Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սպիտակ տանը Բաքւի եւ Երեւանի միջեւ նախաստորագրւած երկու՝ 7 եւ 17 յօդւածանոց համաձայնագրի իրաւական գնահատականը

(Արդեօ՞ք Թրամփի ճանապարհով փարատւել են կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ռիսկերը)

«ԱԼԻՔ» – 2025 թւականի օգոստոսի 8-ին Թրամփը հիւրընկալեց Ալիեւին ու Փաշինեանին, որի ընթացքում երեք երկրների ղեկավարների միջեւ ստորագրւեց 7 կէտից կազմւած յայտարարութիւն, ինչպէս նաեւ 17 յօդւածանոց համաձայնագիր Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ։

Այս հարցը վերլուծաբանների կողմից Բաքու-Երեւան յարաբերութիւնների ապագայի- ինչպէս նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի կեղծ ձեւակերպման շուրջ քննարկումների ալիք է բարձրացրել: Որոշ լրատւամիջոցներ փորձել են հարցին անդրադառնալ քաղաքական շահարկումների ենթատեքստով, ինչի արդիւնքում ստացւել է խնդրի ամբողջովին սպիտակ կամ հակառակ պատկերը։

Իսկ իրանական կողմի համար (ինչպէս Հայաստանի) խնդիրն ունի աշխարհաքաղաքական վտանգներ, որի ենթատեքստում, յատկապէս, քննարկւում է Իրանը գէօպոլետիկ խեղդւածութեան մատնելու խնդիրը նաեւ: Այս կապակցութեամբ միջազգային իրաւագէտ եւ համալսարանի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական էջում «Արդեօ՞ք Թրամփի ուղիով փարատւել են կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ռիսկերը» խորագրով յօդւածում մանրամասնօրէն անդրադարձել է խնդրի իրաւական կողմին, եւ նշել, որ կողմերի նախաստորագրած համաձայնագիրը թէեւ կրում է խորհրդանշական բնոյթ եւ առայժմս չի կրում պարտադրական բնոյթ, այնուամենայնիւ այն ուրւագծում է մի պատկեր, որում առաջացող վակումային վիճակը, արտատարածաշրջանի ոտքը Կովկաս բացած Բաքւի համար, առիթ է ստեղծելու Հայաստանի ինքնիշխան տարածքից անցնող ճանապարհի անվտանգութիւնը պատրւակ դարձնել եւ ծառայեցնել իր նպատակներին:

Դոկտ. Քազեմին յիշեցնելով «Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման ուղու» (TRIPP) վերաբերեալ յայտարարութեան 4-րդ յօդւածը, որտեղ նշւած է «Հայաստանի Հանրապետութիւնը կը համագործակցի ԱՄՆ-ի եւ «փոխադարձ համաձայնեցւած երրորդ կողմերի» հետ իր տարածքում՝ այս ծրագրի շրջանակը որոշելու համար», ընդգծւած անդրադարձել է յօդւածի ենթատեքստում թաքնւած եւ Իրանի ու Հայաստանի ինքնիշխանութեան համար վտանգ ներկայացնող կէտերին եւ նշել.

 «Այն շրջանակները, որոնք ընդգծում են Ջուլֆայից Իրանի համար այս երթուղու (երկաթուղային) բացման առաւելութիւնները, չեն յիշատակում այն ​​փաստը, որ Բաքուն ու Անկարան փորձում են Իրանի երկաթուղային կապը Թուրքիայի հետ կապել Նախիջեւանի երթուղով՝ Բաքւի կամքից։ Երկաթուղային գծերի բնականոն բացումը ողջունելուց եւ Արաքսի ճանապարհային ու երկաթուղային միջանցքի կարեւորութիւնը շեշտելուց բացի, Իրանի երկաթուղային եւ ճանապարհային գծերը Հայաստանին, Թուրքիային եւ Նախիջեւանին (որպէս ինքնավար մարզ-ԽՄԲ.) կապելու լաւագոյն ուղին Մարանդից Չեշմէ-Սորայա երկաթուղու կառուցումն է (այնտեղից՝ Կարս՝ (Թուրքիա), Արարատ (Հայաստան) եւ Սադարակ (Նախիջեւան), եւ բնականաբար «Ղարասու միջանցք»-ի ստեղծումը՝ Թաւրիզ-Բազարգան մայրուղու համատեքստում՝ «Հիւսիս-հարաւ միջանցք»-ի շրջանակներում: Սա կը կրճատի Իրանի սահմանային կէտից՝ Երեւան հեռաւորութիւնը, որով Նորադուզի 400 կիլոմետրանոց հեռաւորութիւնը կը դառնայ 50 կմ՝ Ղարասուից՝ Երեւան երթուղու շնորհիւ։

