն է:

– Ինչո՞ւ հէնց Յովհաննէս Խան Մասեհեանը: Ինչպէս առաջացաւ այդ աշխատութիւնը գրելու եւ տպագրելու գաղափարը:

– Ես ճապոնագէտ եմ, զբաղւում եմ ճապոնագիտութեամբ, զբաղւում եմ հայ-ճապոնական կապերի վերծանմամբ, հետազօտող եմ: Զանգ ստացայ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պարոն Արեգ Յովհաննիսեանից, ով ներկայումս Հայաստանի դեսպանն է Ճապոնիայում: Նա այցելել էր Ճապոնիայում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւն եւ վերջում իրեն ցոյց են տւել բոլոր այն դեսպանների նկարները, ովքեր Իրանն են ներկայացրել Ճապոնիայում: Մեր դեսպան պարոն Յովհաննիսեանը, նկատել էր հէնց առաջին նկարի ներքեւում գրւած Յովհաննէս Խան Մասեհեանի անունը, եւ վստահութիւն է յայտնել ասելով, որ նա հայ է: Բայց դրական պատասխան չի ստացել Իրանի դեսպանից, որ գուցէ շփոթմունք կայ եւ դժւար թէ հայ լինէր հէնց առաջին դեսպանը: Նկատի ունենալով մահմեդական երկրի ներկայացուցիչ լինելը եւ հայկական ինքնութիւնը: Արեգ Յովհաննիսեանը ինձ պատմեց այդ մասին եւ ուղարկեց այն նկարը, որը դեսպանութեան պատին էր տեսել: Փոխանցեց եւ ասաց, անպայման զբաղւիր այս հարցով եւ այդպէս սկսեց իմ հետաքրքրութիւնը Խան Մասեհեանի նկատմամբ:

Անկեղծ ասած ես Մասեհեանին գիտէի միայն որպէս Շեքսպիրի թարգմանիչ եւ ոչ աւելին: Քանի, որ բանասիրական կրթութիւն չունեմ աւելի մանրամասներ չգիտէի: Այդուհանդերձ հետազօտութիւնները ցոյց տւեցին, Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս գրադարաններում, ընդամէնը մէկ երկու տողով ուղղակի նշւում էր, որ Մասեհեանը եղել է Պարսկաստանի ներկայացուցիչը Ճապոնիայում:

Ես խնդրեցի մեր միութեան պատւաւոր նախագահին, ով արեւելագէտ է՝ պարոն Արսէն Առաքելեանին, փորձել ինչ-որ կերպ կապ հաստատել Ճապոնիայում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան հետ եւ խնդրել որոշ նիւթեր Խան Մասեհեանի գործունէութեան հետ կապւած եւ որքան հնարաւոր է հանրայինացնել այն: Իրենք սիրայօժար որոշ տեղեկութիւններ տրամադրեցին:

Ես համացանցում գտայ նաեւ Մասեհեան ընտանիքին պատկանող էլեկտրոնային փոստի հասցէ եւ իրենց էլ նամակ գրեցի, որ այդպիսի նեղ հետազօտութիւն ենք կատարում: Իրենք նոյնպէս աջակցեցին տրամադրելով լուսանկարներ ընտանեկան արխիւից, մասնաւորապէս Պարսկաստանի մեջլիսում Մասեհեանի ներկայութեան հետ կապւած եւ այլ նկարներ:

Որքան, որ կարողացանք ամփոփել իր գործունէութիւնը Ճապոնիայում հասկացանք, որ ինչու մենք այդքան քիչ տեղեկութիւններ ունենք Մասեհեանի հետ կապւած: Մասեհեանը հասցրել է մօտ երկու տարի իր դիւանագիտական գործունէութիւնը անցկացնել Ճապոնիայում, քանի որ յետոյ առողջութեան հետ կապւած խնդիրներ է ունեցել, որի մասին նա պատմում է իր նամակագրութեան մէջ Վավա Խաչատուրեանի հետ: Գրքում բաւական մանրամասն ներկայացւում է ընդհանուր առմամբ Մասեհեանի գործունէութիւնը, եւ թէ ում խորհրդով է սկսել Շէյքսպիրի թարգմանութիւնը, ինչպիսի կարծիքներ ունի այդ ուղղութեամբ:

Վավա Խաչատուրեանի եւ Սարգիս Խաչատուրեանի հետ Յովհաննէս Խան Մասեհեանը, Ճապոնիայից ունեցել է նամակագրութիւններ, որտեղ մանրամասն պատմում է իր Ճապոնական առօրեայի մասին եւ, նաեւ, բաւականին մանրամասն պատմում է իր առողջական վիճակից, եւ խօսում է, որ երկար ժամանակ բուժւել է տարբեր հաստատութիւններում, եւ ի վերջոյ նամակներից իմանում ենք, որ պէտք է դիմի Պարսից շահին իրեն յետ վերադարձնելու համար եւ ճամբայ է ընկնում դէպի Պարսկաստան։

Գրքում ես ենթադրել եմ, թէ ինչու մենք այդքան քիչ տեղեկութիւն ունենք նրա հետ կապւած, որովհետեւ Պարսկաստան վերադարձի ճանապարհին, Հարբինում Մասեհեանը կնքում է իր մահկանացուն, եւ սխալմամբ իրեն յուղարկաւորում են իսլամական ծէսով, քանի որ գտնում են նրա փաստաթղթերը, որ Պարսկաստանի դեսպան-ներկայացուցիչն է Ճապոնիայում եւ մտածում են մահմեդական է, քանի որ միայնակ է լինում, իրեն իսլամական ծէսով են յուղարկաւորում, որն էլ հետագայում պարզ է դառնում: Աւելի ուշ Հարբինի հայոց ազգային վարչութիւնը պահանջում է Մասեհեանի դագաղը, որի մասին նաեւ նշում եմ գրքում: Մեր սիրելի Մասեհեանը մի քանի անգամ է վերայուղարկաւորւում մինչեւ հասնում է Պարսկաստան, այնուհետեւ նոյն թւականի դեկտեմբերին իրանահայ համայնքում ստեղծւում է համապատասխան յանձնաժողով Մասեհեանի յուղարկաւորութիւնը կազմակերպելու համար: Պարսից կառավարութեան որոշմամբ եւ յիշեալ յանձնաժողովի աջակցութեամբ Մասեհեանի աճիւնը Հարբինից տեղափոխւում է Թեհրան եւ յուղարկաւորութիւնը տեղի է ունենում 1932 թւականին: 31 տարի անց, 1963 թւականի սեպտեմբերի 3-ին նրա աճիւնը կրկին վերայուղարկաւորւում է, եւ տեղափոխւում է Պարսկաստան:

Պա՞րզ են արդեօք ազգային, հայանպաստ այլ գործունէութիւններ Խան Մասեհեանի մասին: Կը պատմէ՞ք արդեօք նա ինչպէս է նպաստել այդ օրերին հայ ժողովրդի եւ Հայկական Դատի պաշտպանութեանը:

– Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար: Որեւէ տեղեկութիւն, որ նա Ճապոնիայում նպաստել է հայ ժողովրդին չկան, դրա համար չեմ կարող ասել այո կամ ոչ: Բայց ես հետաքրքիր դրւագներ եմ ներկայացրել գրքում, թէ ինչպէս Խան Մասեհեանը նպաստել է Հայկական հարցին առնչւող մեր երկու պատւիրակութիւններին: Յովհաննէս Խան Մասեհեանը այն տարիներին երբ ապրել եւ ստեղծագործել է Պարսկաստանում նաեւ համագործակցել է Պօղոս Նուբարի եւ Աւետիս Ահարոնեանի պատւիրակութիւնների հետ, եւ իր դիւանագիտական հմտութիւնները օգտագործել է Հայկական հարցի հետապնդման գործին: Նա վայելում էր Պօղոս Նուբարի եւ Աւետիս Ահարոնեանի վստահութիւնը եւ իր անաչառ մօտեցմամբ կարողացաւ մեղմել կողմերի հակասութիւններն ի շահ հայութեան, որպէս իրական հայի, որը ջանք ու եռանդ չէր խնայել յանուն իր ժողովրդի որոշ պատմական պահերին:

Տիկին Վարդանեանանդրադառնալով աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ դիւանագէտներին, մասնաւորապէս Յովհաննս Խան Մասեհեանի եւ Դիանա Աբգարին հնարաւոր է նաեւ զուգահեռներ անցկացնել նրանց միջեւ: Աբգարը եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետութեան պատւաւոր դեսպանը՝ դառնալով արդի պատմութեան եթէ ոչ առաջին կին դիւանագէտը, ապա գոնէ առաջիններից մէկըԱրդեօք Ձեզ պարզ է, թէ Յովհաննէս Խան Մասեհեանը կապեր ունեցե՞լ է Դիանա Աբգարի հետ, որովհետեւ Աբգարն էլ որպէս առաջին կին դեսպան ազգութեամբ հայ է եւ նրա արմատներն էլ կապւած են Իրանին:

– Շնորհակալ եմ Ձեր հարցի համար: Ես ինքս Դիանա Աբգարի մասին գրել եմ գիտական յօդւած, քանի որ տիրապետում եմ ժամանակացոյցերին: Իր Ճապոնիայում գործունէութիւնը իմ մէջ եւս հարց առաջացրեց, թէ արդեօք նրանք ծանօթ են եղել, երբեւէ հատւել են նրանց ճանապարհները: Ցաւօք սրտի, ես այդ մասին տեղեկութիւն չգտայ, եւ կարելի է ենթադրել ինչու, որովհետեւ Խան Մասեհեանի տարիների ժամանակագրութիւնը մեր տպաւորութեամբ նոյնն է: Բայց Խան Մասեհեանը 1930 թւականի յունիսի 28-ին է ժամանել Ճապոնիա, որպէս այդ երկրում Պարսից առաջին դեսպանորդ եւ լիազօր նախարար, այսինքն 1932 թւականից ինքն բաւական պասիւ է եղել եւ կարծում եմ նրանց ուղիները չեն խաչւել: Դիանա Աբգարի աշխատութիւններում փնտրել ենք այս կապը եւ ընդհանրապէս չեմ գտել, ոչ մի տեղեկութիւն:

Ձեր կարծիքով այսօրւայ դրութեամբ ինչպիսի քայլերով է հնարաւոր վեր հանել Խան Մասեհեանի կերպարի կարեւորութիւնը հանրութեան շրջանակներում՝ աւելի լայն մասսաներին նրա մասին իրազեկելու համար:

– Շնորհակալ եմ հարցի համար: Առաջինը ես կարողացել եմ հետազօտել եւ փորձել եմ որքան հնարաւոր է տեղեկութիւն հայթայթել, ամէն փոքրիկ տեղեկութիւնը համարելով մասունք ինչի համար շնորհակալ եմ դիւանագէտ ընկերներիս, իմ թիմին: Այս գրքի շնորհանդէսը կատարել ենք անցեալ ամառ, երբ ես այցելեցի Ճապոնիա եւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնում, դեսպանի եւ հայ համայնքի ներկայութեամբ նաեւ այս գրքի շնորհանդէսը կատարեցինք եւ ներկաներին նւիրեցինք: Գիրքը տպագրել եմ նաեւ անգլերէնով, որպէսզի ցանկացած մարդ տեղեկութիւն ստանայ եւ աշխարհում, որ գրադարան, որ այցելում եմ պարտադիր այս գիրքը նւիրաբերում եմ գրադարաններին: Մեծ ալիք ունեցաւ նաեւ Ճապոնիայում այս գրքի շնորհանդէսը: Դրանք մեր ջանքերն են եղել հնարաւորինս հանրամատչելի դարձնել գիրքը եւ աւելի լայն հանրութիւններին հասանելի դարձնելու ուղղութեամբ: Ուրախ կը լինեմ նաեւ ապագայում գտնւեն հետազօտողներ, ովքեր քայլ առաջ կը կատարեն օգտւելով իմ գրքից եւ հէնց այդպէս է զարգանում գիտութիւնը, որ կը գան անպայման հետազօտողներ որոնք աւելի շատ բան կը կարողանան ուսումնասիրել եւ ներկայացնել:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button