Եթէ ​​Փաշինեանի կառավարութիւնը, Բաքւի նկրտումները զսպելու համար, փորձած լինէր ներգրաււել Ռուսաստանից բացի մէկ այլ երրորդ երկրի, ապա այդ երրորդ երկիրը կարող էր լինել Իրանը, Կովկասի հետ ամենաերկար եւ եզակի սահմաններ ունեցող երկիր, որի երթուղու մոնիթորինգի եւ վերահսկման դերը, յատկապէս անգլոսաքսոնական կարգի ուղեծրում դաւադիր քայլերը վերացնելու կարողութեամբ: Այս առումով բաւական կը լինի Կովկասում Իրանի երեք տասնամեակ կայունացմանն ուղղած սկզբունքային դիրքորոշումները գնահատելը:

Նոյնիսկ եթէ Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ ապագայ փաստաթուղթը շեշտում է Հայաստանի կառավարութեան իրաւասութիւնն ու ինքնիշխանութիւնը նախատեսւած երթուղու իրաւական մեխանիզմում, բազմաթիւ պատճառներով, այդ թւում՝ ԱՄՆ-ի կողմից իրաւական խոստումների խախտման բազմաթիւ դէպքերը, ինչպէս նաեւ ամերիկեան ընկերութիւնների շահախնդիր եւ բացասական գործունէութեան փորձը, յատկապէս, Հայաստանի դէպքում՝ որպէս փոքր երկրի, նրան անկարող կը դարձնի դիմակայելու Սպիտակ տան թելադրանքներին: Այնպէս, որ չկայ որեւէ երաշխիք, որ Իրանի մուտքը Հայաստան չի վտանգւի, եւ, որ այս գործընթացը չի հանգեցնի աշխարհաքաղաքական փոփոխութիւնների։ Հետեւաբար, Թեհրանը դէմ է Թրամփի ուղուն, եւ սպասելիք կայ, որ Երեւանը կը վերանայի այս մօտեցումը Փեզեշքիանի Հայաստան կատարած այցի արդիւնքում:

Բաքուն շարունակում է յոյս ունենալ՝ որպէս «երրորդ կողմ», մասնակցելու այս նախագծին: Այն բանից յետոյ, երբ Փաշինեանին յաջողւեց նւազեցնել Բաքւի ներկայութեան հետ կապւած զգայնութիւնը, Բաքուն կը յայտնւի նաեւ այդ դերում, յատկապէս, որ այն էներգետիկ մեծ զիջումների է գնացել Վաշինգտոնի դիմաց SOCAR եւ ExxonMobil-ի միջեւ պայմանագրի ստորագրման տեսքով, եւ այժմ դրա պտուղներն ստանալու հերթը հասած կը լինի նրա համար։

Ռուսաստանը խիստ թուլացել է տարածաշրջանում՝ 2020 թւականից յետոյ Կովկասում կրկնած սխալների պատճառով։ Չնայած օգոստոսի 14-ին Ալեասկայում Թրամփ-Պուտին հանդիպման պայմանաւորւածութիւններն ու արդիւնքները լրատւամիջոցներին պարզ չէ եւ չի լուսաբանւել, սակայն անհաւանական չէ, որ Կրեմլը Կովկասում իր թուլացած դերը փոխանակի Միացեալ Նահանգների հետ՝ «խաղաղութիւն՝ արեւելեան Ուկրաինայի հողերի զիջման դիմաց» գաղափարի տեսքով։ Մօտեցում, որը լինելու է Կրեմլի ճակատագրական սխալը Կովկասում։ Քանի որ Սպիտակ տունը յոյս ունի, որ Թրամփի երթուղու ծրագրի շրջանակներում, ՆԱՏՕ-ն Կասպից ծովի երկու կողմերում ընդլայնւելով, եւ «Միջին միջանցք»-ի երթուղու եկամուտներից օգտւելով,  Չինաստանի երթուղիների նկատմամբ աւելի մեծ վերահսկողութիւն կը սահմանի, միաժամանակ Կասպից ծովի էներգետիկ պաշարները Եւրոպա փոխանցելու եկամուտներից բաժին կստանայ: Այդպէս նա պիտի կարողանայ այս երթուղու միջոցով տիրանալ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներին ու հազւագիւտ մետաղահանքերին, ինչպէս նաեւ Հայաստանի հարաւում գտնւող հանքանիւթերին, մասնաւորապէս՝ Քաջարանի մոլիբդենը։ Այս տեսանկիւնից, անգլոսաքսոնական առանցքի եւ Իրանում նրանց ծառայող լաբբինգի առաջադրանքների կենտրոնում ՝ Թեհրանի վրայ ճնշում գործադրելը կը կլինի, որպէսզի Խորհրդարանը վաւերացնի Կասպից ծովի իրաւական ռեժիմի մասին կոնւենցիան: Քանի որ առանց դրա հնարաւոր չէ Կասպիականի յատակից խողովակաշար անցկացնել, կամ որեւէ յաւակնոտ նախագիծ իրականացնել, ինչպիսին Արեւելք-Արեւմուտք ընդյատակեայ ռելսային թունելի յաւակնոտ նախագիծն է։

Ադրբեջանի Հանրապետութիւնը՝ թուրքական, իսրայէլական եւ լոնդոնեան առանցքի օգնութեամբ, վերջին հինգ տարիների ընթացքում օգտագործել է սպառնալիքների բոլոր միջոցները եւ անց է կացրել աւելի քան հիսուն զօրավարժութիւն, իր նկրտումներին համահունչ եւ ԶԼՄ-ների օգնութեամբ փորձում է նորմալացնել «Զանգեզուրի միջանցք»-ի պատրանքը, բացի այդ «Արեւմտեան Ադրբեջան» անւանելով ամբողջ Հայաստանը, նախքան արտատարածքային միջանցքի զիջումն ստանալը չէր պատրաստւում ստորագրել համաձայնագիրը, նոյնիսկ արտաքին գործերի նախարարների մակարդակով, որում շեշտւած է կողմերի տարածքային ամբողջականութեան ճանաչման վերաբերեալ կէտը: Քանի որ դա կը նշանակէր հրաժարւել արտատարածքային միջանցքից:

Սակայն, 17 յօդւածից կազմւած համաձայնագրի 1-ին եւ 2-րդ յօդւածներում երկու երկրների արտաքին գործերի նախարարները հաստատեցին, որ խորհրդային սոցիալիստական ​​հանրապետութիւնների միջեւ սահմանները ճանաչւում են որպէս անկախ երկրների միջազգային սահմաններ եւ ընդգծեցին, որ կողմերը ճանաչում եւ յարգում են միմեանց ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը՝ զերծ մնալով ցանկացած տարածքային պահանջներից, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։

Այս առումով կարելի է նշել հետեւեալը.

Չնայած ոչ պարտաւորեցնող եռակողմ յայտարարութեան մէջ 1991 թւականի Ալմաթիի հռչակագրին կատարւած յղմանը, Բաքւի ընդդիմանալու պատճառով, Ալմաթիի հռչակագրի մասին չի յիշատակւել պարտաւորեցնող 17 կէտանոց համաձայնագրում:

Ալմաթիի հռչակագիրը անկիւնաքարն էր նախկին Խորհրդային Միութեան սահմանները որոշելու համար: Այն հիմնւած է խորհրդային ժամանակաշրջանում համաձայնեցւած վերջին քարտէզների վրայ, ինչը Բաքւին դուր չի գալիս: Այս հարցը, զուգորդւած այն փաստի հետ, որ սահմանազատման գործընթացը կախւած է 17 կէտանոց համաձայնագրի 6-րդ յօդւածի հիման վրայ նոր համաձայնագիր ստորագրելու եւ սահմանային յանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտութիւնից, ինչպէս նաեւ անկլաւներում իրավիճակի անորոշութիւնը, Բաքւին առիթ են տալիս, որ շարունակի օգտագործել այս հարցը որպէս Երեւանի վրայ ճնշման գործիք, կամ հանգամանքները փոխւելու դէպքում, այն կարող է շարունակել նոր պահանջներ ներկայացնել Բաքւի համար առաւել բարենպաստ հարթակում:

Related Articles

Back to top button